Լրահոս

18.11.2014 17:09


Ռուբեն Հայրապետյան. «Ես շատ դժգոհ եմ»

Ռուբեն Հայրապետյան. «Ես շատ դժգոհ եմ»

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: armsport.am-ը ներկայացրել է մի հատված դրանից։

- Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը Բեռնար Շալանդի կատարած աշխատանքին:
- Բնականաբար, ինձ արդյունքներն են հետաքրքրում, եւ ես շատ դժգոհ եմ: Ինձ չի կարող բավարարել, որ հավաքականը 3 խաղում վաստակել է մեկ միավոր:
- Շարունակելո՞ւ եք վստահել Շալանդին:
- Եթե ես չվստահեի, ապա հիմա կհայտարարեի, որ նա հեռացված է: Ինչ վերաբերում է նրա մարտավարությանը եւ այլին, ապա չի բավարարում:
- Քննարկե՞լ եք այդ ամենն իր հետ:
- Ես ֆեդերացիայի նախագահ եմ եւ նշանակել եմ մարզիչ: Ես չեմ միջամտում մարզչի աշխատանքին: Բայց կարծիքս հայտնում եմ: Օրինակ՝ Արտակ Դաշյանին խորհուրդ եմ տվել՝ ընդհանրապես չհրավիրի, քանի որ նա չի համապատասխանում հավաքականին: Սերբիայի հետ խաղում մեր անհաջողության պատճառը Դաշյանի սխալ փոփոխությունն էր: Եթե ուշադիր եք եղել, մարզիչը բղավում էր՝ Արտա՛կ, «փակի՛»... Ֆրանսիայի հետ խաղում էլ նա անհաջող հանդես եկավ: Ես խաղի ժամանակ չեմ նայում գնդակին, այլ նայում եմ խաղացողների գործողություններին...
- Ինչպե՞ս եք գնահատում մեր շանսերը ընտրական փուլում:
- Մենք շանսեր ունենք: Բայց եթե շարունակենք խաղալ Պորտուգալիայի դեմ հանդիպման նման, ապա շանսեր չենք ունենա: Եթե մենք մտածում ենք միայն նրա մասին, որ մեզ գոլ չխփեն, ապա չենք կարող: Շալանդը փորձառու մարզիչ է, եւ կարծում եմ՝ քայլեր կձեռնարկի:
- Մարսելի «Օլիմպիկում» խաղում է հայ պաշտպան, ՊՍԺ-ում էլ կա երիտասարդ կիսապաշտպան: Նրանք կարո՞ղ են խաղալ Հայաստանի հավաքականում:
- Եկեք, Դուք ձեր գործով զբաղվեք, մենք՝ մեր: Ֆեդերացիան իր աշխատանքը կատարում է, մարզիչները հետեւում են: Եթե հայի ազգանուն ունի, ապա չի նշանակում, թե հայ է: Ովքեր ցանկություն ունեն, ապա դռները բաց են: Ովքեր սկսում են «բազար» անել, ապա չեն կարող հանդես գալ հավաքականում: Մալոյանին 6 անգամ հրավիրել եմ, նույնիսկ «Պորշե» ուզեց, համաձայնվեցի, բայց չեկավ:
- Խաղից հետո Շալանդը բողոքեց Պորտուգալիայի ֆեդերացիայի պահվածքից: ՀՖՖ-ն բողոք ներկայացնելո՞ւ է:
- Իհարկե, ո՛չ: Վատ պարողի պատմությունը գիտե՞ք: Շալանդը թող այլ տեղ փնտրի պատճառները: Մեր վատ ֆուտբոլ խաղալը բարդում ենք Պորտուգալիայի ֆեդերացիայի վրա՞:
- Մինչեւ մարտ հավաքականն ազատ է: Հնարավո՞ր է՝ ընկերական խաղեր լինեն:
- Կարող է՝ փետրվարին որեւէ տաք երկրում հավաք անցկացնենք:
- Ինչպե՞ս եք գնահատում 21, 19, 17 տարեկանների ելույթները:
- Վատ, բայց պետք է ասել, որ նրանք ուրիշ խնդիր են լուծում, եւ կգա ժամանակը, եւ մենք կունենանք արդյունք:
- Ըստ Ձեզ՝ ո՞րն էր Պորտուգալիայի հետ խաղի անհաջողության պատճառը:
- Վատ խաղը: Մենք ունենք պոտենցիալ... Սխալ մարտավարության արդյունքում ենք պարտվել. դա իմ անձնական կարծիքն է: Սարկիսովը, Մարկոսը նստած էին պահեստայինների նստարանին...
- Մխիթարյանի դեմ պորտուգալացիները կոպիտ էին խաղում...
- Լավ էին անում: Թող մերոնք էլ Ռոնալդուի դեմ այդպես խաղային: Ուրախանանք միայն, որ Մխիթարյանը վնասվածք չստացավ:
- Յուրա Մովսիսյանը մի տեսակ կտրված էր...
- Յուրա Մովսիսյանն ի՞նչ աներ, եթե այդքան մեծ ուժերով պաշտպանվում էինք: Մովսիսյանը «Ռեմբոն» հո չի՞, 4 պաշտպանի դեմ ի՞նչ աներ:
- Այն, ինչ Դուք ասում եք, շատերն են համամիտ, բայց կարծեք՝ այդ ամենը Շալանդը չի հասկանում: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր վստահությունը նրա նկատմամբ:
- Իսկ Դուք կարծում եք, թե նոր մարզիչն այս 3 ամսում հասկանալո՞ւ է, թե որն է խնդիրը: Ի տարբերություն մնացածի՝ ես ֆեդերացիայի նախագահն եմ եւ պատասխանատու եմ մարզչի համար: Մեծ հաճույքով կհանեի, բայց չկա կախարդական փայտիկ, որ նրա փոխարեն գա այն մարզիչը, ով կլուծի բոլոր խնդիրները:
- Կա մարզիչ. օրինակ՝ Վարդան Մինասյանը, որին ժամանակ պետք չէ...
- Նա պայմանագիր ունի եւ աշխատում է: Մոռացա՞ք, թե ինչ օրը գցեցիք Վարդան Մինասյանին: Բոլորն ասում էին, թե արտասահմանցի է պետք, բերեցի... Համոզված չեմ, որ Շալանդի փոխարեն ինչ-որ մեկը որ գա, ապա ավելի լավ է լինելու: Ես չեմ ուզեցել, որ Վարդանը գնա: Բայց նա չի ցանկացել մնալ: Վարդանը խորապես վիրավորած է եղել ֆուտբոլիստներից, լրագրողներից, երկրպագուներից...
Պետք չի շտապել. դա իր բացասական հետեւանքներն է ունենում: Շալանդին պետք է շանս տալ: Ազնվորեն, խաղից հետո չեմ զրուցել, քանի որ շատ վրդովված եմ եղել: Այժմ Իտալիայում է, կվերադառնա՝ կզրուցենք: Եթե չընդունեց իմ ասածները, ապա ես իմ որոշումները կկայացնեմ:
Տանք եւս մեկ հնարավորություն Շալանդին. միգուցե կկարողանա՞ ելք գտնել: Հանելը միշտ էլ կա:

Այս խորագրի վերջին նյութերը