Մեկնաբանություն

01.07.2014 17:16


Փոխադարձ ատելության պայմաններում

Փոխադարձ ատելության պայմաններում

Սերժ Սարգսյանի և հանրության հարաբերություններում ամեն ինչ պարզ է։ Ամեն ինչ ընթանում է փոխադարձ ատելության պայմաններում։ Ձևականություններ այլևս չկան։ Դիմակները դեն են նետված, խոսքերը դարձել են ավելորդ։

Արժե առանձնահատուկ ընդգծել, որ հանրության ատելությունը Սերժի հանդեպ առկա է, բայց այն աստիճանի չէ, որ հենց այսօր տեղի ունենա հեղափոխությունը, այլապես հենց այսօր տեղի կունենար այն։

Այլ է ՀՀԿ ղեկավարի պարագայում։ Նրա ատելությունը հանրության հանդեպ հասել է գագաթնակետին։ Դա է պատճառը, որ նա լայնամասշտաբ գրոհի է անցել։ Է՛լ «կուտակային», է՛լ հարկային տեռոր, է՛լ ՀՀ քաղաքացիների բանկային հաշիվների սառեցում, է՛լ հոսանքի թանկացում, է՛լ վարկային ստրկացում, է՛լ կարմիր կետագծեր, է՛լ արագաչափեր, է՛լ երիտօլիգարխիայի ախորժակի գերբարձրացում ...

Շատ խորհրդանշական է, որ Սերժի բիզնես գործընկերներից մեկը երկրի թիվ մեկ հարկադիր կատարողն է։ Սերժը հարկադիր տեռորով է զբաղված, և էլ ով, եթե ոչ հարկադիր կատարողը պետք է նրա գլխավոր հենարանը դառնար փող հավաքելու գործում։

Սերժի լայնամասշտաբ հարձակումը երկու բան է նշանակում։ Նա կա՛մ իրեն շատ վստահ է զգում, կա՛մ թանկացումներով ու փող կլպոցիով ուզում է քերել՝ ինչքան հնարավոր է՝ «Ինչքան էլ փող պոկեմ մինչև հեռանալս, էլի քյար ա» թեմայով։

Դատելով ամենից՝ մենք գործ ունենք երկրորդ տարբերակի հետ։ Հարցն այն է, որ պետք է արագ կանգնեցնել թալանը, այլապես «Վերջի բոլշևիկը» մինչև հեռանալը կհասցնի ահագին ավերածություններ գործել, ընդ որում՝ ոչ միայն ներքին քաղաքական ոլորտում։

Եվ ուրեմն, բոլոր տիպի քաղաքական ու քաղաքացիական պայքարների թիվ մեկ և միակ թիրախը պետք է լինեն Բաղրամյան 26–ը և դրա տնօրենը։ Մյուս բոլոր հասցեները կեղծ են, իսկ թիրախները՝ արհեստական։

Ցանկացած անհատ կամ կազմակեպություն, որը թունդ բառապաշարով կդժգոհի մեզանում տիրող վիճակից, բայց քննադատության հիմնական թիրախ կդարձնի քառյակին, դրա մաս կազմող առանձին կուսակցություններին, վերացական օլիգարխիային, Պուտինին, ռուսական իմպերիալիզմին, Օբամային կամ Պան Գի Մունին, առնվազն քաղաքականապես անմեղսունակ է, իսկ հիմնականում՝ «դհոլ»։

Պետք է հիշել, որ հակառակորդը նենգ է և ագահ։ Նրան պետք է վնասազերծել քաղաքական մեթոդներով, քանզի մեզ ցնցումներ պետք չեն։ Թեև պետք է արձանագրել, որ Սերժն ամեն ինչ անում է ցնցումներ հրահրելու համար։ Ինչպես ասում են՝ մեղքն իր վիզը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը