Կարծիք

03.11.2014 13:47


Աննա Մովսիսյան. «Վճռականության քարոզ է անում ամենաանվճռական և կամազուրկ իշխանությունը»

Աննա Մովսիսյան. «Վճռականության քարոզ է անում ամենաանվճռական և կամազուրկ իշխանությունը»

Վերջին շրջանում ակտիվացել են, իսկ ավելի շուտ՝ ակտիվացվել են «ռադիկալները»։ Քաղաքականության մեջ հենց այնպես ոչինչ չի լինում։ Մեր «ռադիկալներն» էլ օդից չեն իջել։ Ո՞ւմ է դա ձեռնտու։
«Եռյակը» բազմիցս նշել է, որ իշխանափոխության անցնցում տարբերակն է ընտրել, հետևաբար դրան հասնելու ճանապարհին ռադիկալ քայլերի գնալու տարբերակը չի դիտարկվում։ Դա է ապացուցում նաև Գագիկ Ծառուկյանի հետևյալ հայտարարությունը. «Այսպես կոչված մայդանները ժողովուրդներին հաճախ տառապանք և ցավ են բերում։ Ես նման ճանապարհի հակառակորդն եմ։ Սակայն «մայդանի» այլընտրանքը չպետք է լինի լճացումը»։
Երկբևեռ քաղաքական դաշտի պայմաններում, երբ բևեռներից մեկը պարզ հայտարարում է և իր գործողություններով էլ ապացուցում, որ չի պատրաստվում երկիրը տանել ցնցումների, մյուս բևեռում է անհրաժեշտ փնտրել նման քարոզի սկզբնաղբյուրը։
Ռադիկալ քայլերը, առկա իշխանության պատկերացումներով, արմատական փոփոխությունները չեն, այլ իշխանությանն ամեն գնով մնալը։
Ընդհանրապես, ծայրահեղ, անզիջող, «արմատական» գործողությունները բնորոշ են բոլշևիկներին, ֆաշիստներին, նեոբոլշևիկներին...
Հետաքրքիրն այն է, որ վճռականության քարոզ է անում ամենաանվճռական և կամազուրկ իշխանությունը, որը ոչ վճռականություն, ոչ էլ կամք ունեցավ՝ երկիրը տանելու զարգացման ճանապարհով։ Մի օր չտեսանք որևէ դրական արմատական քայլ, որը կնպաստեր երկրի առաջընթացին։ Փոխարենը՝ «գեբելսյան» քարոզչամեքենան փորձում է ժողովրդի մեջ ռադիկալիզմ սերմանել, որ վերջնականապես երկիրը կործանվի։
Բաղրամյան 26-ում լավ կանեն՝ վերջ տան նման քարոզին։ Թե չէ, 50/50 հաշվարկները կարող է՝ 80/20 դուրս գան՝ հօգուտ ժողովրդի. արդյունքում՝ ուղղակի պետությունը կտուժի։ Նման բան երկրի առողջ ուժերը չեն ցանկանում և իրենց քայլերով ապացուցում են նաև, որ թույլ չեն տա։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը