Քաղաքական

02.12.2014 16:55


Հետաքրքիր զարգացումներ ՀՀԿ–ում. ԸՕ–ն փոխելու նախագծին կողմ ու ձեռնպահ քվեարկողներ են եղել

Հետաքրքիր զարգացումներ ՀՀԿ–ում. ԸՕ–ն փոխելու նախագծին կողմ ու ձեռնպահ քվեարկողներ են եղել

Ինչպես հայտնել էինք, այսօր կեսօրին խորհրդարանում քվեարկության է դրվել «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» նախագիծը, որի ընդունումը ՀՀԿ–ն տապալել է։

Այն մերժվել է 54 կողմ, 59 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

«Դեմ»–ը հենց Հանրապետականներն էին, բայց, պարզվում է, որ այդ խմբակցության պատգամավորներից եղել են նաև «կողմ» և «ձեռնպահ» քվեարկողներ։ ՀՀԿ–ականներից ոմանք էլ պարզապես չեն մասնակցել քվեարկությանը։

Մասնավորապես, ձեռնպահ են քվեարկել Սամվել Ֆարմանյանը, Ռուբեն Հովսեփյանը (Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայրը) և Վարդան Այվազյանը։

ԸՕ–ն բարեփոխելու նախագծին կողմ են եղել Արթուր Գևորգյանը (Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան), Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), Վրեժ Մարկոսյանը, Հայկ Գրիգորյանը և Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ)։

Իսկ քվերակությանը չեն մասնակցել ՀՀԿ–ականներ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), Խոսրով Հարությունյանը և Սպարտակ Մելիքյանը։

Չի բացառվում, որ նրանք պարզապես շփոթվել են և «դեմ ըլլալով՝ կողմ կամ ձեռնպահ են քվեարկել, կամ չեն մասնակցել»։ Բայց նման դեպքերում, սովորաբար, պատգամավորները լրացուցիչ զգուշացնում են քարտուղարությանը, և ԱԺ–ի պաշտոնական կայքում՝ անհատական քվեարկությունների ցանկի ստորին հատվածում, հատուկ նշվում է, որ այսինչ պատգամավորը այլ կերպ է ցանկացել քվեարկել։

Տվյալ դեպքում նման զգուշացում չկա տեղադրված պատգամավորների անհատական քվեարկությունների ցանկում։ Վերջինին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հիշեցնենք նաև, որ «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» նախագծով մասնավորապես առաջարկվում էր անցում կատարել 100% համամասնական ընտրակարգի և հրապարակել քվեարկածների ցուցակները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը