Կարծիք

23.01.2015 10:50


Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳՐԳՌԵԼ Է ԱԼԻԵՎԻ ԱԽՈՐԺԱԿԸ

Եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետում հասարակության մեջ ողջ օրվա ընթացքում տագնապ կար մեր երկրի ներկայի ու ապագայի հանդեպ, ու մարդիկ փորձում էին ուղիներ որոնել իրենց ընտանիքները «վերջին բոլշևիկի» «ապահով Հայաստանից» փրկելու ու աշխարհի որևէ ապահով երկիր տեղափոխելու համար, ապա Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ փուլում ավելի առաջ գնացինք:

Հիմա ոչ միայն օրվա ընթացքում, այլ ամեն առավոտ տագնապով ենք արթնանում քնից՝ տեսնես սահմանում գիշերը խաղա՞ղ էր, մեր զավակները ողջ-առո՞ղջ են, թե՞ դարձյալ կորուստներ ունենք:

Այս ի՞նչ պատահեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակին, ո՞ւր կորավ հաղթողի բարոյահոգեբանական մթնոլորտը, որի արդյունքում Արցախյան պատերազում Ադրբեջանը բոլոր առումներով առավելություն ուներ, բայց հաղթեցինք նրան:

Ու այնպես, ինչպես այս տարիներին արժեզրկեցինք մեր հաղթանակը, տանուլ տվեցինք խաղաղությունը, ոչ մի թշնամու մտքով չէր անցնի, որ հնարավոր կլիներ նման արդյունքի հասնել:

Ադրբեջանը, դաս քաղելով իր պարտությունից, այժմ հետևողականորեն նախապատրաստվում է պատերազմի. զինվում, մարտական պատրաստություն անցնում, աշխարհի ուժի կենտրոնների հետ հարաբերությունները բարելավում: Խանգարող հանգամանք էր մնացել իրենց երկրի ոչ բարվոք բարոյահոգեբանական մթնոլորտը, որի հարցում, ցավոք, մենք տվեցինք իրենց անցանք, քանի որ այդ առումով մեզանում ավելի վատթար վիճակ է այժմ: Մեկ էլ Ադրբեջանին մնում էր իրենց զինվորների վախը հաղթահարել, որի հարցում էլ մեր իշխանությունները նրանց լրջորեն օգնեցին:

Եթե հաղթանակած բանակի ազատամարտիկների մեծ մասին փողով դարձրեցին Սերժ Սարգսյանի հլու–հնազանդ կամակատար, անհնազանդներից ոմանք հողի տակ հայտնվեցին, մյուս մասը երկրից տարբեր պատճառներով արտաքսվեց, մի մասը բանտում է, որոշ անհնազանդների էլ իշխանությունները ծեծեցին:Ադրբեջանին սրանից լավ էլ ի՞նչ նվեր մատուցեին մեր իշխանությունները: Թշնամին այս ամենը ներկայացնում է իր զինվորներին, թե սրանցի՞ց եք խուճապահար փախել, հլա սրանց ազատամարտիկների վիճակը նայեք:

Այդ ինչպե՞ս եղավ, որ ամեն օր ադրբեջանցիները դիվերսիոն փորձեր են կատարում, կորուստներ կրում, հետ շպրտվում, բայց դարձյալ «պոզերը տնկած» կրկնում են իրենց փորձերը՝ գնալով ավելի լայնամասշտաբ հարձակման: Ուրեմն, նրանք այլևս չեն վախենում, ու դրա մեղավորը մենք ենք, թե չէ մի քանի տարում ազգի մենթալիտետը չի փոխվում, ու հաստատ ադրբեջանցին այն նույն փախչողն է, ուղղակի մեզ մոտ է «բարդակ»:

Եվ երկրորդ՝ նրանց փորձերը հնարավոր է՝ այնքան էլ անհաջող չեն. պարզապես մենք իմանում ենք միայն բացահայտված դեպքերի մասին: Իսկ այն խմբերին, որոնց հաջողվում է ներթափանցել մեր տարածք, հետագայում ինչպիսի դիվերսիոն գործողություններ կանեն, ինչ տարածքներ ու օբյեկտներ կականապատեն և ում ինչ վնաս կտան, դա արդեն հավանաբար կիմանանք ավելի ուշ: Իսկ կար մի ժամանակ, երբ թշնամին հենց իմանում էր մեր խիզախ որոշ հրամանատարների իրենց դիրքերին մոտենալու մասին, խուճապահար, առանց կռվի հետ էր քաշվում: Իսկ այսօր նույն թշնամին հենց իմանում է, որ մեր երկրի ղեկավարի աթոռին դեռ խաշն ու շախը իրար խառնած Սերժ Սարգսյանն է նստած, ավելի ուժգին թափով է հարձակվում:

Եվ հիմնազուրկ է այն կարծիքը, թե Ադրբեջանն օգտվում է մեր երկրի լարված վիճակից ու հարձակվում: Ընդհակառակը՝ թշնամին գիտակցում է, որ կարող է՝ մոտ ժամանակներս Սարգսյանին գահընկեց անեն, ինչով կձախողվի իրենց պլանը, դրա համար շտապում է, որ ինչ որ կարողանա՝ այս իշխանությունների օրոք պոկի: Իսկ այդ ամենը գիտակցելով՝ պետք է հասկանանք՝ որպեսզի վաղը մեր ժողովուրդը հանգիստ ապրի ու արարի իր սեփական երկրում, այսօր պետք է իր մասնակցությունը բերի համաժողովրդական շարժմանը, և հասնի Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203807006718133?pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը