Քաղաքական

28.06.2014 13:47


Րաֆֆի Հովհաննիսյան. «Մեր խնդիրն է այս տարվա ընթացքում միացյալ հրապարակի միջոցով իշխանափոխություն կատարել»

Րաֆֆի Հովհաննիսյան.  «Մեր խնդիրն է այս տարվա ընթացքում միացյալ հրապարակի միջոցով իշխանափոխություն կատարել»

«Ժառանգություն» կուսակցության 10–րդ համագումարում այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ մտնում են հերթական պատասխանատու շրջան։

–Ճի՛շտ է, մենք մարդ ենք, մահկանացու ենք, չգիտենք՝ ե՞րբ կժայթքի, ե՞րբ կլինի կրիտիկական զանգվածը, ե՞րբ հայ ժողովրդի խոսքը և գործը մեկ կդառնան։ Բայց կլինի՛, այդ պահը կտեսնենք հաստատ։ Կարող է՝ ժամկետների մեջ սխալվենք, կարող է՝ ավելի շատ ցանկանանք, քան հնարավոր է այս պահին, բայց լինելո՛ւ է, և ակնկալում ենք, որ բոլորը մասնակցեն այդ ամեն ինչին, որ գալու է այս շրջանում,–ասել է Ր. Հովհաննիսյանը։

Նա ընդգծել է, որ այսօրվա իր խոսքի միակ մեխն այն է, որ այս կիսավարտ շրջանից հետո պայքարը շարունակվո՛ւմ է.

–Չկասկածի՛ ոչ մեկը՝ հայրենիքից որևէ մեկը չի գնալու, և այս պայքարը՝ մեր գործընկերների հետ, տանելու ենք մինչև հաղթանակ։

«Ժառանգության» նախագահը նաև անկեղծացել է, որ այս վերջին տարվա ընթացքում կյանքի բոլոր հույզերն ապրել ենք՝ թե՛ վերելքը, թե՛ ցավը, թե՛ տառապանքը, և ամեն մեկն իր համար վերլուծել է, քննադատել և վերծանել.

–Բայց ուզում եմ ասել՝ միգուցե առաջին անգամ, զղջումից, ներումից բացի՝ ուզում եմ, որ դուք իմանաք՝ մեծ վրձնով, լայն մասշտաբով մենք ամեն ինչ ճիշտ արեցինք։ Ակնհայտ է, որ հայ ժողովուրդը փետրվարի 18–ին՝ միահամուռ, գերակշիռ ջախջախիչ մեծամասնությամբ, որոշեց փոփոխության համար։ Իմ ցավը ավելորդ անգամ չհիշեմ, բայց մենք ուղղակի ազգովի պատրաստ չէինք հաղթանակի, մենք այդ մի ամսվա ընթացքում պատրաստ չէինք ապահովել այդ հաղթանակը, և դրա մեջ որևէ ամոթ բան չկա։

Հայ ժողովուրդը, Ր. Հովհաննիսյանի խոսքերով, փետրվարի 18–ին ցույց տվեց, որ կարող է հաղթանակ ապահովել, և դա մարտահրավեր է ոչ թե թևաթափ, հուսահատ լինելու, այլ ավելի լավ կազմակերպվելու համար։

–Այն, ինչ ասում եմ, ասում եմ սիրով. ես չունեմ ցինիզմ ու ատելություն։ Եթե քաղաքական հիմնական ուժերը, քաղաքացիական արտախորհրդարանական հիմնական նախաձեռնություններն ուզում են դուրս գալ իրենց միայնությունից և հատվածականությունից, ապա մենք կարո՛ղ ենք վիճակ, հրապարակ և երկիր կառուցել։ Դա ես չե՛մ կարող անել։ Մեր խնդիրն է այս տարվա ընթացքում այդ առանձին–առանձին արահետների զինվորներին, զորավարներին միասին բերել, և այս տարի, եթե ուզենանք, այդ միացյալ հրապարակի միջոցով իշխանափոխություն կատարել։ Հանուն Հայաստանի և իր փրկության, մեր ինքնիշխանության ազատության և ապագայի՝ մենք պետք ունենք Հայաստանի Հանրապետություն՝ առանց Սերժ Սարգսյանի նախագահության,–ասել է Ր. Հովհաննիսյանը,–դուրս գանք մեծամտությունից, Հիսուս լինելու բարդույթից. եթե այդ չորս ուժերից բոլորը կամ նվազագույնից կեսը միասին կանգնեն և պահանջեն ոչ միայն 12, այլ 120 կետ, այդ թվում նաև՝ անմիջական և ամբողջական իշխանափոխություն, ժողովուրդը կլինի՛ հրապարակում, և ժողովուրդը հիմա սպասում է դրան։

Ր. Հովհաննիսյանը հայտարարել է, որ նոր «Ժառանգություն»–ը պետք է հենց այդ միասնականության բանաձևով առաջնորդվի, և քանի որ Հայաստանը գտնվում է կեղծիքի օկուպացիայի ներքո, հայ ժողովուրդը պետք է ուժը, հնարամտությունը և միասնությունը գտնի՝ դուրս գալու այդ վիճակից։

–Մենք դեմ ենք հապաղման, մենք դեմ ենք կիսատ–պռատ օրակարգերի, մենք կողմնակից ենք համեստ, քրտնաջան, հետևողական, իրար հարգող աշխատանքի, բայց մեր համբերությունը տևական, անսպառ չէ։ Մենք մեր գործը պետք է անենք։ Նախընտրում ենք անել միասին՝ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական ուժերի հետ, եթե բոլորս գիտակցում ենք այդ մարտահրավերը և այդ նպատակի կարևորույթունը,–ասել է Ր. Հովհաննիսյանը՝ ավելացնելով.

–Եթե այս իշխանությունը ստորագրեց որևէ մի բան որևէ օտար երկրի հետ, որը սահմանափակում է մեր անկախությունը, ազատությունը և մեր արժանապատվությունը, ուրեմն հայ ժողովուրդը պետք է պատրաստվի արտահերթ հրապարակների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը