Քաղաքական

17.06.2014 22:53


Գագիկ Ծառուկյան. «ԲՀԿ խմբակցությունը շարունակելու է ընդգծված ակտիվությունը» (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյան. «ԲՀԿ խմբակցությունը շարունակելու է ընդգծված ակտիվությունը» (տեսանյութ)

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում ԱԺ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունն անցկացրել է աշխատանքային նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նիստի ընթացքում քննարկված հարցերի շրջանակը լայն է եղել՝ կատարած աշխատանքների ամփոփումից մինչև նոր ծրագրեր ու անելիքներ:

Ողջունելով թիմակիցներին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ նախորդ ժամանակահատվածը ծանր էր ու լի չլուծված բազմաթիվ խնդիրներով: Սակայն համառ ու նվիրված աշխատանքի շնորհիվ ԲՀԿ խմբակցությանը հաջողվեց պատվով հաղթահարել ստեղծված իրավիճակն ու արդարացնել հանրության ակնկալիքներն ու պահպանել ձեռք բերած վստահությունը:

«Ամենօրյա ակտիվություն, հետևողականություն հանրությանը հուզող յուրաքանչյուր խնդրի հանդեպ. ԲՀԿ-ն քաղաքական այն ուժն է, որն իր կատարած գործով է կարողացել վաստակել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս բնակվող հայրենակիցների հավատն ու վստահությունը»,-իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ կուսակցությունը որդեգրած սկզբունքներից երբևէ չի շեղվել ու չի շեղվելու:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակների մասին օրենքին՝ ԲՀԿ նախագահը շեշտեց, որ օրենքի վերջնական տարբերակը խորհրդարանի դատին ներկայացնելուց հետո միայն ԲՀԿ-ն կհայտնի իր դիրքորոշումը:

«Մենք խորհրդարանում ենք ոչ թե կոճակ սեղմելու, այլ աշխատելու համար: Քաղաքական թիմն անելու է ամեն ինչ, որպեսզի դժվարությունների ու քրտնաջան աշխատանքի գնով ձեռք բերած ժողովրդի վստահությունը պահի ու պահպանի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր երկրի ներսում թշնամիներ չունի»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը և համոզմունք հայտնեց, որ երկրի առջև ծառացած մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն համախմբվածության շնորհիվ:

«ԲՀԿ խմբակցությունը շարունակելու է ընդգծված ակտիվությունն ու չի հանդուրժելու որևէ բան, որը դեմ կլինի պետության ու ժողովրդի շահերին»,-ամփոփեց ԲՀԿ նախագահը՝ տեղեկացնելով, որ աշխատանքային հաջորդ հանդիպումն իրեն երկար սպասեցնել չի տա:

Այս խորագրի վերջին նյութերը