Մեկնաբանություն

03.09.2014 11:58


Ո՞վ է ոգևորում Ալիևին

Ո՞վ է ոգևորում Ալիևին

Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում անդրադառնալով արտագաղթի խնդրին՝ նշեց, որ այլ երկրների համեմատ՝ Հայաստանն ունի արտագաղթի երկու լրացուցիչ պատճառ, որոնք խթանում են այն: Առաջինը նա նշել է հայկական սփյուռքի առկայությունը, իսկ մյուսը՝ չավարտված պատերազմը, այսինքն՝ Արցախի չկարգավորված խնդիրը: Այնուհետև հավելել է. «Ես կարող եմ այլ լրացուցիչ պատճառներ էլ ասել, բայց չեմ ուզում չարախոսների բերանում լեզու դնել, հասկանո՞ւմ եք, որպեսզի վաղը այդ փաստարկները չօգտագործեն մեր դեմ. ես նկատի չունեմ մեր երկրի ներսում»:

Հարկ է նկատել, որ Սարգսյանի ներկայացրած փաստարկները Հայաստանի դեմ արդեն իսկ օգտագործում է Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիևը հայտարարել է. «Սերժ Սարգսյանը, փաստորեն, խոստովանեց, որ հայ ժողովուրդը փախչում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդրի պատճառով, այսինքն՝ անուղղակի կերպով խոստովանեց, որ հայերի արտագաղթի գլխավոր պատճառը վախն է: Հայ հասարակությունն ապրում է վախի մեջ, եւ դա խոստովանում է արդեն Սերժ Սարգսյանը, քանզի Հայաստանի բարձրագույն իշխանությունը եւ այդ երկրի հասարակությունը շատ լավ հասկանում են, որ ադրբեջանական բանակի հզորությունը ունակ է լուծել ղարաբաղյան խնդիրը»:

Փաստացի, Սերժ Սարգսյանն ասում է, որ արտագաղթի այլ պատճառների մասին չի խոսի, որպեսզի դա չօգտագործեն Հայաստանի դեմ, բայց, միևնույն ժամանակ, այնպիսի պատճառ է նշում, որը, պարզ է, կօգտագործվի Ադրբեջանի կողմից:

Բայց ավելի հետաքրքիրն այն է, որ սույն թվականի օգոստոսի 8-ին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր նաև. «Երբ Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը մշտապես ասում են, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է և այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին: Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին որոշ դեպքերում և որոշ հարցերի շուրջ լինել զուսպ»:

Նման դեպքերում կարելի է մի երկու հռետորական հարց տալ Սերժ Սարգսյանին: Երբ Ալիևը հայտարարում է, որ հայ ժողովուրդը փախչում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդրի պատճառով, ապա նա ո՞ւմ կարծիքն է կրկնում, կամ ո՞ւմ հայտարարություններն են ոգևորում ադրբեջանցիներին:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը