Հարցազրույց

16.01.2015 13:50


Մարտուն Գրիգորյան. «Տեղում խառնակիչների խումբ կար. բախումները սադրանքի հետևանք էին»

Մարտուն Գրիգորյան. «Տեղում խառնակիչների խումբ կար. բախումները սադրանքի հետևանք էին»

Հարցազրույց Գյումրիից ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված, ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանի հետ

–Բոլորն ականատես եղան, որ երեկ Գյումրիում միայն Ձեզ հաջողվեց հանդարտեցնել կրքերը, բայց ի՞նչն էր դրանց բորբոքման պատճառը։

–Պարզ է, որ ժողովուրդը բորբոքված էր. ժողովուրդը վիրավորված է այս ամենից։ Մի ամբողջ 7–հոգանոց ընտանիքից 6 հոգին քնած տեղը ոճրագործության զոհ է դարձել, և երեկ հուղարկավորությանը գրեթե ամբողջ քաղաքը տեղում էր։ Չկա այնպիսի ընտանիք, մարդ, որ այս վրդովմունքը չապրի, և լարվածությունը շատ–շատ էր քաղաքում։ Ժողովրդի հիմնական պահանջներից մեկն այն էր, որ ուզում էին հավաստիանալ՝ ոճրագործը Հայաստանո՞ւմ է, թե ոչ, քանի որ լուրեր էր տարածվել, որ այստեղ չէ, տարել են արդեն Ռուսաստան։ ՀՀ գլխավոր դատախազ Կոստանյանը կարողացավ համաձայնություն ստանալ, որպեսզի երկու հոգի գնանք և մեր աչքով տեսնենք ոճրագործին։ Ես և ակտիվիստներից մեկը՝ Կարենը, գնացել ենք, տեղում մեր աչքով տեսել ենք, որ նա 102–րդ ռազմաբազայում է՝ միհոգանոց խցում։ Հետ ենք վերադարձել և գյումրեցիներին հավաստիացրել եմ, որ ես անձամբ տեսել եմ. ինքն է, Հայաստանում է, Գյումրիում է։

Գյումրեցիների երկրորդ պահանջն էլ, որ դրել էին գլխավոր դատախազի առջև, ՌԴ գլխավոր դատախազին դիմելն էր, որ գործը փոխանցեն հայկական կողմին, ու կոնկրետ ժամկետը հենց հիմա էին պահանջում։ Գ.Կոստանյանը խոստացավ, որ գրություն կգրի։

–Բայց կոնկրետ ինչի՞ց սկսվեցին բախումները։

–Տեղում նաև խառնակիչների խումբ կար, ովքեր պահանջում էին՝ հենց հիմա։ Հասկանալի է, որ տեխնիկապես էլ ՀՀ գլխավոր դատախազը հնարավորություն չուներ, ի վիճակի չէր այդ պահին այդ պահանջը բավարարեր, քանի որ քննչական գործողություներ են ընթանում, և դատախազի ձեռքին այդ պահի դրությամբ ոչ մի փաստաթուղթ չկար։ Հետո դատախազն իջավ, ներկայացրեց, որ իր խոսքի տերն է լինելու, գրություն անպայման գրելու է։

–Այսինքն, այդ բախումները սադրանքի՞ հետևանք էին, և որ ասում եք խառնակիչների խումբ, ովքե՞ր էին այդ խառնակիչները։

–Միանշանա՛կ, բախումները սադրանքի հետևանք էին։ Թե ովքեր էին, հստակ չեմ կարող ասել, որովհետև գիշերը 5–5։30, երբ համոզվեցի, որ քաղաքում ամեն ինչ հանդարտվել է, նոր գնացի տուն ու հիմա էլ գնում եմ ինքնահողի։ Էդպես որ ասեմ՝ հստակ վերլուծել եմ, սուտ կլինի, բայց սադրանքը կար, սադրիչները կային, և ավելորդ բախումներ եղան քաղաքացիների ու ոստիկանների միջև. գոնե, փառք Աստծո, որ կարողացանք կանխել դրանք։ Շնորհակալ եմ մեր գյումրեցիներից, որ լսեցին, հանդարտվեցին և ՌԴ հյուպատոսարանի մոտից ժողովրդի հետ վերադարձանք դեպի դատախազություն։ Այնտեղ արդեն գյումրեցիները պահանջում էին ազատ արձակել կալանավորված անձանց։ Խոսել եմ ՀՀ ոստիկանապետի հետ, տեղում երկու հոգու բաց են թողել, որից հետո ցուցարարներին խնդրել եմ, որ գնան տուն, և ես մինչև 4։30 եղել եմ մարզային ոստիկանությունում, բոլոր ձերբակալվածները բաց են թողնվել։ Ես հորդորեցի, որ գնան տուն, ոստիկանապետն էլ ասել էր, որ ամեն ինչ անելու են, որպեսզի լարվածություն չլինի, և արդյունքում, իրար հասկանալով, կարողացանք ճիշտ կազմակերպել, որ ավելորդ լարվածություն չլիներ։

–Իսկ Շիրակի մարզի դատախազության մոտ հավաքված գյումրեցիները նպատակ ունեի՞ն գնալ ՌԴ հյուպատոսության մոտ։ Ինչպե՞ս ստացվեց, որ նրանք այնտեղ շարժվեցին։

–Ինչքան որ ինձ պարզ եղավ տեղում իրավիճակից, խառը վիճակ էր. հրահրողները եթե չհրահրեին, այնքան լարված վիճակ էր, որ գյումրեցիներն ամեն ինչի պատրաստ էին, ամեն ինչի էլ կգնային, ուղղակի այնտեղ ուղղորդվեց իրենց գնալը։ Հետո ես իրենց հետևից գնացել եմ, խնդրել եմ, բացատրել եմ ժողովրդին, որ սա ճիտ քայլ չէ, դիմացը կանգնած են մեր հայրենակիցները, ոստիկաններին էս պահին խփում ենք, որ ի՞նչ. իրենք ձեր անվտանգությունն են ապահովում, որպեսզի 102–րդ ռազմաբազա չգնաք, այնտեղ ավելի լուրջ բաներ չպատահեն։ Ասել եմ՝ այս մարդկանց դեմ ինչո՞ւ եք դուք լարված, ինչո՞ւ եք նման բան անում։ Մի խոսքով, լարված վիճակ էր, բայց, ամեն դեպքում, իմ գնահատականն այն է, որ անկախ ամեն ինչից՝ երեկ ոստիկանությունն իրեն ճիշտ է պահել։

–Ի՞նչ իրավիճակ է Գյումրիում ա՛յս պահին։

–Այժմ լարվածություն չկա։ Գյումրեցիները պահանջատեր են, հիմա էլ պահանջում են և ասում, որ այս ոճրագործության հետ կապված՝ հետևողական են լինելու, և ես էլ փոխանցեցի գյումրեցիներին, որ այսքան բանից հետո հասկանալի է, որ իշխանությունն էլ ամեն ինչ անելու է, պայքարելու է, որպեսզի ավելորդ ոչ մի բան չլինի, ու այն, ինչը մեր գյումրեցիները ցանկանում են, բնականաբար, կկատարվի՝ ինչքան հնարավոր է։ Բայց նաև պետք է հաշվի առնել, որ միայն հայկական կողմի խնդիրը չէ, երկկողմանի հարց է. յուրաքանչյուր պայման, պահանջ նաև պետք է համաձայնության բերվի Ռուսաստանի հետ։ Այդ պատճառով կոնկրետ «հիմա»–ի պահանջ դնողները սխալ են պահանջը դրել։ Ժողովրդին հորդորեցինք, որ «հիմա» պահանջը հնարավոր չէ կատարել, հասկացե՛ք. խնդրել ենք, և շնորհակալ եմ մեր գյումրեցիներից, որ լսեցին, և երեկ ավելի սարսափելի բան չեղավ Գյումրիում։ Դրա համար էլ ես շնորհակալ եմ իմ ժողովրդից։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը