Լրահոս

24.09.2009 14:03


Դատախազությունը կհրապարակի Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործի նյութերը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հրապարակայնացնում է 1980-ականների վերջերին Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում բնակվող հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների, զանգվածային բռնությունների դեպքերի առթիվ ՀԽՍՀ դատախազությունում քննված քրեական գործերի նյութերը և դրանց հիման վրա ստեղծվում է էլեկտրոնային արխիվ, որին ծանոթանալու հնարավորություն կընձեռվի լայն հասարակությանը, շահագրգիռ բոլոր կողմերին:

էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքներն իրականացվում են «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ:  Նախատեսվում է, որ 2-3 ամսից արդեն արխիվը կունենա ամբողջական տեսք և կտեղադրվի համացանցում:

«Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը գրավոր դիմել էր գլխավոր դատախազին՝ խնդրելով թույլատրել ծանոթանալու քրեական գործի նյութերին, անհրաժեշտության դեպքում կատարել գրառումներ: Նկատի ունենալով, որ այդ դեպքերն արդեն պատմական իրադարձություններ են և  մեծ է հասարակական հետաքրքրությունը, որոշվեց ստեղծել էլեկտրոնային արխիվ՝ քրեական գործի նյութերը, դրանց թվում տեղի ունեցած ջարդերի, բռնությունների վերաբերյալ վկայությունները հանձնել կրիչին, որոնք կարծում ենք օգտակար կարող են լինել ինչպես պատմագիրների, այնպես էլ քաղաքական գործիչների և ընդհանրապես հասարակության լայն շրջանակների համար, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա ճիշտ ըմբռնել և գնահատել պատմական իրադարձությունները:

Հայաստանի դատախազության արխիվում նյութերն ամբողջությամբ չեն պահպանվել, քանզի դրանցից անջատված առանձին գործեր ուղարկվել են ինչպես Ադրբեջան, այնպես էլ Ռուսաստան, որտեղ ոճրագործության անմիջական մի քանի մասնակիցներ, սպանություններ իրականացրած մի քանի անձինք դատապարտվել են տարբեր պատժաչափերի՝  ընդհուպ մահապատժի:

ՀՀ գլխավոր դատախազություն

 

Այս խորագրի վերջին նյութերը