Աշխարհ

22.09.2009 19:35


Վահան Հովհաննիսյան. «Այն առաջին փաստաթուղթը, որ մենք տեսել ենք, ուղղակի Կարսի պայամանգիրն էր սեղանին դրված»

Վահան Հովհաննիսյան. «Այն առաջին փաստաթուղթը, որ մենք տեսել ենք, ուղղակի Կարսի պայամանգիրն էր սեղանին դրված»

Հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մասին խոսելիս՝ Վահան Հովհաննիսյանն ասել է, որ եթե մինչ օրս հայկական միջավայրում էին խմորումները, ապա այժմ իրենք ունեն այլ երկրներից, միջազգային իրավունքի մասնագետների կողմից կատարած փորձաքննության արդյունքները, որտեղ նրանք հայտնում են իրենց մտավախություններն ու մտահոգությունները։ Վ. Հովհաննիսյանի կարծիքով՝ արձանագրությունների ստորագրման դեպքում էական փոփոխություններ են կատարվելու հայոց պատմության դասագրքերում։ Նույնը տեղի է ունեցել նաև Հունաստանում՝ նրանք ստիպված են խուսափել պատմական ճշմարտությունը ներկայացնելուց։ Դեռևս 1974թ.-ին ստեղծվել է լեհ-գերմանական հանձնախումբը, որտեղ աշխատանքներ են տարվում համատեղ պատմության դասագիրք ստեղծելու ուղղությամբ։ Հիմա Լեհաստանն ու Գերմանիան իրար հետ խնդիր չունեն, բայց դեռևս մնում են պատմական ճշմարտությունը ներկայացնող դասագրքեր։

-Նույնիսկ լեզու գտած երկրները (որոնցից ցեղասպանություն գործողը մեղանչել է, պարտվել է, տարածքները զիջել է) մինչև հիմա դասագրքերի համադրման մեջ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել,- ասել է Վ. Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով՝ ի՞նչ էլ որ դնեն այդ արձանագրությունների անունը, դրանք միջազգային հանրության համար միջազգային պայմանագիր են և, այս տեսանկյունից, «հայկական դիվանագիտությունն ուղղակի խայտառակվել է և չի կարողացել պաշտպանել հայության շահերը»։ Ինչ վերաբերում է թուրքական կողմի պնդումներին, թե այդ արձանագրությունները հայկական ծուղակ են,  ապա դրանք, ըստ Վ.Հովհաննիսյանի, դերասանություն են։

Նա նշել է, որ Թուրքիան երբեք արտաքին աշխարհի ծափահարություններով հետաքրքրված չի եղել և առաջնային է համարում իր շահերը, քան թե ի՞նչ կմտածեն իր մասին այլ երկրները։ Դրան հակառակ՝ մեր պետական այրերը վտանգների առկայության մասին նշելով՝ կարևորություն են տալիս արտաքին աշխարհի ծափահարություններին և Նոբելյան մրցանակներին։

-Չի բացառվում, որ ստորագրությունների թանաքը դեռ չչորացած, ծափահարություններն անմիջապես դադարեն, և մեր առջև նոր պայմաններ դրվեն՝ արդեն Ղարաբաղի հետ կապված։

Անդրադառնալով արձանագրություններում սահմանների փոխադարձ ճանաչման մասին կետին՝ ՀՅԴ Բյուրոյի անդամը նշել է, որ 200-ից ավելի երկրների միջև տարածքային բնույթի ավելի քան 130 միջազգային հակամարտություն կա, որոնք, այնուամենայնիվ, դիվանագիտական հարաբերություններ ունեն։ Այսինքն՝ «դիվանագիտական հարաբերություններ հաստատելը փոխադարձ սահմանի ճանաչում չի ենթադրում, դիվանագիտական հարաբերությունները ճանաչում են փոխադարձ պետականությունը»։

-Այն արձանագրությունները, որոնք մեզ հիմա դեմ են տվել շրջափակման քաղաքականության շարունակությունն են, բայց այս անգամ արդեն թղթի վրա գրված և պարտավորությունների տեսքով։  

Լրագրողներից մեկի հարցին անդրադառնալով, թե Լևոն Տեր-Պետրոսյանը Դաշնակցությանը մեղադրել է գործընթացին արդեն երկու տարի տեղյակ լինելու և լռելու համար՝ Վ. Հովհաննիսյանը պատասխանել է.

-Այդ գործընթացը շատ ավելի երկար է գնում և մենք, իհարկե, տեղյակ էինք։ Բայց գնում էր գաղտնի։ Խնդիրը այս ամենը հրապարակային դարձնելն է, որովհետև այդպիսով է, որ գործընթացը տալիս ես ձեռքիցդ և թուրքերը կարողանում են ամբողջ աշխարհին ներկայանալ որպես տոլերանտ և զիջող, ցեղասպանության հարցն էլ փակվում է։ Լևոն Տեր-Պետրոսյանի ասածի մեջ կեղծիք կա, քանի որ մենք գիտեինք, բայց գործընթացը գաղտնի էր։ Մենք հետևում էիք, թե ի՞նչ էր կատարվում։ Խորհուրդներ էինք տալիս, օգնում էինք։

Ինչ վերաբերում է այդ խորհուրդների ազդեցություն թողնել-չթողնելուն, Վ.Հովհաննիսյանը պատասխանել է, որ դրանք ազդեցություն ունեցել են, քանի որ իրենց տեսած առաջին փաստաթուղթը «ուղղակի Կարսի պայմանագիրն էր սեղանին դրված»։

Վահան Հովհաննիսյանը նշել է, որ չի կարծում, որ արձանագրությունների վերաբերյալ քննարկումներից հետո խորհրդարանում որևէ համատեղ հայտարարություն կամ բանաձև «ծնվի», եթե, իհարկե, իրենց չհաջողվի «կոտրել ստրկամտության, վախվորածության և անտարբերության մթնոլորտը հենց խորհրդարանի մեջ»։ Նրա համար հետաքրքիր է նաև, թե քանի՞ պատգամավոր կգա խորհրդարանական լսումներին։

-Բարեբախտաբար պահանջներն արդեն միայն մեր պահանջները չեն և շուտով կհրապարակվեն կազմակերպությունների և անհատ գործիչների ցանկերը, որոնք կա՛մ ամբողջությամբ, կա՛մ զգալի չափով պաշտպանում են արձանագրություններում փոփոխությունների պահանջը,- ասել է Վ. Հովհաննիսյանը։

Արփի Բեգլարյան

 

Այս խորագրի վերջին նյութերը