Կարծիք

12.01.2015 11:08


«Կա՛մ մենք էս իշխանություններին հեռացնում ենք, կա՛մ «իրենք մեզ բոլորիս տանում են ԶԱԳՍ»»

«Կա՛մ մենք էս իշխանություններին հեռացնում ենք, կա՛մ «իրենք մեզ բոլորիս տանում են ԶԱԳՍ»»

Վերջին օրերին մեր երկրում կյանքն ուղղակի կանգ էր առել…

Այս տարվա ամանորյա հանգստյան օրերը մի տեսակ անցան… Եվ խնդիրը այն չէր, որ քաղաքը շատ անճաշակ էր զարդարված, կամ էլ այն, որ դեկտեմբերի 31-ին ձյուն չեկավ, և չստեղծվեց համապատասխան տոնական մթնոլորտ: Խնդիրն այն է, որ մարդկանց մոտ բնավ չկար տոնական տրամադրություն: Ինչքան էլ անձամբ քո տրամադրությունը լավ լինի, եթե շրջապատի մարդիկ տոներին, միևնույն է, մտահոգված են օրվա հացի խնդիրը լուծելով և սարսափով են սպասում հետտոնական օրերին, դու չես կարող լիարժեք վայելել քո հանգիստը: Ավելին, քո տրամադրությունը չի կարող բարձրացնել նաև այն, որ վերջին 12 օրերին ամբողջ հանրապետությունը կարծես թե կանգնել էր. չէին աշխատում ոչ միայն պետական հիմնարկները, այլ նույնիսկ որոշ մասնավոր բժշկական հաստատություններ…

Այնպես չէ, որ 50 տարվա կյանքի փորձ ունեմ, բայց պետք է ասեմ, որ կյանքումս նման բանի չէի հանդիպել, երբ առևտուրը, հիվանդանոցները, բանկերը ուղղակի կանգնած լինեն, և հրաժարվեն փող աշխատելուց: Իսկ եթե քո պետության ժողովուրդը նույնիսկ փող աշխատել չի ուզում, նշանակում է, որ քո երկրում կան լուրջ խնդիրներ, և այդ խնդիրները կրում են քաղաքական բնույթ:

Վերջին տարիների քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ նախ երկրից հեռացել են շատ գործունյա մարդիկ, իսկ հետո էլ երկրում մնացած մարդկանց էնպիսի վիճակի մեջ է գցել վարվող քաղաքականությունը, որ իրենք նույնիսկ արդեն փող աշխատել չեն ուզում…

2015-ին վիճակն այսպիսին է՝ կա՛մ մենք էս իշխանություններին հեռացնում ենք, կա՛մ, ինչպես կասեր Սաախովը, «իրենք մեզ բոլորիս տանում են ԶԱԳՍ»…

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը