Մեկնաբանություն

27.06.2014 15:53


«Վերջի բոլշևիկի» նորալեզուն

«Վերջի բոլշևիկի» նորալեզուն

Սերժ Սարգսյանի համար պետությունը տնամերձ բոստան է։ Այդ բոստանում նա իր խաղի կանոններն է ուզում սահմանել նոր լեզվի՝ նորալեզվի միջոցով։

Նորալեզուն հնարավորություն է տալիս երևույթները ներկայացնել գլխիվայր շուռ տված։ Սերժ Սարգսյանի հնարամտությունն այդ առումով սահմաններ չի ճանաչում։

Նորալեզուն նրան նաև հնարավորություն է տալիս թալանին և դեմագոգիային այլ տեսք տալ։

Նորալեզուն ոտքից գլուխ կեղծ է։ Բովանդակությունն իր տեղը զիջել է ձևին։ Հայոց լեզուն Սերժի շնորհիվ աղավաղվել է ու կորցրել նախկին հմայքը։ Կան բառեր, որոնք կորցրել են իրենց դրական էներգետիկան, քանզի Սերժն այնպես է «խուրդել» դրանք, որ հիմա միայն բացասական իմաստով կարելի է օգտագործել այնպիսի բառեր, ինչպիսիք են նախաձեռնողական, հայրենասիրություն և այլն։

Այսպես.

Հայաստանում, թերևս, մարդ չկա, որ չիմանա՝ «Որոտանի» հէկը Սերժ Սարգսյանն իրեն կցված երիտօլիգարխիայի միջոցով ուզում է սեփականաշնորհել։ Գործարքն այդ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և ուղղված է ՀՀ շահերի դեմ։ Սերժն, ահա, իր լրատվամիջոցների միջոցով փորձում է այդ թալանը ներկայացնել որպես «ՀՀ էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացիա»։

Թե այդ երբվանից է Բաղրամյան 26–ը դարձել ամերիկյան էներգահամակարգի մաս, իսկ Սերժ Սարգսյանն էլ՝ էներգետիկ, մնում է միայն կռահել։

Ի դեպ, ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը, ով մեր երկրում բացառապես հակահայկական գործունեությամբ է աչքի ընկնում, և ագրեսիվ հակահայկական քարոզով է զբաղված, ողջունել է «Որոտանի» կոռուպցիոն գործարքը։

Սերժի տեսակը հաշվի առնելով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ դեսպանը ՀՀ–ն դիտարկում է որպես խոպան տարածք, մեծ է հավանականությունը, որ Հեֆերնը «բոստանչու» հետ «ատկատային» պայմանավորվածության է եկել «Որոտանի» հարցում։

Ամերիկացիները «պեռսոնա նոն գրատա» չճանաչեցին ԱՄՆ–ում դեսպան նշանակված Տիգրան Սարգսյանին, ով կոռուպցիայի քայլող մարմնավորում է, հետևաբար, կարող ենք ենթադրել, որ իրենց համար ընդունելի են կոռուպցիոներները, և մեր տիպի երկրներում նրանք հաճույքով կոռուպցիոն գործարքների մեջ են մտնում նրանց հետ՝ հետագայում իրենց մոտ ապաստան տալով «ատկատային» ընկերոջը։

Անցնենք հաջորդ թեմային։

Սերժի մտքի թռիչքն այնքան մեծ է, որ նա կարողանում է Համաշխարհային բանկից վերցրած գումարները մեջ–մեջ անելուն տալ «Գյուղատնտեսության ոլորտում դասախոսությունների միջոցով արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր» ձևակերպումը։ Խոսքս տխրահռչակ կովերի պտուկալվացման տիգրանսարգսյանական ակցիային է վերաբերում։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ տխրահռչակը վերաբերում է ոչ թե պտուկներին, այլ Տիգրան Սարգսյանին։

Նորալեզվի մյուս դրսևորումների մասին։

Սերժ Սարգսյանը Հայաստանի շահերը դրսում հանձնելը ներկայացնում է որպես «նախաձեռնողականություն»։

Արտագաղթի անունը դրել են միգրացիոն հոսքեր ու հանգիստ արձանագրում են, որ վերջին վեց տարվա ընթացքում ՀՀ–ն լքել է շուրջ 300 հազար մարդ։

«Ատկատների» ու կեղծ «տենդերների» կազմակերպման գործընթացը ստացել է «Բյուջետային միջոցների արդյունավետ կառավարում» անվանումը։

Սերժը խոսում է դիվանագետներին ներկայացվող չափորոշիչների մասին ու դեսպան նշանակում աննախադեպ չափերի հասած կոռուպցիայի թիվ մեկ գործիք ու համատեղությամբ՝ օֆշորային սկանդալի գլխավոր հերոս Տիգրան Սարգսյանին։ Դե, իսկ Յուրի Վարդանյանին Վրաստան ուղարկելը լրիվ տեղավորվում է սերժական մոդելի մեջ։ Նորալեզվով դա նշանակում է «հայ–վրացական կապերի ամրապնդում»։

«Մենք անցկացնելու ենք լավ ընտրություններ»,– հայտարարեց Սերժ Սարգսյանը վերջին երկու համապետական ու Երևանի ավագանու ընտրություններից առաջ։ Գործնականում տեղի ունեցավ ճիշտ հակառակը, քանզի ընտրակեղծիքներն իրենց մասշտաբներով ու լկտիության աստիճանով աննախադեպ էին։ Եվ ուրեմն, «լավ ընտրությունները» նորալեզվով նշանակում է «լավ կեղծված ընտրություններ»։

Ամենաուշագրավը Սերժի գործունեությունն է լրատվական դաշտում։ Որքան շատ է նա կարողանում կենտրոնացնել տնտեսությունը, որքան շատ են նրան կցված սաշիկներն ու երիտսաշիկները «սամալյոտի միս» ուտում, որքան շատ է աճում թալանը, այնքան «Գեբելսյան» քարոզչամեքենան ավելի կատաղի պայքար է մղում վերացական օլիգարխիայի դեմ։

«Հակաօլիգարխիկ պայքար»–ի տակ Սերժը նկատի ունի այն, որ ինքը դառնում է թիվ մեկ և միակ օլիգարխը։

Մի խոսքով, Սերժի նորալեզուն շատ պարզ է։ Պետք է լսել այն, ինչ ասվում է, և հասկանալ հակառակը։ Իսկ դա նշանակում է, որ հայոց լեզվով պետք է Սերժ Սարգսյանին ցտեսություն հայտնել, կամ, ՄՄ–ի լեզվով ասած, «պասլատ» անել։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ուզում է սահմանադրական փոփոխություններ անել, որպեսզի մեծանա խորհրդարանի դերը, ցանցային ու հորիզոնական կառավարում լինի, անհատն իր տեղը զիջի կոլեգիալ մարմնին և այլևայլ նման բաներ։

Բնականաբար, դա նշանակում է հետևյալը. Սերժ Սարգսյանն ուզում է սահմանադրական փոփոխություններ անել, որպեսզի վերջնականապես ոչնչացնի խորհրդարանը և պետական մյուս կառույցները, կոլեգիալ մարմինները դարձնի անասնաֆերմա և ցմահ իշխի՝ զրո պատասխանատվությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը