Լրահոս

06.06.2014 14:49


Կորյուն Գրիգորյան. «Պետք չէ համալիրին մոտենալ որպես մեկսենյականոց բնակարանի»

Կորյուն Գրիգորյան. «Պետք չէ համալիրին մոտենալ որպես մեկսենյականոց բնակարանի»

Այսօրվա ասուլիսին «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը նշել է, որ կառույցն աճուրդի հանելն անօրինական է։ Ըստ նրա՝ աճուրդը հայտարարելու հործընթացն ընթացել է խախտումներով.

«Որոշակի ուժեր շահագրգռված են, որ համալիրը հանեն աճուրդի և վաճառեն ձեռնտու գնով: Ունենք շատ վտանգավոր խնդիր, քանի որ օտարերկրյա ներդրում էլ կա, և վիճակը կհանգեցնի նրան, որ որևէ ծրագրի շրջանակում մարդիկ չեն ցանկանա օտարերկրյա ներդրումներ կատարել»,–նշել է նա՝ ավելացնելով, որ ժամանակի ընթացքում 42 մլն դոլարի չափով կատարված ներդրումները չեն նշվում։ Գրիգորյանը կարևորել է այն հանգամանքը, որ անհրաժեշտ է վարկերը մարելու ժամանակացույց տրամադրել.

«Պատասխանատվությամբ ենք մոտենում հարցին և երբեք չենք հայտարարել, որ չենք մարելու վարկերը: Պետք չէ համալիրին մոտենալ որպես մեկսենյականոց բնակարանի և առանց գնահատելու՝ գումար սահմանել»,–ասել է նա։

Իր հերթին ընկերության փաստաբան Արմինե Հակոբյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ԴԱՀԿ-ը օրենք է խախտել. «Մինչդեռ ԴԱՀԿ-ը հենց խորհրդատվություն ստանալու ծանուցմամբ է դիմել դատարան: Այս պահին հարցը քննվում է վերաքննիչ դատարանում, և օրինական ուժի մեջ չմտած որոշումով ԴԱՀԿ-ն առաջին աճուրդի չկայացումից հետ կրկնաճուրդ է հայտարարում», – ասել է նա՝ հավելելով, որ դիմել են Կառավարությանը՝ ճշտելու՝ ինչ չափորոշիչներով պետք է համալիրի աճուրդի համար գին սահմանվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցը պատմամշակութային հուշարձան է։ Ի պատասխան՝ նրանց տեղեկացրել են, որ խնդրի վերաբերյալ համապատասխան հանձնաժողով պետք է ստեղծվի։

«Սակայն մինչ հանձնաժողովը կսահմանի գինը, ԴԱՀԿ-ն ընդամենը որպես կառույց է գին սահմանել` առանց հաշվի առնելու կառույցի արժեքը», – պարզաբանել է փաստաբանը։

Այս խորագրի վերջին նյութերը