Կարծիք

15.02.2015 14:52


Չարի՞ք, թե՞ Չարխափան (լուսանկար)

Չարի՞ք, թե՞ Չարխափան (լուսանկար)

Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ի կազուս բելլիական ելույթով և իշխանամետ ուժերի հետագա աննախադեպ սև քարոզչությամբ փորձ կատարվեց երկրում ստեղծել այնպիսի բարոյահոգեբանական իրավիճակ, երբ մի կողմում պետք է գտնվեր «բարիքը», ի դեմս ՍերժՍարգսյանի և իշխողուժի, իսկ մյուս կողմում՝ ԳագիկԾառուկյանը, ում վերագրվեցին աշխարհի բոլոր մեղքերն ու հանցանքները: Ծառուկյանի մասին ասվեց ամեն ինչ, ինչը տարիներ շարունակ փորձել են օգտագործել որպես շանտաժի միջոց և այնպիսի սպառնալիքներ, որոնցից յուրաքանչյուր ոք կարող էր մատնվել խուճապի և նահանջել: Սակայն, այդ իրավիճակում Գագիկ Ծառուկյանը ոչ միայն դրսևորեց իրեն տղամարդավարի ու հավասարակշռված, այլև, ինչքան էլ զարմանալի է, դրանից շահեց միայն ԳագիկԾառուկյանը, քանի որ հասարակությանայն զանգվածը, ում տարիներ շարունակ նույն իշխանական քարոզիչները համոզում էին (ինչը շարունակում են նաև այժմ), թե իբր ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունըխաղ է, իսկ ԲՀԿ-ն իշխանական պրոյեկտ է, իսկապես հասկացավ, որ ուղղակի հնարավոր չէ նման բան, հնարավոր չէ այդքան մաղձոտ գտնվել սեփական «նախագծի» նկատմամբ և այն անձի, ում հետ ունես ինչ-որ խաղի կանոններ: Այսպիսով, ստեղծվեց մի պարադոքսալ իրավիճակ, երբ ինչքան Ծառուկյանի մասին վատն են խոսում, այնքան ավելանում են նրա համակիրները ու աջակիցները:

Փորձեմ տրամաբանորեն վերլուծել այս իրավիճակը: Այսպես՝ Սերժ Սարգսյանի պնդմամբ՝ Գագիկ Ծառուկյանը չարիք է: Եթե տրամաբանական օբյեկտիվ մտավերլուծության ենթարկենք այս պնդումը, ապա դրանից կհետևի, որ կա՛մ ինքը՝ պնդողն է բարիքը, կա՛մ երկուսն էլ չարիք են: Սակայն, եթե կասկածի տակ դնենք պնդմանճշմարտացիությունը, կունենանք հետևյալը՝ Գագիկ Ծառուկյանը բարիք է, իսկ Սերժ Սարգսյանը՝ չարիք, կամ երկուսն էլ բարիք են:

Չցանկանալով կրելՍերժ Սարգսյանի ճշմարտացիության և իր թիմի չարիք լինելու հանգամանքների ապացուցման պարտականությունը, այն թողնում եմ ընթերցողին՝ հուշելով ուսումնասիրության ընդամենը մի պարզունակ մեթոդ: Դրա համար պետք չէ շատ ժամանակ վատնել ու հեռու գնալ՝ փաստարկներ գտնելու համար: Ընդամենը հարցրեք ցանկացած հայի (կլինի տաքսիստ, գործարար, գիտնական, ոստիկան, դատախազ կամ դատավոր՝ էական չէ), ով վստահում է ձեզ և չի կասկածում, որ իր ասածը կօգտագործվի իր դեմ: Հարցրեք և կիմանաք ճիշտ պատասխանը: Այդ պատասխանի ճշմարտացիությունն էլ կարող եք վերստուգել՝ տալով հետևյալ հարցը՝ կարո՞ղ է բարի լինել մի քաղաքական ուժ, ում համատարած ու ազգովի են ատում, հայհոյում ու նզովում:

Այժմ քննարկենք խնդրի մյուս պայմանը՝ արդյոք Ծառուկյա՞նն է բարին: Մի կողմ թողնելով վերջինիս բարեգործությունների հազարավոր օրինակները և այն, որ նրա անունն արդեն իսկ դարձել է բարեգործության սիմվոլ՝ անդրադառնամ այն դեպքին, որի հետևանքով Գագիկ Ծառուկյանի բարեհոգությունն ու անշահախնդրությունն իմ համար դարձել են չբեկանվող ճշմարտություններ:

2003 թվականին, երբ փորձում էի իրականացնել իմ կյանքի առաջին նվիրական երազանքը՝ սովորել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում, քննությունների արդյունքում հավաքեցի 55 միավոր (անվճարի անցողիկ միավորն էր 56-ը): Ես պայքարում էի անվճար ընդունվելու համար, քանի որ ուսման վարձի վճարման հնարավորություն չունեինք (նույն պատճառով ընդունելության համար հնարավորություն եմ ունեցել մասնագետների մոտ պարապել ընդամենը 7-8 ամիս): 1 բալի տարբերությամբ ընդունվեցի վճարովի համակարգ: Քանի որ վարձավճարի վճարման վերջնաժամկետն էր սեպտեմբերի 15-ը, հարազատներիս հորդորով որոշեցի գնալ դասի և մինչև այդ ընթացքում կփորձեինք գտնել որևէ ելք: Քանի որ մայրս ուներ մի քանի ամսվա չվճարված աշխատավարձ, համապատասխան կազմակերպությունից վերցրեցինք տեղեկանք, առ այն, որ նրանք պարտավորվում են մինչև նոյեմբեր վճարել մեկ սեմեստրի վարձավճարը: Դիմեցի ԵՊՀ ռեկտորատ՝ խնդրելով երկու ամիս երկարաձգել վճարման ժամկետը: Ռեկտորատում հայտնեցին, որ դա Կրթության և գիտության նախարարության իրավասության ներքո գտնվող հարց է և ենթակա է լուծման նրանց կողմից: Դիմեցի ԿԳ նախարարություն, իսկ նրանք պատասխանեցին՝ «ոչ, դա ռեկտորատի խնդիրն է», և այդպես՝ 3 անգամ: Նույնիսկ հնարավորություն ունեցա ԵՊՀ դիմաց դեմ առ դեմ դիմել կրթության և գիտության՝ այդ ժամանակ նախարար Սերգո Երիցյանին, ում արհամարհական պատասխանից հետո իրեն խոստացա հիշեցնել այդ պահը (ի դեպ՝ դեռ չեմ հիշեցրել): Դիմեցի նաև տարբեր բարեգործական կազմակերպությունների, անհատների, սակայն ապարդյուն: Բոլորի դռները փակ էին, իսկ ականջները խուլ՝ մարզից եկած, վարձով բնակվող, բարձր առաջադիմությամբ սովորող, բայց անվճարունակ ընտանիքից ուսանող դարձած հասարակ ու անճարիս համար:

Չնայած հնարավորություն ունեցա ընդամենը երկու շաբաթ այցելել դասերին, սակայն աչքի ընկա լավ սովորելով, քանի որ մինչ այդ «Սահմանադրություն և իրավունք» դպրոցական օլիմպիադայում կարողացել էի ձեռք բերել որոշակի իրավական գիտելիքներ և հաղթող էի ճանաչվել օլիմպիադայի հանրապետական փուլում՝ ստանալով Սահմանադրական դատարանի նախագահի մրցանակը և այլ պարգևներ:

Սեպտեմբերի 15-ին՝ ծննդյանս օրը՝ դասի ընթացքում, բացվեց լսարանի դուռը և շուրջ հարյուր համակուրսեցիների ներկայությամբ ինձ դուրս հրավիրեցին լսարանից վարձավճարը վճարված չլինելու հիմքով: Դուրս եկա և հեռացա:

Անցավ մոտ 20 օր, և ես արդեն համակերպվել էի համալսարանից հեռացվելու մտքի հետ: Հանկարծ մի օր առավոտյան (2003 թվականի հոկտեմբերի սկիզբն էր) ինձ զանգահարում է հորաքույրս ու հայտնում, որ լսել է, թե Գագիկ Ծառուկյանը պատրաստ է ինձ հովանավորելու: «Ո՞վ, Գագիկ Ծառուկյա՞նը»,-զարմանքով հարցնում եմ ես, ում անունն էի լսել միայն և գիտեի, որ իր դուստրը՝ Գայանեն, իմ համակուրսեցին էր, սակայն ում հետ ընդհանրապես շփում չէի ունեցել և որևէ անգամ չէի դիմել օգնելու խնդրանքով:

Սրտատրոփ գնալով համալսարան՝ հանդիպեցի Գայանեին, ով հայտնեց, որ երբ իր հայրը իմացել է իմ խնդրի մասին, պատրաստակամություն է հայտնել հովանավորելու: Ես այդ օրը գնացի դասի, և քիչ անց ինձ տվեցին ուսմանս վճարի վճարման կտրոնը: Հետագայում վճարվեց ողջ 4 տարվա գումարը:

Փորձելով զերծ մնալ զգացմունքայնությունից, չեմ ուզում առավել շատ մանրամասներ ներկայացնել այս պատմության մասին:Ուղղակի ընդգծեմ մի քանի կարևոր հանգամանք, դրա հետ կապված.

1. Ես Գագիկ Ծառուկյանին և իր դստերը չէի դիմել երբեք.

2. Մինչև օրս Գագիկ Ծառուկյանը տեղյակ չէ, որ ես այն մարդն եմ, ում համար նա վճարել է ԵՊՀ իրավաբանականի 4 տարվա վարձավճար.

3. Ինչպես վարձի վճարումից առաջ, այնպես էլ հետագայում իմ առջև չի դրվել որևէ նախապայման կամ պահանջ այդ օգնության համար:

Այս պատմությանը տեղյակ են հազարավոր մարդիկ, ուստի հարկ չեմ համարում ներկայացնել լրացուցիչ ապացույցներ:

Իսկ այժմ ամփոփեմ վերլուծությունը՝ պատասխանելով այս հարցերին.

 կարող է՞ մի մարդ լինել չարիք, ով ունակ էր նման քայլ անելու,

 կարող է՞ մի մարդ լինել չարիք, ով ունի նման ընտանիք,

 կարող է մի մարդ լինել չարիք, ով նման կերպ օգնել է հազարավոր երիտասարդների, ստեղծել կրթվելու, մարզվելու ու զարգանալու պայմաններ,

 կարող է մի մարդ լինել չարիք, ում շուրջ ինքնաբուխ կերպով հավաքվել են հարյուր հազարավոր մարդիկ և ստեղծել Հայաստանի դե ֆակտո՝ 1-ին, դե յուրե՝ 2-րդ քաղաքական ուժը,

 և վերջապես՝ կարո՞ղ է մի մարդ լինել չարիք, որի վերաբերյալ նման կարծիք են հայտնում այն մարդիկ, որոնց գործունեությունը միայն չարիք է բերել ժողովրդին:

Իհարկե, ո՛չ:

Հ.Գ. Ես որևէ քաղաքական նպատակ չունեմ, չեմ ձգտում որևէ պաշտոնի, քանի որ բավարարված եմ իմ փաստաբանական գործունեությամբ: Բացի այդ՝ ատում եմ քաղաքականությունն ու քաղաքական ներկայիս դեգրադացված համակարգը: Սակայն, ելնելով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տածած հարգանքից ու երախտագիտությունից, ես և իմ նման հազարավոր երիտասարդներ կանգնած ենք Գագիկ Ծառուկյանի կողքին և ձգտում ենք շրջել մեր երկրի պատմության այս իսկապես ամոթալի էջը և խափանել չարի իշխանությունը: Ինչքան էլ վարկաբեկեն նրան, ինչքան էլ փորձեն ճնշել, ես և իմ նման հազարավոր երիտասարդներ, հավատարիմ ենք մնալու Գագիկ Ծառուկյանին ու մեր ընդհանուր գործին:

ՄակարԵղիազարյան

փաստաբան

Այս խորագրի վերջին նյութերը