Կարծիք

24.05.2014 12:54


Նինա Մարգարյան.

Նինա Մարգարյան.

Տարիներ շարունակ քաղաքագիտության մեջ քաղաքական ռեալիզմի և քաղաքական իդեալիզմի միջև գաղափարական պայքար է ընթանում: Ընդ որում, այդ գաղափարական պայքարն ընթանում է ինչպես մակրո՝ պետությունների միջև հարաբերությունների, այնպես էլ միկրո՝ կուսակցությունների և քաղաքական գործիչների միջև հարաբերությունների մակարդակում:
Ես ինձ համարում եմ ռեալիզմի տեսության գաղափարակից, քանի որ պատմության մեջ այդ տեսության օրինակները շատ ավելի համոզիչ են, քան իդեալիզմի կոնցեպտում տեղավորվող օրինակները (որոնք, ի դեպ, խոր ուսումնասիրության արդյունքում ավելի շատ տեղավորվում են հենց ռեալիզմի, քան իդեալիզմի կոնցեպտի մեջ):
Եթե մի քանի բառով, հնարավորինս պարզունակ կերպով բացատրենք ռեալիզմի էությունը, ապա կսահմանենք՝ ուժն է ծնում իրավունք (ի դեպ, ուժ ասելով ի նկատի չունենք միայն ֆիզիկական ուժը, այլ տարբեր ռեսուրսները`ֆինանսական, մարդկային և այլն): Եվ այդ սկզբունքը փայլուն գործում է նաև մարդկային հարաբերություններում:
Երեկվա «Հատման կետ» հաղորդման մեջ տեղի ունեցած քննարկումները և հարցերի ձևակերպումները, կապված նոր Կառավարության ծրագրի և գործունեության հետ, դրա հերթական վառ ապացույցն էին:

Հաղորդման նախաբանից սկսած՝ հաղորդավարների բոլոր հարցերի ձևակերպումներն ուղղված էին՝ ապացուցելու, որ նոր Կառավարությունը, ի դեմս Հովիկ Աբրահամյանի, էականորեն ոչնչով չի տարբերվում նախորդից, և գործող Կառավարությունն իրականացնելու է նույն կուրսը, որն իրականացվել է նախորդ Կառավարության կողմից, և որ Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանից լավը չէ: Նշեմ, որ ինձ հետաքրքրում էին ոչ թե հնչեցրած հարցերի պատասխանները կամ չպատասխանները, այլ հաղորդավարների կողմից հարցերի ձևակերպումները և հաղորդման հյուրերի պատասխանների մեկնաբանությունները, որոնք դե ֆակտո ներկայացնում էին Հովիկ Աբրահամյանի քննադատությունը: Եվ եթե դրանից առաջ Հովիկ Աբրահամյանի դեմ ակտիվորեն աշխատում էին Բաղրամյան 26-ի կողմից վերահսկվող էլեկտրոնային պարբերականները և թերթերը, ապա երեկ այդ աշխատանքը տեղափոխվեց արդեն հեռուստատեսային տիրույթ. տեղի է ունեցել մասշտաբների էական փոփոխություն:
Այս ամենը պետք է որ հուշի Հովիկ Աբրահամյանին, որ այն դիրքը, որը նա զբաղեցրել է այսօր, երբ իր քայլերով դե ֆակտո փորձում է վստահելիություն ձեռք բերել Սերժ Սարգսյանի աչքերում, ոչ միայն չի գնահատվում Սերժ Սարգսյանի կողմից (և չի էլ կարող գնահատվել, քանի որ այս 6 տարիները ցույց են տվել, որ Սերժ Սարգսյանը պատկանում է այն գործիչների շարքին, ովքեր իրենց կողքին չեն հանդուրժում իրենցից ավելի դրական կերպարի, ինչը, անշուշտ, պայմանավորված է Սարգսյանի՝ որպես քաղաքական գործիչ չկայանալու խնդրի հետ) և չի ամրապնդում Աբրահամյանի դիրքերը, այլ հակառակը. մի կողմից, ռեալիզմի կոնցեպտից ելնելով, իր դեմ է լարում Սերժ Սարգսյանին (քանի որ տվյալ դեպքում Հովիկը, փորձելով ապացուցել իր նվիրվածությունը Սերժին, ավտոմատ կերպով զբաղեցնում է թույլի դիրքը, իսկ թույլերի հետ հաշվի չեն նստում, այլ միայն օգտագործում են), մյուս կողմից՝ իր դեմ է լարում հասարակությանը, որը որոշակի փոփոխությունների էր սպասում Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, իսկ այսօր տեսնում է, որ Աբրահամյանը դե ֆակտո շարունակելու է Տիգրանի կուրսը, ինչը ժողովրդի մոտ ֆրուստրացիա է առաջացնում և նպաստում իշխանության և ժողովրդի միջև կոնֆլիկտի խորացմանը: Եվ եթե Տիգրան Սարգսյանը հիմնվում էր Սերժ Սարգսյանի կողմից ցուցաբերվող աջակցության վրա, ապա Հովիկ Աբրահամյանը մնում է առանց հենարանի` չունենալով ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ ժողովրդի աջակցությունը:
Տվյալ պարագայում Աբրահամյանի համար, իմ կարծիքով, ավելի ձեռնտու կլիներ իր ուշադրությունը կենտրոնացնել ոչ իշխանական ուժերի հետ համագործակցության վրա (նամանավանդ հաշվի առնելով այն, որ այսօր Հայաստանում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ նույնիսկ այն պարագայում, եթե Աբրահամյանին հաջողվի ձեռք բերել Սերժ Սարգսյանի վստահությունը, դա ոչ մի կերպ չի երաշխավորի նրա լուսավոր ապագան, քանի որ Սերժ Սարգսյանն ինքն է մնացել մենակ՝ ընդդեմ մի ամբողջ երկրի, և տվյալ պարագայում դժվար թե նա կարող է ամուր հենարան հանդիսանալ): Այլ դեպքում նա ստիպված կլինի հավասարապես կիսել Սերժ Սարգսյանի հետ պատասխանատվությունը երկրում ստեղծված իրավիճակի համար, ինչը, կարծում եմ, բնավ չի բխում Աբրահամյանի շահերից, քանի որ պատասխանատվության բեռը շատ ծանր է լինելու:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը