Մեկնաբանություն

27.05.2014 12:54


Ուկրաինացիներն ընդդեմ Սերժ Սարգսյանի ու «արևմտամետների»

Ուկրաինացիներն ընդդեմ Սերժ Սարգսյանի ու «արևմտամետների»

Երբ Սերժ Սարգսյանը եվրագերազանցիկ էր խաղում, նրա հաճախորդների մի մասը, որը նաև արևմտամետ էր ներկայանում, արդարացնում էր իր սերժամետ պահվածքը «գաղափարական» դիրքերից։

«Այո՛, Սերժ Սարգսյանն ընտրակեղծարար է և ձախողել է տնտեսական քաղաքականությունն ու տապալվել «ֆուտբոլային» դիվանագիտության մեջ, բայց «զատո» նա մեզ տանում է դեպի լուսապայծառ Արևմուտք, իսկ այն խոսակցությունները, թե ԵՄ–ի հետ այդ տարբերակով ասոցացվելով՝ մենք հարված ենք հասցնելու Ղարաբաղի անվտանգության համակարգին, սխալ են, քանզի Արևմուտքը կպաշտպանի մեզ ՆԱՏՕ–ի զորքերով ու դեռ մի բան էլ ծովից ծով Հայաստան կստեղծի։ Համ էլ վերջապես ռուսներին կքշենք այստեղից։ Այնպես որ, Սերժ Սարգսյանը, ի տարբերություն նրա ընդդիմախոսների, շատ առաջադեմ է և նախաձեռնող, ուստի եկեք աչք փակենք տոկոս «խփոցիի» վրա, քանի որ լավ նպատակներին կարելի է նաև վատ մեթոդներով հասնել»,– հայտարարում էին 5–րդ շարասյան ֆունկցիա կատարող «արևմտամետները» մինչև նախորդ տարվա սեպտեմբերի 3–ը։

Ուկրաինայում տեղի ունեցածը, սակայն, ամբողջությամբ բացահայտեց Սերժ Սարգսյանի ու նրա «արևմտամետ» հաճախորդների որդեգրած քաղաքականության սնանկությունը։

Արևմուտքի համար հսկայական Ուկրաինան ռազմավարական նշանակություն ունի դեպի Արևելք ընդլայնվելու հարցում, սակայն ՆԱՏՕ–ի զորքերը մատը մատին չտվեցին Ղրիմի պահով և չէին էլ կարող որևէ բան անել։ Հո ՌԴ–ի հետ երրորդ համաշխարհային պատերազմ չէի՞ն սկսելու, ինչ է թե Ուկրաինան «կուտը» կերել էր ու համաձայնել մանրադրամ դառնալ Արևմուտք–ՌԴ հարաբերություններում այնպես, ինչպես հայերն Արևմուտքի «կուտը» կերան 1920–ին՝ գաղթակղվելով Սևրի դատարկ դաշնագրի գեղեցիկ փաթեթավորմամբ (160 հազար քառակուսի մետր տարածքով Հայաստան խոստացած Սևրի դաշնագրի կնքումից ամիսներ անց Հայաստանի Հանրապետությունը վերացավ)։

Ուկրաինան այժմ գործնականում կորցրել է իր արևելյան շրջանները։ Այդ երկիրը քաոսի մեջ է, և հայտնի չէ, թե երբ և ինչպես դուրս կգա այդ վիճակից։

Նկատենք, որ այս ամենը տեղի ունեցավ ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագիրը նախաստորագրած և ստորագրումը հետաձգած (այլ ոչ թե Սերժ Սարգսյանի պես ԵՄ–ից ՄՄ «թռած») Ուկրաինայի հետ։ Անվտանգության ոչ մի երախիք Արևմուտքը չտվեց ուկրաինացիներին՝ «հուժկու» ստատուսներ երկնելուց ու Եվրամայդանում կարկանդակներ բաժանելուց բացի։ Հա, մեկ էլ՝ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում անիմաստ սուր ճոճելը։

Շատ ավելի սարսափելի սցենար էր սպասվում մեզ մոտ ԵՄ–ի հետ ասոցացման նախաստորագրման պարագայում, և այդ մասին մենք նախազգուշացնում էինք սեպտեմբերի 3–ից առաջ (Հայաստանի համար ճիշտը ԵՄ–ի հետ ասոցացումից և ՄՄ մտնելուց հրաժարվելն էր այնպես, ինչպես Ադրբեջանը վարվեց, ու հիմա քաղում է իր ակտիվ չեզոքության դիվիդենտները), բայց թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային կցված «արևմտամետները» (Դավիթ Շահնազարյան, Արամ Սարգսյան և այլն), ինչպես նաև Ռուսաստանի մասով հոգեխանգարմունքի մեջ գտնվող ու ԱՄՆ պաշտոնյաների արտաթորանքն անգամ կոնֆետի տեղ ընդունող «անկախ» լրատվամիջոցները գովերգում էին Սերժի «արևմտամետությունն» ու երկրորդական համարում Ղարաբաղի անվտանգության հարցը՝ «Դա այն գինն է, որը պետք է վճարել Հայաստան–ԵՄ ինտեգրացիայի համար» բացատրությամբ։

Հիմա սրանք (Սերժն ու իր վարձկանները) փոխանակ սսկվեն և գլուխները պատով տան ուկրաինական դեպքերից հետո, շարունակում են իրենց փողոցային ու համացանցային թատրոնը։

Ի դեպ, հայաստանյան «արևմտամետները» հիացած էին (են) ոչ միայն Սերժ Սարգսյանով (հիացմունքը լավ վարձատրվում է ինչպես ռուբլով, այնպես էլ դոլարով ու եվրոյով), այլ նաև Կիևի Եվրամայդանով, բայց այստեղ էլ ամեն ինչ «լոմկվեց», քանզի պարզվեց, որ Մայդանը հովանավորել ու ֆինանսավորել է ոչ միայն ու ոչ այնքան Արևմուտքը, որքան պոստսովետական տարածքում ընդունված «կլիշեի» շրջանակներում օլիգարխ ընկալվող Պետրո Պորոշենկոն։

Եվրամայդանի վիրտուալ պաշտպաններ դարձած, սոցիալական ցանցերում արյան գետեր հոսեցրած և «հակաօլիգարխիկ» պայքարի մարտիկներ ինքնահռչակված հայաստանյան «արևմտամետների» համար ուկրաինացիները հերթական «փչացման» ակտը կազմակերպեցին անցած կիրակի։

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի նախագահ ընտրվեց Եվրամայդանի նույն մեծահարուստ հովանավոր Պորոշենկոն, ով մինչ այդ աչքի չէր ընկել ակտիվ ու հրապարակային քաղաքական գործունեությամբ։

Հայաստանյան «արևմտամետները» պետք է հիմա խարակիրի անեն իրենց ՀՀ–ում Ուկրաինայի դեսպանատան դիմաց, քանզի նրանց բոլոր «գաղափարական կոդերը» պայթել են։

Հերիք չէ՝ պարզվել է, որ ժողովրդավարության կղզյակ ներկայացվող Եվրամայդանը ֆինանսավորվել է օլիգարխ կոչվածի կողմից, ու դեռ մի բան էլ այդ օլիգարխը դարձել է երկրի նախագահ՝ ստանալով Եվրամայդանի երևացող դեմքերի (Կլիչկոյի ու մյուսների) աջակցությունը։ Բա հիմա սրանք ինչպե՞ս են Ծառուկյանի դեմ «դհոլություն» անելու։ Ո՞ր կոդով է Պորոշենկոն լավը համարվելու, իսկ ահա Ծառուկյանը՝ վատը։ Ո՞ր տարբերակով է ողջունվելու օլիգարխ կոչվածի աջակցության շնորհիվ Յանուկովիչի հեռացումը, իսկ ահա Ծառուկյանը՝ քննադատվելու։ Այդ ինչո՞ւ Հայաստանում Եվրամայդան երազողները և ՌԴ–ի դեմ առիթ–անառիթ կռիվ տվողները համագործակցում են նեոբոլշևիկյան ծրագրերով առաջնորդվող Սերժ Սարգսյանի հետ, իսկ ահա Ուկրաինայում ճիշտ հակառակն էր՝ բոլորը Յանուկովիչի դեմ էին։ Այդ ինչո՞ւ են «արևմտամետների» մոտ գործում երկակի ստանդարտներ, ինչը ողջունելի է դրսի համար, բայց դատապարտելի է երկրի ներսում, և հակառակը։

Այս հարցերի պատասխաններում պետք է փնտրել հայաստանյան գաղջ մթնոլորտի պատճառները։

Ահա այսպես էլ ապրում են Սերժ Սարգսյանն ու իրեն կցված «արևմտամետները», ինչպես նաև սրանց ջրերն ընկած «ազնիվ քյարփինջները»։ Եվ եթե մեր հանրությունն ուզում է փոխել իր կյանքը և ձերբազատվել տեղական մասշտաբի Ստալինիկից և անախրոնիզմ համարվող բոլշևիզմից, ապա պետք է դասեր քաղի Վրաստանի, Ուկրաինայի, Սլովակիայի ու այլ երկրների օրինակներից։ Թե չէ, այդպես էլ կմնա «բանահյուսության» մակարդակի վրա ու կդառնա «Գեբելսյան» քարոզչամեքենայի զոհը։

Ինչ մնում է քաղաքական ուժերին, ապա դրանք պետք է ադեկվատ գտնվեն ու ռացիոնալ հաշվարկներով առաջնորդվեն՝ նախապես ձերբազատվելով կեղծ պատրանքներից ու արհեստական խոչընդոտներից։

Սերժ Սարգսյանն աթոռին մնում է ընդամենը հանգամանքների բերումով ու երբ տեսնում է, որ իրեն չեն հեռացնում, առաջարկում է վերարտադրվելու բոլշևիկյան ծրագիր։ Հետևաբար, այլընտրանքային ծրագրով պետք է հանդես գալ ու հեռացնել Սերժ Սարգսյանին, եթե, իհարկե, ուզում ենք անկախ պետություն ունենալ։

«Վերջի բոլշևիկն» ու անկախ Հայաստանն անհամատեղելի են։ Սա պետք է հասկանան բոլո՛րը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը