Քաղաքական

01.10.2014 19:48


Վահե Հովհաննիսյան. Խաղաղ ճանապարհով իշխանության փոփոխությունը հետխորհրդային երկրների ամենացավոտ խնդիրներից է

Վահե Հովհաննիսյան.  Խաղաղ ճանապարհով իշխանության փոփոխությունը հետխորհրդային երկրների ամենացավոտ խնդիրներից է

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի այսօրվա նիստում
Ես ուզում եմ ընդգծել, որ զեկուցողները կատարել են մեծ ծավալի և խորության աշխատանք: Շատ դժվար է պատրաստել նման մանրակրկիտ զեկույց և խորությամբ պատկերել ամբողջական պետության մեջ տեղի ունեցող գործընթացները:
Իսկ Վրաստանում ժողովրդավարության և բարեփոխումների պրոցեսները գնում են մեծ ծավալով` ընդգրկելով նոր ոլորտներ և հասարակության նոր շերտեր:
Զեկույցի առանցքը, ամենակարևոր հանգրվանը, ըստ իս, խաղաղ ճանապարհով իշխանության փոփոխությունն էր Վրաստանում: Սա մնում է հետխորհրդային երկրների ամենացավոտ խնդիրներից: Հարավային Կովկասում դա առայժմ հաջողվել է միայն Վրաստանին: Եվ Եվրոպական կառույցների ամենակարևոր և ճիշտ դիրքորոշումը պետք է լինի խիստ անհանդուրժողականությունը ընտրությունների կեղծման և ժողովրդի կամքի և ընտրության ոտնհարման հանդեպ: Սա մի խնդիր է, որը երբեք չպետք է ենթադրի փոխզիջում:
Վրաստանն արել է այդ քայլը, և շատ կարևոր է, որ գործող իշխանությունները խորացնեն “ավանդույթները”:
Երկրորդ խնդիրը, որը ես ուզում եմ կարևորել, մեդիա համակարգի ազատություններն ու բարեփոխումներն են: Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ անցումային ժողովրդավարությամբ երկրներում իշխանություններն իրեն ձեռքում են պահում մեդիա դաշտը` ստեղծելով կեղծ ազատության և կեղծ բազմակարծության պատրանք:

Երրորդ կետը. նախկին իշխանությունների ներկայացուցիչների հանդեպ քրեական հետապնդումները: Շատ կարևոր է խուսափել որևէ դատական գործից, որի տակ կզգացվեր հստակ քաղաքական ենթատեքստ: Սրանից խուսափելը լավ հիմք կստեղծեր քաղաքական դաշտում խաղաղ համակեցության և ապագա ընտրությունների բնականոն ընթացքի համար: Եվ մյուս կողմից` իշխանության ցանկացած ներկայացուցիչ պետք է իմանա, որ իր պաշտովարման ընթացքում կատարած որևէ հանցագործություն անպատիժ չի մնալու: Եվ անկախ դատաիրավական համակարգի խնդիրն է՝ քաղաքական մոտիվացիան իրական հանցագործութունից տարբերելը:

Ես առանձին ուզում եմ ընդգծել Վրաստանի նախկին իշխանությունների կողմից իրականացված գաղտնալսումները և գաղտնի տեսագրությունները քաղաքական հակառակորդների և բիզնեսի հանդեպ: Զեկույցում նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ այս խնդիրն ուսումնասիրելու համար: Մոտ 24 հազար գաղտնի նյութ, որ օգտագործվել է մարդկանց վախեցնելու և շանտաժի ենթարկելու համար, պետք է ոչնչացվի: Սա սահմռկեցուցիչ երևույթ է: Այս խնդիրը գոյություն ունի հետխորհրդային այլ երկրներում նույնպես: Կարևոր է, որ նման հրամաններ տվողներն իմանան, որ վաղ թե ուշ իրենք խստորեն պատժվելու են այս իրոք` ծանր հանցագործության համար:

Մյուս հարցը. շատ կարևոր է, որ վրացական իշխանությունները շատ կոշտ արձագանքեն էթնիկ և կրոնական ցանկացած խտրականության դեպքին: Այս հարցում Վրաստանը, ցավոք, դեռ շատ անելիք ունի:

Եվ վերջինը. Վրաստանն ունի ներուժ՝ Կովկասում դրական զարգացումները խթանելու համար: Ես նկատի ունեմ առաջին հերթին ինտեգրացիոն գործընթացները: Եկեք ընդունենք, որ որ փակ ճանապարհները որևէ կերպ չեն կարող նպաստել ինտեգրացիոն գործընթացին: Եվ այստեղ ես, առաջին հերթին, ի նկատի ունեմ այսպես կոչված Աբխազական երկաթգծի վերաբացումը, որը կապում է Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը: Սա տնտեսական մեծ ակտիվություն կհաղորդի երեք երկրներին: Կարծում եմ՝ ժամանակն է, որ այս հարցը դրվի օրակարգում նոր սրությամբ և այս անգամ՝ լուծում գտնելու պատրաստակամությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը