Լրահոս

04.06.2014 13:44


ՀՀ կառավարություն. «Կոմիտասի 5 հասցեում շենք կառուցվելու է»

ՀՀ կառավարություն. «Կոմիտասի 5 հասցեում շենք կառուցվելու է»

Կառավարության մամուլի ծառայությունը պարզաբանում է ներկայացրել Կոմիտասի պող. 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ, որի դեմ տևական ժամանակ է, ինչ բողոքում են նշյալ տարածքի բնակիչները:

Կառավարության հաղորդագրության մեջ ասված է.

«Հայաստանի վարչապետի վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել է ՀՀ վարչապետին ուղղված Երեւանի Կոմիտասի պող. 5ա շենքի մի խումբ բնակիչների բաց նամակը` Կոմիտասի պող. 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ սկսած 2007թ–ից՝ Կոմիտասի պողոտա հ.5 հասցեի հողատարածքի սեփականատեր «Լիբեր» ՍՊԸ–ին Երեւանի քաղաքապետարանի կողմից տրվել են քաղաքաշինական փաստաթղթեր երկու նկուղային հարկերով եւ վերգետնյա 48.0 մ. բարձրությամբ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու համար, որոնք փոփոխման են ենթարկվել կապված տարածքում գտնվող էլեկտրաքարշի ենթակայանի տեղափոխման եւ հարակից շենքերի բնակիչների պահանջով հարկայնության նվազեցման հետ։ Քննարկվող տարածքը երբեւէ չի հանդիսացել ընդհանուր օգտագործման, պարսպապատված է եղել եւ հանդիսացել է էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի սպասարկման տարածք։

Բնակիչների հետ Երեւանի քաղաքապետարանում բազմաթիվ քննարկումներից եւ կառուցվելիք շենքի չափորոշիչների վերաբերյալ համաձայնության գալուց հետո, 02.10.2012թ-ին կառուցապատողին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառույցի բացարձակ նիշը սահմանափակելով 24.0 մ. բարձրությամբ՝ մեկ նկուղային եւ յոթ վերգետնյա հարկայնությամբ։

Հարկ ենք համարում նշել, որ կառուցվող շենքը Կոմիտասի պողոտա հ.5ա շենքից գտնվում է 25,0 մ. հեռավորության վրա՝ ինչը հստակ բավարարում է արեւահարման ռեժիմի պահպանման համար։

Ըստ իրավասու կազմակերպությունների կողմից տրված դրական եզրակացությունների 2008թ-ին եւ դրանից հետո համաձայնեցված նախագծերում պահպանված են քաղաքաշինական նորմերը:

Հաշվի առնելով հարցի վերաբերյալ ձեւավորված հասարակական հնչեղությունը մինչ նախագծի վերգետնյա մասի համաձայնեցումը, այն լրացուցիչ ներկայացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչություն եւ նախագծի վերաբերյալ վերջիններիս կողմից տրվել է դրական եզրակացություն։

Խնդրի վերաբերյալ 08.11.2012 թ-ին ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում, ըստ որի մերժվել է մի խումբ բնակիչների կողմից կառուցապատողին ներկայացված վնասների փոխհատուցման պահանջը։

Հարկ է նաեւ նշել, որ իրավասու մարմինների կողմից կառուցապատողին չի տրվել ծառահատման թույլտվություն եւ կառուցապատողը մեկ ծառահատման դեպքի համար ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչության կողմից 27.09.10թ. տուգանվել է 130.0 հազ դրամի չափով:

Ներկա պահին աշխատանքները կատարվում են կառուցապատողին տրված ճարտարապետաշինարարական փաստաթղթերին համապատասխան»։

Այս խորագրի վերջին նյութերը