Կարծիք

11.11.2014 16:14


«Սերժ Սարգսյանը, բնազդաբար, թե գիտակցվածության հարթության վրա, վտանգ է զգում ընդդիմադիրների կոնսոլիդացիայից»

«Սերժ Սարգսյանը, բնազդաբար, թե գիտակցվածության հարթության վրա, վտանգ է զգում ընդդիմադիրների կոնսոլիդացիայից»

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ Կառավարությանը հանձնարարել է կրկին անգամ անդրադառնալ «ընդդիմություն մինուս 1»-ի կողմից առաջարկված 12 կետերին: Սա խոսում է գլխավորապես մի բանի մասին՝ Սերժ Սարգսյանը, բնազդաբար, թե գիտակցվածության հարթության վրա, վտանգ է զգում ընդդիմադիր շրջանակներում ձևավորված կոնսոլիդացիայից, ուստի ամեն կերպ փորձում է հարթեցնել «սուր անկյունները»` խուսափելով առճակատումից: Միաժամանակ, աստիճանական, սառնասիրտ պայքարի մարտավարությամբ է առաջնորդվում նաև ընդդիմադիր «եռյակը»: Արդյունքում, ըստ էության, պետք է արձանագրել, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկու կողմերի գործողություններն էլ կարող են հանգեցնել, դանդաղ, աստիճանական, բայց հաստատուն իշխանափոխության գործընթացների: Այսինքն, ակնհայտ է, որ ընդդիմադիր «եռյակի» գործողությունների համակարգումը, միասնական գրասենյակներ բացելու որոշումը, ի վերջո, հանգեցնում է ճնշումների ու լրջորեն անհանգստացնում իշխանությանը ու, մասնավորապես, Սերժ Սարգսյանին: Եվ սա միանգամայն բնական է:
Սակայն չի կարելի չարձանագրել նաև այն, որ Սերժ Սարգսյանի ու իշխանության կողմից նախկինում էլ եղել են խոստումներ, հավաստիացումներ և նմանատիպ այլ հայտարարություններ, որոնք հռչակում էին մի բան, սակայն գործնականում հետապնդում լրիվ այլ նպատակներ: Ուստի ընդդիմադիր ուժերի կենտրոնացված գործողությունները պետք է շարունակվեն ու ոչ մի կեղծ կամ նույնիսկ իրական իմպուլսի ազդեցության ներքո՝ չթուլանան:
Ինչ վերաբերում է 12 կետերին, ապա ակնհայտ է, որ աստիճանաբար «եռյակը» պետք է մտածի ավելի քաղաքական փաթեթ մշակելու մասին, լուրջ օրենսդրական փոփոխությունների մասին, սահմանադրական «բարեփոխումները» վերջապես կասեցնելու մասին և այլն: Այլ կերպ ասած՝ ընդդիմությունը պետք է ձևավորի քաղաքական դիսկուրսին համարժեք իրական քաղաքական օրակարգ, ու ինքը թելադրի դրա մեջ տեղ գտնող կետերն ու դրանց իրականացման մեխանիզմները:
Արսեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը