Կարծիք

22.01.2015 11:39


Արքայազն Չարլզը ապրիլի 24-ին կմեկնի Թուրքիա. ի՞նչ կասեն սրա մասին «արևմտամետ» Սարգսյանն ու նրան սատարողները

Արքայազն Չարլզը ապրիլի 24-ին կմեկնի Թուրքիա. ի՞նչ կասեն սրա մասին «արևմտամետ» Սարգսյանն ու նրան սատարողները

Հիշո՞ւմ եք, թե ինչպես տարիներ առաջ «ֆուտբոլային» դիվանագիտության թեժ պահին Սերժ Սարգսյանը հաճույքով գնում էր Արևմուտք և նկարվում, օրինակ, Անգլիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին մեր երկրում ոգևորությունից իրենց ճղում «արևմտամետ» լրատվամիջոցները և գործիչները, ովքեր Սերժ Սարգսյանին գրեթե ազգի փրկիչ էին ներկայացնում: Դե իհարկե, մարդն Անգլիայի թագուհու հետ է նկարվել, Չարլզի ձեռքն է սեղմել, հետո ինչ, որ Սաշիկը մեկ է՝ իր եղբայրն է, կարևորը` Արևմուտքը իրենց ընդունում է:

Սակայն տարիներն անցան, «ֆուտբոլային դիվանագիտությունը» տապալվեց, հայ-թուրքական սահմանը չբացվեց, դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին մեր և Թուրքիայի միջև, Սերժ Սարգսյանն էլ հայտնվեց կոտրված տաշտակի առաջ:

Բայց, ինչպես երևում է, սա դեռ վերջը չէ. ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի արարողություններին մասնակցելու Էրդողանի հրավերն ընդունել են արքայազն Չարլզը և արքայազն Ուիլիամսը, մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ավստրալացի դերասան Ռասսել Քրոուն, Նոր Զելանդիայի և Ավստրալիայի վարչապետները:

Հետաքրքիր է՝ ի՞նչ կասի սրա մասին Սերժ Սարգսյանը: Երևի կասի, որ Չարլզը «և՛ Թուրքիա կգնա, և՛ Հայաստան»: Չէ՞ որ Սարգսյանը սիրում է «և՛, և՛» արտահայտությունը: Իսկ ի՞նչ կասեն մեր երկրի «արևմտամետները»: Նրանք կրկին կպաշտպանեն Սերժին և կսրբացնեն Արևմուտքը: Ինչպե՞ս են Սարգսյանի շարքային «արևմտամետները» բացատրելու Չարլզի այս խայտառակ և ստորացուցիչ վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ:

Բոլոր ստերը վաղ թե ուշ իրենց ավարտն ունենում են, և «արևմտամետ Սերժ Սարգսյան» հեքիաթը նույնպես պետք է իր ավարտն ունենա:

Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը