Լրահոս

22.12.2014 14:44


Այսօրվանից վիզային ռեժիմի փոփոխություն Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև

Այսօրվանից վիզային ռեժիմի փոփոխություն Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ այսօրվանից Միացյալ Նահանգները կսկսի վիզաների թողարկումը Հայաստանի Հանրապետության հետ ձեռք բերված նոր փոխադարձ պայմանավորվածությունների համաձայն:

Տուրիստական ու գործնական նպատակներով Միացյալ Նահանգներ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային B տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա՝ մինչև 10 տարի վավերականության ժամկետով: Նաև՝ մինչև 5 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի F, M, կամ J տեսակի վիզաներ կտրամադրվեն ուսման նպատակով մեկնողներին, փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց: Իսկ ԱՄՆ քաղաքացիները 2015թ. հունվարի 1-ից կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզայի և մեկ օրացուցային տարում Հայաստանում գտնվել մինչև 180 օր:

Ազատականացված վիզային ռեժիմի ներդրումն առաջ էր քաշվել անցյալ տարի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում: Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբն այն հարթակն է, որտեղ ամենամյա կտրվածքով դիտարկվում են երկկողմ առևտրին ու ներդրումներին, Հայաստանի ֆինանսական ու շուկայական բարեփոխումների առաջընթացին առնչվող հարցեր և վերհանվում են հնարավորությունները, որոնց շուրջ աշխատելով, Հայաստանն ու Միացյալ Նահանգները կկարողանան նպաստել երկարաժամկետ տնտեսական զարգացմանը: Նշվում է, որ այս համաձայնությունների արդյունքում կավելանան փոխադարձ այցելությունները, ներդրումները, բիզնեսի զարգացման հնարավորությունները, ինչը երկուստեք շահավետ կլինի երկու երկրների տնտեսավարողների, այդ թվում նաև զբոսաշրջության համար: Վիզաների վավերականության երկար ժամկետը կդյուրացնի ուսանողների ու փոխանակման ծրագրերի մասնակիցների հայրենի երկիր այցելելու հնարավորությունները՝ տոների ու արձակուրդների ընթացքում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը