Լրահոս

28.05.2014 15:33


ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը` Հանրապետության տոնի առթիվ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը` Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի' հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Հանրապետության տոնի առիթով: 96 տարի առաջ այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Պետականության ծնունդը հնարավոր եղավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում: Մայիսի 28-ը ոչ միայն Հայաստանի Առաջին Հանրապետության, ոչ միայն Հայաստանի անկախության տոնն է, այլև հայ ժողովրդի հաղթանակի տոնն է: Հայն իր անկոտրում կամքով, իր լավատեսությամբ բազում տանջանքներից ու պայքարից հետո 1918 թվականին դրսևորեց միայն հային հատուկ կամք և ոտքի կանգնեց: Ցավոք, Հայաստանի Առաջին Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն դարեր ի վեր փափագած ու վերանվաճած անկախությունը կատարեց իր պատմական առաքելությունը:

Տասնամյակների հեռավորությունից այսօր առավել քան ակնհայտ է՝ Առաջին Հանրապետության հռչակումը դարակազմիկ իրողություն էր: Հայ ժողովուրդը կարողացավ ապացուցել և վերահաստատել պետություն ունենալու իր իրավունքը: Տարիներ անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր պետությունը վերահաստատեց իր անկախությունը, ինչի վկան, կրողն ու պահպանողը մենք ենք ու մեր սերունդները:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս՝ Առաջին Հանրապետության տոնի՝ մայիսի 28-ի առիթով: Մաղթում եմ բոլորիս հաջողություն, խաղաղ ճանապարհ՝ պատմության էջերում մեր անկախ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության անունը գրելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը