Կարծիք

09.01.2015 23:55


Արմեն Հարությունյան. Ղարաբաղին սպառնացող թիվ մեկ վտանգն այս իշխանություններն են

Արմեն Հարությունյան. Ղարաբաղին սպառնացող թիվ մեկ վտանգն այս իշխանություններն են

Այս տարվա սկզբից Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ իրականացրեց, որոնց արդյունքում ունեցանք զոհեր: Սա, անշուշտ, «սառը ցնցուղ» էր ընդդիմությանը սառը ցնցուղով ահաբեկող մեր իշխանությունների համար:

Հիմա եթե իշխանությունները մեղադրեն համաշխարհային հանրությանը, որ պատշաճ գնահատականի չի արժանացնում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, անիմաստ է: Մենք հո գիտե՞նք, թե համաշխարհային հանրության ու հատկապես Արևմուտքի կարծիքի վրա ինչ մանիպուլյացիներ է արել Սերժ Սարգսյանը, երբ հորդորում էր աչք փակել մեր երկրում իրականացված խայտառակ ընտրությունների վրա, որպեսզի Հայաստանը կարողանա ասոցացվել ԵՄ-ի հետ, իսկ արդյունքում տեսա՞ք՝ ինչ եղավ:

Գուցե ԵՏՄ-ի՞ն մեղադրենք, որ դարձել ենք այդ կառույցի անդամ, իսկ իրենք գործընկերոջը թշնամու դեմ մենակ են թողել: Բայց այդ դեպքում չե՞ն հիշեցնի Սերժ Ազատիչին, որ եթե դու ես հրաժարվել Ղարաբաղից, մենք ինչպե՞ս տեր կանգնենք:
Մեղադրել Ադրբեջանին, որ ագրեսիվ է դարձել, կնշանակի խաչ քաշել շուրջ քառորդ դար ձգվող հերոսապատման վրա, որ մենք խիզախ ենք, իսկ ադրբեջանցիները՝ վախկոտ:

Դե հո այնքան միամի՞տ չենք, որ կարծենք, թե Սարգսյանը մեղքն իր մեջ կփնտրի: Նա ո՞ր հարցում է իր սխալն ընդունել, որ այս հարցում ընդունի:

Արդեն հասել ենք աբսուրդի. մեր իշխանավորները «ավետում են», որ երկրում բարեփոխումներ իրականացնել հնարավոր չի լինի, եթե Ադրբեջանն իր ագրեսիվ կեցվածքից չհրաժարվի: Այսինքն, մեր ներպետական խնդիրների լուծումն էլ փաթաթեցինք Իլհամի վզին:

Բայց էլ ինչ «նախաձեռնող», որ մինչև վերջ հրաշքի չսպասի ու հաջող բլեֆի վրա հույս չդնի: Հիմա արդեն Բ26-ի «սազանդարները» հորդորում են ընդդիմությանը համախմբվել գերագույն գլխավոր հարամանատարի շուրջ այս օրհասական պահին, իսկ ով չհամաձայնվի՝ դավաճան կորակվի: Ավելին, ըստ նախագահականի հորդորների՝ ընդդիմությունը պետք է դադարեցնի իշխանափոխության համար պայքարը, քանի որ ցնցումներից կարող է օգտվել թշնամին, ու ընդդիմությունը պետք է համաձայնվի սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանին հավերժացնել իր աթոռին: Սա՛ է նախագահական նստավայրի քարոզը։

Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանի ու Ղարաբաղի թիվ մեկ վտանգը հենց Սերժ Սարգսյանի վարչախումբն է, ու որքան շուտ կարողանանք մեր երկրում իշխանափոխություն իրականացնել, այնքան լավ, քանի դեռ թշնամին վերջնականապես չի հասել հաջողության:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1526558657615916&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը