Խմբագրական

10.10.2009 12:20


Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա չէ

Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա չէ

Հայ-թուրքական գործընթացների հետ կապված՝ հայաստանյան քաղաքական դաշտը նոր կոնֆիգուրացիա է ստացել։ Քաղաքական ուժերը պայմանականորեն բաժանվել են երկու խմբի՝ «Քիրվայական» և  «Հայաստանակենտրոն»։ 

Դիտարկելով հիմնական խաղացողների վարքագիծը՝ կարող ենք հանգել հետևյալ եզրակացության. «Քիրվայական» կուսակցության կազմում են հայտնվել իշխող կոալիցիան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և  արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ համարվող ՀԱԿ-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ «Հայաստանակենտրոն» ուժերի լոկոմոտիվի գործառույթն այս պահին կատարում են ԱԺ ընդդիմադիր ուժերը՝ ՀՅԴ-ի գլխավորությամբ։ Մյուս կուսակցություններն ու անհատ գործիչները նույնպես տեղավորվում են նշածս երկբևեռ համակարգի այս կամ այն  կողմում։ Մնացած բաժանումները կեղծ են և միտված՝ գործող ռեժիմի «ֆուտբոլային» գիծը պաշտպանելուն։

Նրանք, ովքեր կողմ են հայ-թուրքական ներկա զարգացումներին՝ «Քիրվայական» կուսակցությունն են ներկայացնում և, ըստ էության, ողջունում են նախաստորագրված կամ արդեն ստորագրված արձանագրությունները, իսկ նրանք ովքեր դեմ են՝ ներկայացնում են հայաստանակենտրոն ուժերն ու հստակ «Ո՛չ» են ասում այդ արձանագրություններին։

Եթե «Ո՛չ»-ի կողմնակիցների թիմերում ներքին պառակտում չկա այս հարցում, ապա քիրվայականների մոտ պատկերը հստակ չէ։ Ե՛վ ՀՀԿ-ում,  և՛ ԲՀԿ-ում կա թաքնված  դիմադրություն Սերժ Սարգսյանին։ ՕԵԿ-ին չեմ  դիտարկում նախ այն պատճառով, որ դա արդեն «մեռած» կուսակցություն է և, բացի այդ, Արթուր Բաղդասարյանն ու իր թիմակիցները «Քիրվայական» կուսակցության քարոզն են իրականացնում ինքնամոռաց էնտուզիազմով։ Այսինքն Ս. Սարգսյանին  մոնոլիտ տեսքով միայն ՕԵԿ-ն է, որպես կոալիցիայի անդամ, միանշանակ աջակցում։

Քիրվայականության մյուս հոսանքը ներկայացնող ՀԱԿ-ում էլ պատկերը բավական աղճատված է։ Կոնգրեսում կան կազմակերպություններ և անհատներ, ովքեր հստակորեն դեմ են արտահայտվում տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության ծնունդ հանդիսացող  արձանագրություններին և դեմ են հայ-թուրքական այժմյան գործընթացն Արցախի հարցի հետ փոխկապակցելուն։ Մի կողմից մենք ՀԱԿ-ում ունենք Ժիրայր Սեֆիլյանի, Վահան Շիրխանյանի, Ալեքսանդր Արզումանյանի  և մյուսների տեսակետները, ովքեր Սարգսյանի «ֆուտբոլին» խայտառակ որակումներ են տալիս, իսկ մյուս կողմից՝ Սուրեն Սուրենյանցի և այլոց, ովքեր ողջունում են ՀՀ գործող նախագահի քայլերը և ավելի կրքոտ պաշտպանում վերջինիս, քան  դա անում են, ասենք, ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի ներկայացուցիչները։

Դատելով արձանագրությունների վերաբերյալ ՀԱԿ-ի հայտարարությունից՝ որտեղ, ըստ էության, կողմ էր արտահայտվում հայ-թուրքական ներկա գործընթացին և դրական տեղաշարժեր արձանագրվում այդ ուղղությամբ, ինչպես նաև հաշվի առնելով Լ. Տեր-Պետրոսյանի ելույթների փիլիսոփայությունը՝ կարելի է ասել, որ ՀՀ առաջին նախագահին առավել հոգեհարազատ են ՀԱԿ-ի հիմնասյուն կուսակցություններից մեկը ներկայացնող Սուրեն Սուրենյանցի մոտեցումները, ով առաջարկում է Ս. Սարգսյանին հայ-թուրքական թեմայով համագործակցել Տեր-Պետրոսյանի հետ։ Սուրենյանցն իր այդ կարծիքը հնչեցրել է մի շարք առիթներով ու քանի որ ՀԱԿ-ից հրապարակավ չեն ընդդիմացել դրան՝ կարող ենք եզրակացնել, որ Սուրենյանցն արտահայտում է տերպետրոսյանական տրամադրությունները։ Մանավանդ, եթե հիշենք, որ Տեր-Պետրոսյանը, մայիսի 1-ի հանրահավաքի իր ելույթում, նշեց, որ, բացի պատմաբանների հանձնաժողովի կետից, ինքը կողմ է հայ-թուրքական այս զարգացումներին և դրական է համարում այն, որ հայ-թուրքական հարաբերությունները շաղկապվել են Արցախի հարցի հետ։  Եթե պատմաբանների հանձնաժողովի այդ մեկ կետն իրենց համար այդքան սկզբունքային էր, ապա ՀԱԿ լիդերը պետք է հստակ ասեր, որ ինքը դեմ է արձանագրությունների ստորագրմանը, ինչը չի արվել։ Հնչեցված սահմռկեցուցիչ նախադասությունները, որոնք ավելի շատ վերլուծաբանին հարիր գնահատականներ են քան քաղաքական գործչին՝ լսարանի էմոցիոնալ ֆոնը պահելու համար են կամ էլ միամիտ ականջի։

Նույն Սուրենյանցի այն տեսակետը, թե ճիշտ կլիներ, որ Ս. Սարգսյաննն ու Լ. Տեր-Պետրոսյանը, քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո,  համագործակցեն՝ ամբողջովին համընկնում է ՀԱԿ-ի լիդերի այս տարվա մարտի  1-ի հանրահավաքում արված այն հայտարարությանը, թե իրենք, ժողովրդի հետ խորհրդակցելով, հնարավոր է, որ մաս կազմեն Սերժ Սարգսյանի կառավարությանը։ Թե ինչպե՞ս են ժողովրդի հետ խորհրդակցելու ՀԱԿ-ի տերպետրոսյանական թևի ներկայացուցիչները՝ դեռ հայտնի չէ և, հետևաբար,  դա զուտ տեխնոլոգիական հայտարարություն է։ Նույն այդ ժողովուրդը, նույն մարտի 1-ի հանրահավաքում ոգևորվեց, երբ Տեր-Պետրոսյանն օգտագործեց ապստամբություն, գրոհ և այլ նմանատիպ բառեր, բայց պարզվեց, որ ՀԱԿ առաջնորդը դա սխալ է համարում։ Իսկ երբ նա խոսում էր Սարգսյանի հետ ազգային փրկության կառավարություն կազմելու հավանականության մասին՝ հանրահավաքում քար լռություն էր տիրում։ Այսինքն ժողովուրդը չողջունեց ավազակապետական որակված իշխանության հետ համագործակցելու հնարավոր տարբերակը։ Այնպես որ ժողովրդի հետ խորհրդակցելու թեզը եթե նույնիսկ իրականություն դառնա, ապա լևոնական զանգվածը դրական պատասխան չի տա։

Ստացվում է հետաքրքիր պատկեր. Տեր-Պետրոսյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց վերջինիս վարած քաղաքականությանը, որն առնչվում է ազգային անվտանգության խնդիրներին, չի ընդդիմանում։ Հավանաբար՝ Տեր-Պետրոսյանը մտածել է, որ աշխարհի ջոջերն արդեն որոշել են հայ-թուրքական հարցը և ինքը, որպես պոտենցյալ իշխանություն, չարժե որ փչացնի իր «խաղաղասեր» իմիջն ու անցել է ընդհատակ։  Սպասում է։ Սպասում ու հարձակվում ցանկացածի վրա, ով արդարացիորեն կզբաղեցնի թափուր մնացած ընդդիմադիր տարածքը։

Եվ ամենակարևորը. Տեր-Պետրոսյանի կողմից ի սկզբանե հայտարարվում է, թե Ղարաբաղը ծախած-պրծած է ու ոչինչ հնարավոր չէ փոխել և որպես ասվածի ծանրակշիռ ապացույց նշվում է, որ Օբաման, Մեդվեդևը և Սարկոզին արդեն որոշել են։ Ուզում են ասել, թե «Ժողովու՛րդ,  Ղարաբաղն արդեն ծախած է կամ այդ փուլի մեջ է, թուրքերի հետ էլ քիրվայությունը մեր շահերից է բխում, բայց դա մենք պետք է անեինք, քանի որ քիրվայության գաղափարախոսը մենք ենք, ու Սերժ Սարգսյանը հիմա քաղաքական պլագիատով է  զբաղված։ Եվ հետևաբար՝ Սերժիկ, հեռացի՛ր»։ Պարզ աթոռակռիվ։

Նման մտածողությամբ երբեք ՀԱԿ-ի շուրջը կոնսոլիդացիա չի լինի։ Ավելին, խմորվող ազգային կոնսոլիդացիան կլինի քիրվայականության դեմ, նրանց դեմ ովքեր այսօր բնական դաշնակիցներ կարող են դառնալ քիրվայության հողի վրա։ «Սե լա վի»,- ինչպես ասում են ֆրանսիացիները։

Մենք հիմա, փաստորեն, քաղաքական նոր դաշտի ձևավորմանն ենք ականատես դառնում և այս ընթացքում վարկաբեկվում են և՛ քիրվայականության գաղափարախոսները, և՛ այդ  գաղափարախոսության  իրականացնողները։

Հայ-թուրքական ներկա գործընթացներին դեմ դուրս եկած Հայաստանի ու Սփյուռքի հայորդիները գործնականում ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա չէ։ Փարիզում ու Բեյրությում, Երևանում ու Դոնի Ռոստովում, Նյու Յորքում ու Լոս-Անջելոսում և այլուր համախմբված հայ ժողովուրդը ցույց տվեց, որ հանուն ազգային անվտանգության միշտ էլ միակամ է լինելու։ Այդպես եղավ 88–ի շարժման ու Արցախի պատերազմի ժամանակ, այդպես է լինելու նաև այսօր։ Ազգային գաղափարախոսությունը հենց պետության անվտանգությանն ուղղված քայլերի համախումբն է և դա վերացական հասկացություն չէ։ Իսկ նրանք ովքեր այս ամենը չեն հասկանում՝ կհայտնվեն պատմության աղբանոցում։

Անդրանիկ   Թևանյան

Հ.Գ.։ Իմ նախորդ հոդվածում նշել էի, որ Հայաստանն այժմ գտնվում է ազգային-դեմոկրատական փոփոխությունների շեմին։ Մեզ մոտ և Սփյուռքում սկսված համաժողովրդական ալիքը գալիս է հաստատելու այդ փոփոխությունների անխուսափելիությունն ու հաղթական ընթացքը։ Շուտով այս ամենին կմիանա նաև Արցախը, ու մարդիկ վերջապես առարկայորեն կտեսնեն, թե ինչ է նշանակում համաժողովրդական շարժում։ Եվ հիմա ով որ կհամարձակվի Սերժ Սարգսյանի «ֆուտբոլը» թողած՝ այս ալիքը իմիտացիա անվանել կամ իշխանության կողմից հովանավորվող՝ կամա, թե ակամա կկատարի 2008-ի Գեղամյանի ֆունկցիան և կվերածվի հաճախորդի։ Եթե հիմա նոր տիպի դհոլ դառնալու ցանկություն կա, ապա այդ պոտենցիալ ժողգործիքները կարող են հակաքարոզչություն իրականացնել թափ հավաքող համաժողովրդական ալիքի դեմ։ Բայց պետք է մեկ բան հաշվի առնեն. եթե դհոլին 2008-ի «ընտրություններից» հետո թույլատրվեց պտտվել հանրային խորհրդի շուրջ (բայց ներս չմտնել), Ս. Սարգսյանին քծնելու յուրօրինակ կասկադներ ցուցադրել և բավարարվել այդքանով, ապա նոր դհոլներն այդ շանսը հետագայում չեն ունենալու։

Այս խորագրի վերջին նյութերը