Կարծիք

30.01.2015 08:43


ԵԽԽՎ-ում Հայաստանի անհասկանալի պահվածքի համար անձնական պատասխանատվություն է կրում Սերժ Սարգսյանը

ԵԽԽՎ-ում Հայաստանի անհասկանալի պահվածքի համար անձնական պատասխանատվություն է կրում Սերժ Սարգսյանը

Ինչպես հիշում եք, ամիսներ առաջ ՄԱԿ-ում քվեարկություն տեղի ունեցավ Ղրիմի խնդրի վերաբերյալ, և հայկական կողմը, աննախադեպ «նախաձեռնողականություն» դրսևորելով, քվեարկեց հօգուտ ՌԴ-ի, չնայած որ ուներ հնարավորություն ձեռնպահ քվեարկել: Մեզ այդ հնարավորությունը տալիս է դեռևս չլուծված Ղարաբաղյան հակամարտության գործոնը, ու ոչ ոք, այդ թվում նաև ռուսները, չէր կարող մեզ ոչնչում մեղադրել, քանզի մենք շիտակ դիրքորոշում որդեգրած կլինեինք:

Անցան ամիսներ, ու ԵԽԽՎ-ում Հայաստանը քայլ արեց, որը հակասում է պաշտոնական հայկական դիրքորոշմանը, որն այն ժամանակ արտահայտվեց ՄԱԿ-ում: Երբ ԵԽԽՎ-ում քվեարկություն էր անցկացվում ՌԴ-ին, փաստացի, ձայնի իրավունքից զրկելու մասով՝ Ղրիմի հարցով պայմանավորված, հայկական կողմը ձեռնպահ քվեարկեց: Ես չեմ ուզում խոսել նրա մասին, որ մենք որպես պետություն քվեարկեցինք մեր ռազմավարական գործընկերոջ դեմ. այդ նույն գործընկերը բազմիցս նման կերպ է իրեն պահել: Հարցն այստեղ այլ է՝ մեր կանխատեսելիությունն ու հետևողականությունը: Երբ ամիսներ առաջ դու մի բանի համար ես քվեարկում, իսկ հետո ճիշտ հակառակ քայլն անում՝ առանց լուրջ բացատրությունների, կրկին անգամ ստիպում ես քո մասին խոսել որպես «օրվա կուրսով» շարժվող անվստահելի ու անկանխատեսելի գործընկերոջ մասին: Եվ այսպիսի պահվածքը լիովին համապատասխանում է Սերժ Սարգսյանի՝ քաղաքականության մասին պատկերացումներին: Նա արդեն 7 տարի է՝ երկրի կառավարման գործում առաջնորդվում է օրվա կուրսով ու կարող է իրար հակասող քայլեր կատարել, միայն թե դա բխի այդ օրվա շահերից:

Մի օր նա թուրքերի հետ «ֆուտբոլ է խաղում» ու ամերիկացի «ձյաձյաների» հետ ռուսներին «քըխ» ասում, իսկ հաջորդ օրը ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգում և այլն: Միևնույն ժամանակ, խնդիրն այն է, որ «օրվա կուրսերի» արանքում տուժում է մեր երկիրը, ու Հայաստանը վերջնականապես ստանում է անկանխատեսելի ու անվստահելի երկրի կարգավիճակ: Եվ սրա պատասխանատուն անձամբ Սերժ Սարգսյանն է, քանզի հենց իր անմիջական հրահանգով են կատարվում նմանօրինակ իրար հակասող քվեարկությունները:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը