Կարծիք

11.11.2014 10:41


«Գրասենյակները միասնական են. դրանք նեղ կուսակցական չեն»

«Գրասենյակները միասնական են. դրանք նեղ կուսակցական չեն»

Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ հիմնելու ԲՀԿ-ի որոշման մեջ կան մի շարք ակնհայտ, բայց առանձին դիտարկման արժանի կետեր։
Նախ՝ խոսքն իրոք համաժողովրդական շարժման մասին է, ժողովրդի տրամադրություններն արտահայտող ու հասարակ քաղաքացու անմիջական մասնակցությունը ներառող շարժման, համազգային մոբիլիզացման օրակարգ ունեցող շարժման, որը Սփյուռքի հետ ճիշտ աշխատանքի կազմակերպման դեպքում կարող է ձեռք բերել այն առաքելությունը, որը ժամանակին ուներ 80-ականների վերջին ծնված համազգային շարժումը: Իսկ խնդիրը նույնն է՝ ազգի գոյատևման հարցը, ու սա բնավ էլ չափազանցություն կամ խնդրի ուռճացում չէ: Այն ժամանակ հաղթեցինք, հիմա էլ պիտի հաղթենք, սակայն այս դեպքում պետք է հաղթենք առաջին հերթին ինքներս մեզ, իսկ հաղթանակը նախորդի տրամաբանական ու այլընտրանք չունեցող պատմական շարունակությունը պետք է հանդիսանա:
Երկրորդ՝ գրասենյակները միասնական են. դրանք նեղ կուսակցական չեն, դրանք ձևավորված ընդդիմադիր քաղաքական թիմի համակարգված գործողությունների արտացոլումն են լինելու: Այս փաստը հատուկ կերպով է ընդգծվում ԲՀԿ-ի կողմից ու միանշանակ կառուցողական հողի վրա ընդունվում մյուս գործընկերների՝ ՀԱԿ-ի ու «Ժառանգության» կողմից: Իշխանական, «մերձիշխանական» կամ «պսևդոընդդիմադիր» հատվածների էժանագին սադրանքները պարզապես պետք է արհամարհել:
Երրորդ՝ գրասենյակ հիմնելն ինքնին նշանակում է «մաքուր» քաղաքական պայքարի մարտավարություն ընտրել, մեր դեպքում՝ կշռադատված, ռադիկալիզմից խուսափելու, բայց սեփական նպատակներից ոչ մի գնով հետ չկանգնելու ուղուն ապավինելը: Ի դեպ, գրասենյակների ստեղծումը բնավ էլ չի բացառում հանրահավաքային պայքարի ձևաչափը: Այլ հարց է, որ տվյալ պարագայում ռեալպոլիտիկի սկզբունքները պահանջում են վարել սառնասիրտ, փուլային տարբերակով իշխանափոխություն իրականացնելու քաղաքականություն: Իսկ այն ակտիվիստները կամ փորձագետները, ովքեր պնդում են, թե կոպիտ փողոցային պայքարն է միակ ճանապարհը «եռյակի» համար, կա՛մ ուղղակի քաղաքականապես գրագետ չեն, կա՛մ արհեստականորեն փորձում են շփոթմունք մտցնել ընդդիմության մեջ: Չի հաջողվելու:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը