Լրահոս

12.06.2014 09:32


Բաց նամակ դատավոր Մնացական Մարտիրոսյանին

Բաց նամակ դատավոր Մնացական Մարտիրոսյանին

Հարգելի՛ պարոն դատավոր, շուտով վերջապես կսկսվի նոյեմբերի 5-ի գործով դատավարությունը:

Հայտնի է, որ դուք փորձառու դատավոր եք եւ մասնագիտացած եք հատկապես քաղաքական ենթատեքստ ունեցող գործերում: Վարել եք մարտի 1–ի գործերով մի շարք դատեր: Անշուշտ, քաջատեղյակ եք նաեւ հոկտեմբերի 27–ի գործին: Բնականաբար դուք պիտի նոյեմբերի 5-ի գործը վարեք՝ համեմատելով նախորդների հետ: Բայց արդյո՞ք դրանք համեմատելի են: Կանխակալ կարծիք չունեցող ամեն մի անաչառ մարդ, ծանոթանալով դրանց, պիտի զարմանար՝ հոկտեմբերի 27–ի, մարտի 1–ի գործերը՝ ո՜ւր, այս գործը՝ ո՜ւր…

Հոկտեմբերի 27–ին ու մարտի 1–ին զոհեր եղան, իշխանության համար բացահայտ պայքար էր՝ հրազենի եւ այլ զենքերի կիրառմամբ: Իսկ նոյեմբերի 5-ի միջադեպը, դրանց համեմատությամբ, նման էր ընդամենը բակի երեխաների «կռիվ-կռիվ» խաղի, որը նախաձեռնեցին ու հրահրեցին ոստիկանները, որպեսզի բոլոր ցուցարարներին բռնեն-տանեն-նստեցնեն: Հիմա էլ դատում են մի կերպ թխած մեղադրանքներով:

Նոյեմբերի 5-ի տեսագրությունները նայողի համար ակնհայտ է, որ ցուցարարները խուլիգաններ չեն: Նրանց գլխին խորհրդանշական դիմակներ ու ձեռքին փայտե ձողեր կային: Բայց նրանք շփոթահար այս ու այն կողմ էին վազվզում՝ առանց որեւէ որոշակի կողմի վրա հարձակվելու: Նրանք նույնիսկ գետին տապալված ակնհայտ սադրիչին ոչ միայն շանսատակ չարին, այլեւ մի հատ «ջիգյարով» չխփեցին: Ձեռքները չէր գնում: Մինչդեռ եթե խուլիգաններ լինեին, կարող էին, չէ՞, մի քանիսի սպանել կամ ծանր վիրավորել: Բայց նրանց մոտ նույնիսկ գրպանի դանակներ չկային (որ պարտադիր է ամեն մի իսկական խուլիգանի համար): Որովհետեւ նրանք ոչ թե խուլիգանական նկատառումներով փողոց դուրս եկած նենգամիտ ու չարամիտ մարդիկ էին, այլ ընդամենը բողոքի խորհրդանշական խաղաղ երթի իրենց իրավունքը իրացնել փորձող բարեկիրթ, ազնիվ ու հայրենասեր, ֆիդայական խառնվածքով նվիրյալներ, որոնց կարիքը մեր երկիրը շատ, շա՜տ ունի: Այնինչ նրանց արդեն յոթ ամիս է՝ փտեցնում են բանտում, կարծես ինչ-որ մի չարակամ ուժ ցանկանում է նրանց հիասթափեցնելով, տանջելով, զզվեցնելով, չարացնելով վերափոխել ու այս երկրի թշնամիներ սարքել:

Մեղադրող կողմին հավանաբար թվում է, թե նրանք հեղափոխության գնացողներ էին: Սակայն մի՞թե կարելի է լուրջ ընդունել նրանց հիմարացրած ու արկածախնդրութան տարած Շանթ Հարությունյանի հոխորտանքները խաղաղ երթից առաջ: Դե եկե՛ք դրանք համեմատենք այն խոսքերի հետ, որ Նաիրի Հունանյանը հնչեցնում էր հոկտեմբերի 27–ին խորհրդարանի նիստերի դահլիճ մտնելիս եւ այդ օրվա դաժան սպանդը սկսելիս: Դրանց համեմատությամբ Շանթի խոսքերը խեղկատակություն ու ծաղր էին: Իսկ մյուս ցուցարարները խոսքերով էլ իրենց շատ զուսպ պահեցին:

Եվ ընդհանրապես ցուցարարների մարդկային դրական կերպարի մասին շատ նյութ կա համացանցում (տե՛ս՝http://nov5freedom.info/?cat=4): Մինչդեռ բացասական նյութ չկա: Նրանք երբեւէ դատված չեն (Շանթից բացի), նույնիսկ խմող ու ծխող չեն: Նրանցից մեկի տանը քննիչները ժամկետանց հոգեմետ դեղ են գտել եւ դրա համար էլ են մեղադրանք առաջադրել: Ինչպես ասում են, ձեռքները փրփուրին են գցում:

Շանթ Հարությունյանին Դուք մի անգամ արդեն դատել եք: Շանթին դնենք մի կողմ, քանի որ նա միջադեպի կազմակերպիչն էր: Խոսքը մյուս 13-ի մասին է, որոնք Շանթի ամբոխավարական ու պոպուլիստական խոսքերով խաբված ու մոլորեցվածներ էին, որոնք իրենց միամտության ու հայրենասիրական ռոմանտիկայի զոհը դարձան:

Ձեզ մնում է, պարո՛ն դատավոր, Ձեր ձեռքը դնեք Ձեր սրտին, օրենսգրքին ու Աստվածաշունչ մատյանին եւ անկեղծ ասեք՝ նոյեմբերի 5-ի գործով դատվողների գործողություններում հանցակազմ կա՞ արդյոք: Իսկ եթե անկեղծ լինել չեք կարող, ապա Դուք եւ Ձեր արդարամտությունը ճնշողները պիտի մտածեք, թե ինչ պատասխան պիտի տաք ձեր խղճին, Աստծուն եւ վերջին դատաստանին…

Ձեզ՝ որպես իրավաբանի, ուզում ենք հիշեցնել նաեւ մի կարեւոր եւ խիստ հատկանշական նախադեպ: Հունվարի 16-ին թուրքական դատարանը արդարացրեց եւ ազատ արձակեց Ստամբուլի Գեզի զբոսայգու գործով ձերբակալված ցուցարարներին՝ հայտարարելով, որ նրանք ընդամենը իրականացրել են խաղաղ երթեր ու ցույցեր անցկացնելու իրենց իրավունքը՝ չնայած դրանք ուղեկցվել են ոստիկանության հետ արյունալի բախումներով, մարդկային զոհերով, նյութական կորուստներով եւ այլն: Սա եւս համեմատության մի եզր է: Եվ ոչ միայն իրավաբանական, այլեւ բարոյական, հոգեբանական ու քաղաքական եզր է: Չէ՞ որ մենք մեզ՝ թուրքերից ու մեր երկիրը Թուրքիայից ավելի քաղաքակիրթ, իրավական, բարոյական ու մարդկային ենք համարում: Իրականում այդպես է, թե ոչ՝ կերեւա Ձեր վարած դատից ու եզրակացությունից:

Հուսանք, որ համընդհանուր հիասթափության հերթական առիթը չենք ունենա…

Յուրի Միլիտոնյան

Այս խորագրի վերջին նյութերը