Մեկնաբանություն

02.08.2014 13:10


Սերժ Սարգսյանի ուղղակի պատասխանատվությամբ

Սերժ Սարգսյանի ուղղակի պատասխանատվությամբ

Սերժ Սարգսյանը միայն մեկ նպատակ ունի՝ վերարտադրի իր իշխանությունը, որպեսզի ավելացնի իր հարստությունը։ Ուրիշ նպատակ նա չունի։ Պետական կառավարման մասին նա ունի կենցաղային պատկերացումներ, և դա է պատճառը, որ նախագահական նստավայրը դարձել է «մուտիլովկաներ» ստեղծող և տարածող արտադրամաս։

Իշխելու և հարստանալու համար «Վերջի բոլշևիկն» ամեն ինչի պատրաստ է, քանզի մահապարտի հոգեբանությամբ է կառավարում։ Նա գիտի, որ այնպես է իշխել, որ հանգիստ կյանք չի կարող ունենալ իշխանությունից զրկվելուց հետո (դրա համար էլ մենք կարծում ենք, որ նրան պետք է մարդասիրական միջանցք տրամադրել, որպեսզի առանց ավերածությունների հեռանա)։

Ցմահ իշխելու համար նրան երկու բան կարող են օգնել՝ սահմանադրական փոփոխությունները կամ պատերազմը։

Սահմանադրական փոփոխությունները հնարավորություն կտան «գենսեկի» ու «պռեդսեդածել վեռխովնովո սովետա»–ի կարգավիճակով իշխել ցման և զրո պատասխանատվությամբ։

Թող զարմանալի չթվա, բայց պատերազմը կամ, ավելի ճիշտ, պատերազմի մասին խոսակցությունները նույնպես ձեռնտու են Սերժ Սարգսյանին, քանզի նա այդպիսով հատուկ դրություն մտցնելու հնարավարություն է ստանում՝ այդպիսով «լեգիտիմ» հիմք ունենալով անորոշ ժամանակով կասեցնելու ընտրությունները, արգելելու հավաքները և ոչնչացնելու քաղաքական կյանքը։ Ասել է թե՝ Իլհամ Ալիևի նախաձեռնած դիվերսիոն հարձակումներն ինչ–որ առումով և ինչ–որ պահի կարող են ձեռնտու լինել Սերժ Սարգսյանին։

Սերժին ձեռնտու կլիներ նաև լայնամասշտաբ պատերազմը, սակայն նա վախենում է դրանից։ Նրան պատերազմի մասին խոսակցություններն են պետք։ Իսկ նման խոսակցությունների համար նա լիքը հիմքեր է տվել, քանզի հակառակորդն այնքան է լկտիացել, որ գրեթե ամեն օր հարձակումների է դիմում, կրակահերթի տակ պահում ՀՀ սահմանամերձ գյուղերն ու սպանում մեր զինվորներին։

Հիմա իշխանությունները խրոխտ ձևով հայտարարում են, թե ադրբեջանցիները մեր այսքան զոհի դիմաց այդքան զոհ են տվել՝ մատնանշելով տարբերությունն՝ ի վնաս Բաքվի։ Բայց, մի րոպե, «ստո՛պ». Սերժ Սարգսյանը տասը զոհի գնով հայտնվելով նախագահի աթոռին՝ անմիջապես հայտարարեց, թե ինքը սկսում է «Ֆուտբոլային» դիվանագիտություն՝ վերածվելով տարածաշրջանի «Խաղաղության աղավնու»։ Ու որքան էլ զգուշացնում էինք, որ գորբաչովիզմը բերելու է այն բանին, որ թուլանալու է Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը, որ «նախաձեռնողականությունը» դեպի պատերազմ տանող ուղիղ ճանապարհն է, որ մեր շահերը դրսում աճուրդի հանելով՝ չի կարելի պետություն ղեկավարել, և որ ՀՀԿ ղեկավարն իրականում «Պատերազմի» կուսակցության ներկայացուցիչ է, չլսելու էին տրվում նեոբոլշևիկների կողմից։

Այսօր արդեն մեր զինվորների զոհերի քանակն ենք համեմատում ադրբեջանցիների տված զոհերի քանակի հետ։ Ո՞վ է պատասխան տալու սրա համար։ Բնականաբար, Սերժ Սարգսյանը, քանզի նրա վարած արտաքին ու ներքին քաղաքականության ուղղակի հետևանքն է սահմաններում տիրող իրավիճակը։

Հայաստանը վերջին վեց տարիների ընթացքում թուլացել է տնտեսապես և կորցրել իր բոլոր դաշնակիցներին ինչպես Արևմուտքում, այնպես էլ Հյուսիսում։ Իսկ ամենամեծ կորուստը, որ ունեցել ենք Սերժ Սարգսյանի նախագահության չարաբաստիկ տարիներին, արտագաղթող քաղաքացին է։

Մենք, փաստորեն, մարդկային կորուստներ ենք ունենում և՛ սահմանի վրա, և՛ մեր պետության մյուս հատվածներում, քանզի արտագաղթողն էլ յուրօրինակ զոհ է, ինչպես սահմանին զոհվածը։

Եվ հանուն ինչի՞ պետք է այս ամենը հանդուրժել։ Հանուն այն բանի, որ Սերժ Սարգսյանն իր նեղ շրջապատի հետ միասին փո՞ղ աշխատի։

Սերժ Սարգսյանը տանուլ է տվել երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը և հետևաբար, պետք է հեռանա։ Հեռանա առանց ցնցումների, այլապես պատասխանատվությունն ամբողջությամբ իր վրա կլինի։

Փոփոխությունը Երևանում կփոխի վիճակը նաև սահմանի վրա և ընդհանրապես ամբողջ Հայաստանում (մեր պատկերացումներով՝ Ղարաբաղը Հայաստանի մաս է)։

Սերժ Սարգսյանի ամեն մի օրն է փող է իր ու իր ագահ մերձավորների համար և մեր զինվորի զոհվելու մասին լուր լսելու վտանգ՝ հայ ժողովրդի համար։ Այս խնդիրը պետք է լուծում ստանա։

Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի։ Ով կողմ չէ այս կարգախոսին, ուրեմն կողմ է, որպեսզի սահմանում հայ զինվոր սպանվի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը