Կարծիք

24.06.2014 10:08


Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈՄՊԼԵՔՍԱՎՈՐՎՈՒՄ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ

Մեզանում հաճախ է խոսվում, որ պաշտոնաթող նախագահները պետք է մասնակից լինեն երկրի առաջ ծառացած բարդ խնդիրների լուծմանը կամ գոնե հրապարակային քննարկմանը, քանի որ, եթե ինչ որ ժամանակ իրենք ստանձնել են երկրի ղեկավարման բեռը, ապա նրանց տեսակետները շատ օգտակար է հանրության համար:

Այո՛, շատ օգտակար է բոլորի համար, բացի մի հոգուց, և այդ մեկը Սերժ Սարգսյանն է, ով ուղղակի կոմպլեքսավորվում է, երբ որևէ հարցի շուրջ կարծիք են հայտնում նախկին նախագահները:

Գաղտնիք չէ, որ Սարգսյանն այլ կարծիք չի հանդուրժում, դրանից ջղաձգվում է, ուզում է պատժել ու լռեցնել այդ հանդուգն արարածին:

Գործող նախագահն այս տարիների ընթացքում հասավ նրան, որ մեր հոգևոր կառույցն այլևս ոչ մի հարցում չի ընդդիմանում վարչակազմին՝ պաշտպանելով իր հոգևոր հոտին: Ինչ ուզում է կատարի աշխարհիկ իշխանությունը՝ հոգևոր տեսնակյունից դրանք բոլորը ճիշտ են: Ինձ թվում է արդեն, որ Սարգսյանն ամեն օր քնից արթնանում է ու մինչև ուշ գիշեր լծված է լինում միայն Աստծո պատվիրանները կյանքի կոչելով ու այնպիսի բարեխղճությամբ, որ տեղ չի թողում անգամ թեթև անհանգստության:

Դե մեր գիտական աշխարհը՝ Գիտությունների ակադեմիայի գլխավորությամբ՝ վաղուց արդեն համակարծիք է Սարգսյանի բոլոր կարծիքներին՝ հնչեցրած լինի, թե մտքում պահած: Իսկ ովքեր դեմ են՝ ուրեմն գիտնական չեն, և նրաց փոխարինելու կգան մեր պաշտոնյա գիտնականները:

Մշակույթի գործիչները միայն հիացած են Սարգսյանի վարած քաղաքականությամբ, իսկ նրանք ովքեր այդքան էլ հիացած չեն, ուրեմն իսկի մշակույթի գործիչներ էլ չեն, այլ ՝ չարացածներ:

Այսպես կարելի է երկար շարունակել, բայց ամփոփենք ու ասենք. չեք ուզո՞ւմ, որ գոնե պաշտոնաթող նախագահները սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն ունենան, ու հետևանքներից էլ չվախենան:

Հասկանում ենք, որ տարբեր ժամանակների նախագահի թեկնածուների մի որոշ մասին հնարավոր եղավ գայթակղել ու մտցնել Բաղրամյան 26-ի «ժողգործիքների անսամբլ», բայց գոնե երկրում մի քանի հոգի պետական ու քաղաքական այր չլինի՞, որոնց Սարգսյանը չի կարողացել անցկացնել իր թրի տակով: Ախր տնաշենն էլ, որոշ տեխնիկական պատճառներով, թուրն այնքան ցածր է պահել, որ տակով անցնել կանգնած վիճակում անհնարին է:

Լավ, մեր բարդ տարածաշրջանում գտնվող, չավարտված պատերազմի պարագայում, բախտորոշ աշխարհաքաղաքական ընտրության նախաշեմին մեր երկրում, եթե ոտքի վրա կանգնած ոչ մի պաշտոնյա չունենանք՝ հալբաթ, որ դրսի ուժեղներն էլ իրենց թրի տակով են անցկացնելու արդեն մեր երկիրն ամբողջությամբ:

Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցում բարձրացված հարցերը մեր հասարակությանը հուզող հիմնախնդիրներից էին, տրված գնահատականները բավական հավասարակշիռ, եզրակացությունները՝ դիպուկ: Այնպես որ, որքան էլ Սերժ Սարգսյանը ջանա միջնորդավորված հակադարձել, ստիպված է հաշվի նստել այն հանագամանքի հետ, որ պաշտոնաթող նախագահների կարծիքներին մեծ ուշադրությամբ են հետևում մեզանում, իսկ դրան հակառակ՝ գործող նախագահի ձանձրալի ու ոչինչ չասող խոսքերից, լղոզված մտքերից հանրությունը ոչ մի սպասելիք էլ չունի:

Տեղին է հիշել ժողովրդական խոսքը, որ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը: 2008–ին այնպիսի հետին եկավ, որի համեմատ ցանկացած նախորդի կարելի է դասել հայոց սրբերի շարքը: Որովհետև ոչ միայն մեր բոլոր ժամանակների կառավարիչները, այլ անգամ օտար զավթիչները մեր երկրին այնքան վնաս չեն տվել, որքան գործող նախագահն իր ձախողված քաղաքականությամբ:

Ուստի հարկավոր է օր առաջ ազատվել այս վարչակազմից ու նրա պարագլխից, այլապես կարող է կորուստներն այքան մեծ լինեն ու անդառնալի, որ որոշ ժամանակ հետո այլևս իրավիճակը փոխել հնարավոր չլինի:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202448835604704

Այս խորագրի վերջին նյութերը