Քաղաքական

26.11.2010 16:43


Կընդգրկվե՞ն ընդդիմության առաջարկները ԸՕ նախագծում, թե՞ ոչ

Կընդգրկվե՞ն ընդդիմության առաջարկները ԸՕ նախագծում, թե՞ ոչ

Նոյեմբերի 26-ին «Հայելի» ակումբում ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն անդրադարձել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծին։ Նա նշել է, որ դրանց վերաբերյալ կազմակերպված երկօրյա քննարկումները բավական հաջող էին։ Խորհրդարանական ընդդիմությունը, որը ևս ԸՕ է մշակում, Դ. Հարությունյանի խոսքերով, նշել է, որ իրենց նախագծից 55 կետ ընդգրկված է իշխանական կոալիցիայի կողմից ներկայացրած ԸՕ նախագծում։ Այդ փաստը բանախոսը դրական է գնահատել։

Այդուհանդերձ նա նշել է, որ ընտրական օրենսդրությունը երբևէ չի կարող փոխարինել բուն իրականացմանը, քանի որ օրենքը չի կարող լուծել բոլոր հարցերը։

-Այնուամենայնիվ, բազում հարցեր կան, և այդ հարցերին պետք է անդրադարձ կատարվի ընտրական օրենսդրության միջոցով, բայց դա դեռևս ոչինչ չի նշանակում։ Դա չի նշանակում, որ ԸՕ-ն ի վիճակի է արմատապես փոխել իրավիճակը: Այն կարող է աջակցել, որ ավելի որակյալ ընտրություններ կատարվեն,-ասել է նա։

Դ. Հարությունյանն անդրադարձել է նաև ընդդիմության կողմից բարձրացվող երեք հիմնական կետերին՝ 100% համամասնական ընտրակարգին անցնելուն, ընտրամատյանները պատին փակցնելուն և հանձնաժողովներում ընդդիմության և իշխանության հավասար ներկայացվածությանը։

100% համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ նա ասել է, թե կան տարբեր կարծիքներ և կան կուսակցություններ, որոնք պնդում են 100% մեծամասնական ընտրակարգին անցնելու վրա։ Նա նշել է, որ կան խարիզմատիկ անձանց վրա կառուցված կուսակցություններ,և նրանք նախընտրում են ունենալ 100% մեծամասնական ընտրություններ, իսկ կուսակցությունները, որոնք ավելի հակված են ձևավորված լինել որպես կուսակցություն, բնական է, կողմ են 100% համամասնական ընտրություններին։

-Ես հակված եմ այսօրվա միջանկյալ տարբերակին։ Հակված չեմ 100% համամասնական ընտրություններին։ Հակված չեմ, որովհետև 100% համամասնական մոդելները շատ հաճախ խորհրդարան են բերում կուսակցական ֆունկցիոներների,-նշել է նա։

Ինչ վերաբերում է ընտրամատյաններին, ապա Դ. Հարությունյանն ասել է, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն էլ են համարում, որ դա ճիշտ մոդել չէ, քանի որ դա ընտրական իրավունքի խախտում է։

Հանձնաժողովների բաշխվածության առումով, ըստ նրա, իշխանությունները նախագծում բավական լուրջ քայլ առաջարկել են ՝ նախատեսելով, որ բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում ղեկավար պաշտոնները պետք է բաշխված լինեն ըստ խորհրդարանում կուսակցությունների ներկայացվածության։ Դա, նրա խոսքերով, թերևս ամենաօբյեկտիվ չափանիշն է։

Դավիթ Հարությունյանն ասել է, որ չի կարող երաշխիքներ տալ՝ ընդդիմության առաջարկները կընդգրկվե՞ն նախագծում, թե՞ ոչ, քանի որ նախագիծը ձևավորվում է քվեարկությամբ.

-Այնուամենայնիվ, որպես համապատասխան հանձնաժողովի նախագահ ասում եմ, որ իսկապես շատ հետաքրքիր առաջարկներ հնչել են, որոնց մի մասը, ես վստահ եմ (իմ կարծիքն եմ արտահայտում), հավանաբար կընդգրկվի ընտրական օրենսգրքում։

Նախագիծը, ըստ Դ. Հարությունյանի, Ազգային ժողովի օրակարգ կմտնի հավանաբար փետրվարին։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը