Մեկնաբանություն

04.08.2014 12:08


Ալիևն էլ սահմանադրական փոփոխություններ իրականացրեց ...

Ալիևն էլ սահմանադրական փոփոխություններ իրականացրեց ...

Ադրբեջանական վերջին դիվերսիաների կապակցությամբ ամենաոգևորող դրվագներից մեկը. 18-ամյա հայ զինծառայողն անզեն ելնում է ադրբեջանական դիվերսիոն խմբի դիմաց՝ ձեռնամարտի բռնվելով հակառակորդի՝ հատուկ պատրաստություն անցած և մինչև ատամները զինված խմբի անդամների հետ։ Մնացածը բոլորս գիտենք (մեզ մնում է միայն հասկանալ, թե ինչու է մեր զինվորն անզեն եղել)։

Այժմ, ոչ առանց հիմնավորման, խոսվում է այն մասին, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը համալրված էր հատուկջոկատայիններով։ Սա յուրովի ինդիկատոր է, թե ինչպիսի պետություն է Ադրբեջանը։ Ձևն ամեն ինչում՝ առանց բովանդակության՝ փուչիկ։

Մեծ հաշվով, մեր հակառակորդի այսօրվա վիճակի պատճառներն էլ են հասկանալի։ Ահռելի ռեսուրսներով պետությունը բովանդակություն չունի։ Փուչիկ, որը տեղավորվում է «մեկ մարդու տնտեսություն» մոդելի մեջ։ Իլհամ Ալիևը գնաց սահմանադրական փոփոխությունների՝ ինքն իրեն տալով ցմահ իշխելու իրավունք։ Դրա հետևանքը տեսնում ենք։ Բայց Ադրբեջանի ներքին հարցերը, մեղմ ասած, ոչ մեկիս չեն հետաքրքրում. թող Ալիևը հավերժ իշխի՝ թուլացնելով իր երկիրը։ Ավելի լավ։

Ամբողջ խնդիրն է այն է, որ այսօր Հայաստանի գործող նախագահը ցանկանում է գնալ նույն՝ ալիևյան ոճի սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ճանապարհով։

Որքան էլ իշխանությունն ու նրա քարոզչամեքենան փորձեն ներկայացնել, թե այդ փոփոխությունները բացարձակապես չեն նշանակում Սերժ Սարգսյանի վերարտադրություն, իրականությունն այլ է։

Ուշադի՛ր կարդացեք առաջարկվող փոփոխությունների փաթեթը։ Եթե դրանք իրականություն դառնան, հետևանքները սպասեցնել չեն տա։ Սահմանադրական փոփոխությունները՝ այս բովանդակությամբ ու նպատակով, պետք է բացառվեն։ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող նույն մոդելի պետություններ լինել։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը