Կարծիք

05.09.2014 12:11


Ովքե՞ր են պատասխանատվություն կրում այն բանի համար, որ մեր երկիրը վերածվել է «ֆուտբոլային գնդակի»

Ովքե՞ր են պատասխանատվություն կրում այն բանի համար, որ մեր երկիրը վերածվել է «ֆուտբոլային գնդակի»

Այն բանի համար, որ Հայաստանը վերածվել է «ֆուտբոլային գնդակի», ու այսօր Հայաստանի շահերը ոչ ոք հաշվի չի առնում, անշուշտ, պատասխանատվություն է կրում առաջին հերթին Սերժ Սարգսյանն՝ իր նեղ թիմի հետ միասին, ու այլ կարծիք լինել չի կարող: Սրանում մեղավոր են նաև այն լրատվամիջոցները, քաղաքական ու քաղաքացիական զանգվածները, ովքեր 3 տարուց ավելի երկրում հակառուսական քարոզ էին անում, գոռում էին, թե Սաշիկի եղբայրն իրենց տանելու է դեպի Եվրոպա, ու պետք է ռուսներին «տշել» Հայաստանից՝ չհասկանալով (կամ` լավ էլ հասկանալով), որ այդ ամենն անպատիժ չի մնալու:

Այս ամենի արդյունքում մենք ստորացված խնդրվեցինք մտնել ՄՄ (ԵՏՄ), ռուսները 300 միլիոնի «շտռաֆ» դրեցին մեր վրա գազի համար, ազերիներին մոտ 1 մլրդ-ի զենք վաճառեցին, ռուսական պետական ապարատում հզորացան ադրբեջանական լոբբինգ անող գործիչները, ինչը հանգեցրեց նրան, որ Ալիևը հաբրգեց ու օգոստոսին փորձում էր պատերազմ հրահրել:

Սա այնքան ակնհայտ է, որ քիչ թե շատ մտածելու ունակություն ունեցող մարդը կհասկանա: Եվ գոնե այս ամենից հետո երկրում պիտի իրենց բերանները փակեին այն մարդիկ, ովքեր Բաղրամյան 26-ի հովանավորությամբ տարիներ շարունակ հակապետական քարոզ էին անում, բայց, արի ու տես, որ այդ պրոցեսը շարունակվում է:

Երևի բոլորը հասկանում են, որ մենք պատերազմի ու խաղաղության արանքում էինք օգոստոսի 10-ից առաջ, և Սոչիում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո լարվածությունը սահմանում թոթափվեց: Այն թոթափվեց նաև հայ զինվորի գործոնի շնորհիվ, որովհետև եթե մեր տղաները սարի պես կանգնած չլինեին մեր սահմանին, ապա ոչ մի Սոչի մեզ չէր փրկի. սա փաստ է:

Բայց այսօր նույն Բաղրամյան 26-ի ենթակայության ու հովանավորության տակ աշխատող ԶԼՄ-ն (1in.am) պնդում է, թե Քերին կասեցրեց պատերազմը: Այս մարդիկ իրականում Ստալինի քարոզով զբաղվող մարդկանցից չեն տարբերվում. իրենք նույն կարգի երևույթներ են: Պարզապես մեկի համար Ստալինն է երազանքների գագաթնակետը, իսկ մյուսների համար` Քերին ու ԱՄՆ-ից ստացած գրանտները: Սակայն իրականում նողկալի են թե՛ առաջին, թե՛ երկրորդ տեսակի մարդիկ, քանզի իրենց համար կարևորը ոչ թե Հայաստանի շահն է, այլ ՌԴ-ին կամ ԱՄՆ-ին քծնելը:

Կարծում եմ, որ նման տիպի մարդիկ պիտի տեղ չունենան քաղաքական ու լրատվական դաշտում, բայց դա կարող է ապահովել միայն նոր իշխանությունը, քանզի գործողը հենց նման «դիշովկաների» վրա էլ հիմնված է:

Սևակ Դանիելյան

Այս խորագրի վերջին նյութերը