Աշխարհ

30.09.2009 14:39


Արամ Սարգսյան. «Այս գործի քավորը Միացյալ Նահանգներն է և տիկին Քլինթոնը»

Արամ Սարգսյան. «Այս գործի քավորը Միացյալ Նահանգներն է և տիկին Քլինթոնը»

-Հավանաբար պետք է ընդունենք, որ այս գործի քավորը Միացյալ Նահանգներն է և տիկին Քլինթոնը,-խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին՝ այսպիսի կարծիք է հայտնում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը,-պետք է հասկանալ, թե ինչ շարժառիթներ կան, որոնք պարտադրում են այս հարաբերություններին այդպիսի ընթացք տալուն։

Ըստ ՀԴԿ նախագահի՝ ինքնին հասկանալի է, որ Միացյալ Նահագներն այս հարցում մեծ շահեր ունի։

-Թուրքիան առաջարկում է խաղաղության ճանապարհ, որը պետք է սկսվի Բալկաններից, գա Ստամբուլ, Անկարա, Նախիջևան, բարձրանա մեր Զանգեզուրով և Լաչինով գնա դեպի Բաքու։ Առաջին հայացքից կարծեք թե հիանալի նախագիծ է, բայց, մյուս կողմից, մենք էլի քաղաքական խնդիրների մեջ ենք խճճվում։ Նախիջևանի հարցը թուրքերն արդեն մեկ դար շարունակ երազում են լուծել։ Մենք ենք նրանց այդ խնդիրը լուծելու հնարավորություն տալիս։ Այստեղ կարծեք թե որոշակի առևտուր է գնացել այս գործարքի հետ կապված, այն աշխատանքի, որը գաղտնի ձևով կատարվել է Շվեյցարիայում։

Արամ Սարգսյանը կարծում է, թե պատահական չէ, որ թուրքերը վախեցան այն իրավիճակից, որն ստեղծվում է Հայաստանում և սփյուռքում, այսինքն այն, թե հավանաբար հնարավոր է՝ որոշակի ճնշման տակ հայերը չստորագրեն այդ արձանագրությունները։

-Էրդողանը միանգամից մոռացավ, որ պայման էր դրել Ղարաբաղի հետ կապված։ Հիմա նա միանգամից հայտարարում է, որ իրենք կստորագրեն այդ փաստաթուղթը հոկտեմբերի 10-11-ին։

ՀԴԿ նախագահի հավաստմամբ՝ թուրքերը ռազմավարության տեսանկյունից երբևիցե իրենց շահերին դեմ չեն գնում. «Մարտավարական տեսանկյունից կարող է այդպիսի բան պատահել»։

-Մենք պարտավոր ենք իմանալ, թե ինչ են նրանք նախագծել 20 կամ 30 տարի հետո իրականացնելու համար,-ընգծում է Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ «ճանապարհների բացումը ոչ միայն տնտեսական զարգացմանն է նպաստում, այլ նաև առաջացնում է դեմոգրաֆիական լուրջ փոփոխություններ։ Լինելով փոքրաթիվ ազգ այս տարածքում՝ մենք այդ խնդիրը մեր աչքի առջև պետք է ունենանք»։

Սյուզի Մելքոնյան

 

Այս խորագրի վերջին նյութերը