Կարծիք

30.06.2014 10:56


Սևակ Դանիելյան

Սևակ Դանիելյան

Ինչպես գիտեք, այս օրերին Բաքվում տեղի են ունենում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է Արտաշես Գեղամյանը, ով այնպիսի հայտարարություններ է արել, որոնք ստիպում են շատ լուրջ անհանգստանալ ԼՂՀ և ՀՀ անվտանգության և տարածքային ամբողջականության համար: Ի թիվս այլ հայտարարությունների՝ Գեղամյանն ասել է, որ «Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի` ԵՏՄ-ին անդամակցելու հարցում»՝ նշելով, թե դրանով ղարաբաղյան խնդիրն ինքնաբերաբար կլուծվի:

Համադրելով մի քանի փաստեր՝ կարող ենք ասել հետևյալը` ակնհայտ է, որ Գեղամյանը նման ինքնագլուխ հայտարարություն չէր անի, և իրականում մենք ականատեսն ենք մի իրավիճակի, երբ Սերժ Սարգսյանն է Գեղամյանի շուրթերով Ադրբեջանին հրավիրում ԵՏՄ: Երկրորդ փաստն էլ այն է, որ հետևելով Ադրբեջանի և Ռուսաստանի լրատվական ու վերլուծական կայքերի՝ վերջերս հրատարակված նյութերին, կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանի` ԵՏՄ-ին անդամակցելու գինը լինելու է Ղարաբաղը

Փաստացի մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները դեմ չեն այդ գինը վճարելուն: Այս փաստը վտանգում է ոչ միայն ԼՂՀ-ի, այլ նաև ՀՀ անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը: Եվ եթե Հայաստանում կան շրջանակներ, որ դա դեռ չեն հասկացել, կամ չեն ուզում հասկանալ, ապա այն փաստը, որ լռում են ԼՂՀ-ում, արդեն չափից մեծ շռայլություն է, և, մեղմ ասած, անպատասխանատվություն:

Ադրբեջանի առջև հենց Ղարաբաղն է կանգնած՝ իր բնակչության հետ միասին, և ղարաբաղյան խնդրի ոչ հայանպաստ զարգացումների պարագայում հենց Ղարաբաղն ու իր բնակչությունն են, կներեք, բայց փուռը գնալու: Սա ավելի քան ակնհայտ է: Եվ եթե Ղարաբաղի իշխանությունները շարունակեն լռել՝ հույսները դնելով ինչ-որ անհասկանալի բաների վրա, ապա թող իմանան, որ առաջինը հենց իրենք են զոհ գնալու ստեղծվող աղետին: Եվ թող ոչ ոք հույս չունենա, թե կհասցնի արագ փախնել և իր կյանքն ու սեփականությունը փրկել:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը