Տնտեսական

17.12.2014 17:39


Գագիկ Խաչատրյան. «Հարկերի նվազեցման խնդիր հիմա չի դրվում» (տեսանյութ)

Գագիկ Խաչատրյան. «Հարկերի նվազեցման խնդիր հիմա չի դրվում» (տեսանյութ)

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով մասնակցում է ԱԺ–ում հրավիրված փակ արտահերթ նիստին, լրագրողներին ասել է, որ դրամավարկային քաղաքականության հետ կապված խնդիրը Կենտրոնական բանկի լիազորությունների մեջ է մտնում։

–Դրամի արժեզրկումը տնտեսության վրա մեծ ազդեցություն է ունենում, դրա համար էլ մենք հիմա համատեղ ջանքերով փորձում ենք այս վիճակից դուրս գալ. հարցը Կառավարությունում քննվում է ամենօրյա ռեժիմով, բայց, ցավոք սրտի, Կառավարությունն այստեղ այդքան շատ գործիքներ չունի։ Աշխարհի գրեթե բոլոր երկրներում նման գործառույթներ կան, բայց խնդիրն այն է, որ մեր երկրում դա շատ արագ տեղի ունեցավ։ Նախ՝ ԿԲ–ն հիմա գնահատում է այն պայմանները, որոնցից առաջացել է խնդիրը, և պետք է այդ խնդիրների լուծման ճանապարհով գնալ՝ կայունացնելու վիճակը,–ասել է Գ. Խաչատրյանը։

Ֆինանսների նախարարությունը, նրա խոսքերով, նման դեպքում հարկաբյուջետային քաղաքականության վարողն է.

–Եվ, ընդհանրապես, նման դեպքերում պետք է կոշտ հարկաբյուջետային քաղաքականություն վարի՝ եկամուտները բարձրացնի և ծախսերը նվազեցնի, բայց հաշվի առնելով մեր տնտեսության վիճակը՝ մենք ավելի մեղմ և տնտեսությունն աշխուժացնող քաղաքականություն ենք փորձում վարել, և ասեմ, որ ամեն ժամ, ամեն օր նոր խաղի պայմաններ են առաջանում, դրա համար օպերատիվ ձևով ԿԲ–ի հետ Կառավարությունում քննարկվում են այն գործիքները, միջոցառումները, որոնք կկայունացնեն վիճակը։

Նոր դրամ շրջանառության մեջ դնելու հարցը չի քննարկվում, իսկ փոխարժեքի շուկայում ստեղծված ներկա վիճակը ֆիննախը հիմնականում պայմանավորում է Ռուսաստանի շուկայում տեղի ունեցող զարգացումներով, թեև չի բացառում նաև արհեստական և սուբյեկտիվ պատճառները։

–Եվ պետք է փակել այդ բոլոր սողանքները, որպեսզի արագ կայունացվի։ Հիմա դա արվում է, բա շատ արագ տեղի ունեցավ. արժեզրկումը կարող է շատ արագ տեղի ունենալ, բայց դրանից հետ գալը բավականին բարդ պրոցես է և շատ հանգամանքներից կախված, ու պետք է հանգիստ հետ բերել։ Իրավիճակը վերահսկողության ներքո է,–ասել է Գ. Խաչատրյանը՝ միաժամանակ բնական համարելով, որ այս ընթացքում կարող են խանութներ փակվել, և խուճապային իրավիճակներ լինել.

Իրոք, տնտեսության մեջ տնտեսվարողները հայտնվել են մի վիճակում, որ իրենց համար էլ է անհասկանալի։ Հիմա ԿԲ–ն և Կառավարությունն իրենց գործիքները կկիրառեն, որպեսզի կայունացնենք վիճակը։

«7օր»–ի հարցին՝ հարկերը նվազեցնելու տարբերակը չի՞ քննարկվում, նախարարը բացասական պատասխան է տվել.

–Հարկերի նվազեցման խնդիր հիմա չի դրվում։ Ընդհանրապես, ՀՆԱ–հարկեր հարաբերակցության շրջանակներում հարկային, մաքսային մարմինն իր գործառույթով գնում է։ Ես նշեցի, որ մենք հակված չենք կոշտ հարկաբյուջետային քաղաքականության, այլ տնտեսությունն աշխուժացնող մեղմ միջոցներով պետք է կայունացնենք իրավիճակը։ Այս պահին ԿԲ–ն իր լիազորությունների սահմաններում հնարավոր ամեն ինչ անում է, որ իրավիճակը կայունացնի, և նաև խոստումները, որ ԿԲ–ն ներկայացնում է Կառավարությանը, մեզ հուսադրում են։

Գ. Խաչատրյանը նաև նշել է, որ Կառավարությունը կարող է կոնկրետ այս իրավիճակը կարգավորելու գործողություներ անել, բայց հակված է երկարատև հատվածի համար կայունացնել վիճակը, որ տնտեսվարողները հստակ տիրապետեն, թե դոլար–դրամ–եվրո հարաբերություններում ինչ է կատարվում։

–Իմացե՛ք, որ բարդ և ոչ շահեկան իրավիճակ է, մասնագետների համար էլ են անորոշությունները շատ։ Բայց բոլոր քայլերը կարվեն, որպեսզի վիճակը կայունանա,–վստահեցրել է Գ. Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը