Քաղաքական

24.10.2014 18:10


Վարդան Օսկանյան. « Ստեղծված համակարգը հնարավոր է ջարդել և քանդել միայն մի ճանապարհով՝ իշխանափոխությամբ»

Վարդան Օսկանյան. « Ստեղծված համակարգը հնարավոր է ջարդել և քանդել միայն մի ճանապարհով՝ իշխանափոխությամբ»

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի կարծիքով այսօր ոչիշխանական քաղաքական ուժերը հավաքվել են Ազատության հրապարակում, «որովհետև այլևս այլընտրանք չկա», և դա գալիս է այսօրվա հրամայականից։

«Երկիրը ծանր վիճակի մեջ է. եթե այսպես թողնենք՝ շարունակվի, մենք անդառնալիորեն վտանգելու ենք երկրի ֆիզիկական, տնտեսական անվտանգությունը և ինքնիշխանությունը», – նշել է պատգամավորը՝ հավելելով, որ իշխանություններն անտեսում ու արհամարհում են երկրում առկա ծանր վիճակը։

Օսկանյանը շեշտել է, որ իշխանությունների նպատակը սահմանադրական փոփոխությունների շնորհիվ իշխանության մնալն է։
«Այս իշխանությունները ոչ միայն պատրաստ չեն որևէ բան անելու, այլև ի վիճակի չեն, որովհետև այս տարիների ընթացքում նրանց վարած տնտեսական, քաղաքական մենաշնորհային և ապաշնորհային քաղաքականության արդյունքում ձևավորվել է մի այնպիսի համակարգ, որի ներսում անգամ եթե լինեն ազնիվ մարդիկ, ուզենան ինչ–որ բան փոխել, չեն կարող փոխել»։

Օսկանյանն ընդգծել է, որ ստեղծված «համակարգը հնարավոր է ջարդել և քանդել միայն մի ճանապարհով՝ իշխանափոխությամբ»։
Պատգամավորի խոսքերով՝ այսօր Հայաստանը կանգնած է թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերների առաջ, որոնց հնարավոր կլինի դիմակայել միայն ժողովրդավարական պետություն ունենալու դեպքում, որի իշխանությունը ձևավորված կլինի ժողովրդի ընտրության արդյունքում։

Ըստ Օսկանյանի՝ հասարակությունն այսօր ունի՛ իշխանափոխության պահանջ. «Դրա վառ վկայություններից մեկն էլ այս երկրորդ հանրահավաքն է։ Երկրորդ պայմանն այս հարթակի վրա կանգնած ոչիշխանական խորհրդարանական քաղաքական ուժերի մեծամասնության լիդերների ու նրանց անդամների ներկայությունն է, որոնք կարողացել են իրենց շահերը, տարակարծությունները մի կողմ դնել և միասնական բռունցք դառնալ միասնական շահերի համար։ Այսօր այս ընդդիմությունը վայելում է ժողովրդի վստահությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը