Լրահոս

29.01.2011 10:38


ԼՂ հարցերով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությունը վերսկսվել է

ԼՂ հարցերով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությունը վերսկսվել է

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները,  երեկ ԵԽԽՎ Բյուրոյի ձմեռային նստաշրջանի շրջանակներում  քննարկվել է  Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողովի վերագործարկման հարցը։ Քննարկումից հետո Բյուրոն որոշում է կայացրել վերականգնել ենթահանձնաժողովի աշխատանքները, Իսպանիայի «Լիբերալ» կուսակցության պատգամավոր Հորդի Չուկլա ի Կոստան էլ ընտրվել է ենթահանձնաժողովի նոր նախագահ։

Այս մասին լրագրողներին հայտնել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Սամեդ Սեյիդովը։

Նա ընդգծել է, որ ենթահանձնաժողովի կազմում լինելու են ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Ադրբեջանի և Հայաստանի վերաբերյալ համազեկուցողները, երկու երկրների ընդդիմությունից և իշխանությունից ԵԽԽՎ-ում ներկայացված  պատգամավորներ։

Սեյիդովը նաև ասել է, որ ԵԽԽՎ-ում ապրիլյան նստաշրջանի ժամանակ քննարկվելու է ԼՂ հարցերով ենթահանձնաժողովի ղեկավարի տարածաշրջան այցելելու հարցը։

Նշենք, որ հայկական կողմը դեմ է եղել ենթահանձնաժողովի վերագործարկմանը, սակայն ադրբեջանական կողմը, օգտվելով այն բանից, որ ԵԽԽՎ-ի նագահողը ազգությամբ թուրք Մովլուդ Չավուշօղլուն է, իսկ նախարարների կոմիտեում նախագահում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, կարողացել է հասնել իր նպատակին։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը բազմիցս նշել է, որ ԼՂ հարցերով ենթահանձնաժողովի վերակենդանացման դեպքում հայկական կողմը նրա աշխատանքները բոյկոտելու է։

Նշենք նաև, որ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանաձնաժողովի նախագահի ընտրությունը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ և՛ Հայաստանը, և՛ Մինսկի խմբի համանախագահները տարբեր առիթներով նշել են, թե նման հանձնաժողովը խանգարելու է բանակցային գործընթացին, և այդ տեսանկյունից օգտակար  լինել չի կարող: Պատասխանելով այդ կառույցի ստեղծման պարագայում դրա հետ Հայաստանի հնարավոր համագործակցության մասին հարցին՝ պատգամավորն ասել էր, որ այդ անօգուտ կառույցի հետ համագործակցությունը արդյունավետ լինել չի կարող:

 

Այս խորագրի վերջին նյութերը