Կարծիք

04.11.2014 13:49


Մերի Մովսիսյան. «Շտապ. Դավիթ Շահնազարյանը պատրաստվում է գնալ առաջին գիծ»

Մերի Մովսիսյան. «Շտապ. Դավիթ Շահնազարյանը պատրաստվում է գնալ առաջին գիծ»

Երեկ Հելսինկիում, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Մինսկի գործընթացի անկախ քաղաքացիական նախաձեռնության» շրջանակներում փաստաթուղթ է ստորագրվել հայկական (Դավիթ Շահնազարյան, Կարեն Օհանջանյան, Նատալյա Մարտիրոսյան, Աղասի Ենոքյան, Հայկակ Արշամյան) և ադրբեջանական (Էլդար Նամազով, Լեյլա Ալիևա, Արզու Աբդուլաևա, Ալի Աբասով, Զարդուշտ Ալիզադե) հասարակության ու փորձագետների ներկայացուցիչների կողմից։
Այսպես, Բաղրամյան 26-ի հայտնի հաճախորդ Դավիթ Շահնազարյանը և նրա պատվիրակությունը ստորագրություններ են դրել մի փաստաթղթի տակ (անկախ նրանից, թե դա իրավական ինչ նշանակություն ունի), որն անընդունելի է համարում ԼՂՀ ստատուս քվոյի հետագա պահպանումը։ Մեջբերում՝ «Ստատուս քվոյի պահպանման հետագա փորձերն, անտարակույս, կդառնան նոր վտանգավոր միտումների անբաժան մաս, որոնք սպառնում են ոչ միայն համաեվրոպական անվտանգությանը, այլև մեր երկրների անկախությանն ու ինքնիշխանությանը»։
Հաջորդիվ դավիթշահնազարյանական դեսպանությունն անհրաժեշտ է համարում ի գործ դնել Ուորլիքի «Քարնեգի» կենտրոնում հնչեցրած խնդրի կարգավորման հայկական կողմի շահերին բացարձակապես հակասող թեզերը, որոնցից մեկը, օրինակ, հետևյալ բովանդակության է. «Երրորդ՝ Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել, և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»։
Բացի այդ, դավիթշահնազարյանները կոչ են անում ձեռնամուխ լինել փոխզիջումների փնտրտուքներին։ Դժվար չի կռահել, թե փնտրտուքի տակ ինչ նկատի ունի Բաղրամյան 26-ի ակտիվ հաճախորդը, առավել ևս՝ Ուորլիքին հղում անելիս։
Փոխզիջման հայկական կողմը գնացել է դեռևս 1994 թվականին։
Իսկ ինչ վերաբերում է նույն այդ անձանց հակահայկական ու ադրբեջանամետ նման ձևակերպմանը՝ «հրաժարվել առավելապաշտական պահանջներից և ստանձնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվության իրենց մասնաբաժինը», ապա հիշեցնեմ, որ դրա տակ պետք է միայն ու միայն ադրբեջանական պատվիրակությունը ստորագրեր։ Քանզի նրանց ախորժակն է մաքսիմալիստական։
Մյուս կողմից էլ, երևի, Դավիթ Շահնազարյանը սեփական հողը, հայրենիքը և պետական ու ազգային շահերը պաշտպանելը որպես մաքսիմալիզմ է ընկալում, եթե նմանատիպ կոչերի տակ դնում է իր «անզուգական» ստորագրությունը։
Տեղին կլինի հիշեցնել, որ հայկական պատվիրակության՝ վերը նշված անձինք երկրի ներքաղաքական կյանքում ակտիվ հանդես են գալիս «եռյակի» դեմ օգտագործելով ցանկացած առիթ՝ ի շահ և հօգուտ Սերժ Սարգսյանի ու նրա ձևավորած իշխանության։
Ինչպես տեսնում ենք, բոլոր սլաքներն ուղղված են Բաղրամյան 26։
Հակապետականության սկզբնաղբյուրը, կարծում եմ, առիթ չկա նշելու՝ որտեղ է սկիզբ առնում, և ովքեր են դրա տարածողները։
Արցախում ոչ մեկ անգամ և ամենաբարձր մակարդակով նշել են՝ ո՛չ մի թիզ հող։ Քիչ թե շատ քաղաքական գիտակցության տեր մարդ համապատասխան հետևություններ կաներ դրանից։
Այն, ինչ Դավիթ Շահնազարյանի շուրթերով քարոզվում է, տեղավորվում է «Խաղաղություն հանուն պատերազմի» ձևակերպման մեջ։ Վերջին վեց տարիների քաղաքականությունը։

Հ. Գ. «Հայրենասեր և հայրենանվեր» Դավիթ Շահնազարյանն առաջինն է գնալու առաջին գիծ, եթե հանկարծ կարիք լինի հայրենիքն ու հողը նորից պաշտպանելու։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը