Մեկնաբանություն

29.01.2011 14:44


ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս չի գա, Սերժ Սարգսյանին էլ չի պաշտպանի

ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս չի գա, Սերժ Սարգսյանին էլ չի պաշտպանի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջիկա համագումարի շուրջ ինտրիգը շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Ինտրիգն այդ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն դուրս կգա՞ կոալիցիայից և արդյոք Գագիկ Ծառուկյանը կհայտարարի՞ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում սատարելու մասին։

Հետաքրքրականն այն է, որ այդ ինտրիգը ոչ թե ԲՀԿ-ից է շրջանառության մեջ դրվում, այլ Բաղրամյան 26-ից՝ Սերժ Սարգսյանի փեսա և համատեղությամբ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Պլաչիդո Դոմինգոյի երգարվեստի ֆանատ, ինչպես նաև հայկական տնտեսաքաղաքական դաշտի ծագող օլիգարխ և լևոնական կոչված մամուլի մեծ բարեկամ ու հովանավոր Միքայել Մինասյանի ուղղորդմամբ։

Ընդդիմադիր կոչված թերթերն ու կայքերը, ինչպես նաև դրանցում ներգրավված խիստ «ընդդիմադիր» աչոնիկները և ղարաբաղցի տարատեսակ «աստղիկսարգսյանները», որոնք իրենց աշխատավարձը վաղուց արդեն ստանում են վերը նշված ծագող օլիգարխից՝ Միքայելից, գրում ու գրում են, թե իրենց ունեցած տեղեկություններով ԲՀԿ-ում որոշել են դուրս գալ իշխող կոալիցիայի կազմից, քանի որ չեն պատրաստվում հայտարարել Սերժ Սարգսյանին աջակցելու մասին։ Այդ լուրերը շրջանառության մեջ դնելուն զուգահեռ՝  «լևոնականները» կանխատեսում են, թե դա տեղի չի ունենա, քանի որ ԲՀԿ-ում միայն ասում են, բայց ոչինչ չեն անում։ Այսինքն՝ իրենք գրում են, իրենք կանխատեսում, որպեսզի հետագայում իրենց գրածների հիման վրա էլ համապատասխան եզրակացություններ անեն ու դա մատուցեն որպես բացարձակ ճշմարտություն։ Այս ամենը նշանակում է, որ «լևոնականների» պատվիրատուները փորձում են հոգեբանական ու տեղեկատվական տեռորի ենթարկել կոալիցիոն «գործընկերոջը»՝ շատ լավ հասկանալով, որ ԲՀԿ-ին իրենց վերահսկողության տակ պահել չեն կարողանում,  գնացքն արդեն գնացել է և մնում է միայն «մուտիլովկաներով» զբաղվելը։

Փաստն այն է, որ ԲՀԿ-ն պաշտոնապես ոչինչ էլ չի հայտարարել, ավելի ճիշտ հայտարարել է, որ կոալիցիայից չի պատրաստվում դուրս գալ, իսկ  Սարգսյանին աջակցել-չաջակցելու հարցն էլ կորոշի խորհրդարանական ընտրություններից հետո։ Վերջ։

Ի դեպ, ԲՀԿ-ին յուրօրինակ շանտաժի ենթարկելու ձևերից մեկն էլ ԱԺ արտահերթ ընտրությունների թեման պարբերաբար դաշտ նետելն է, որը կրկին իրականացվում է «լևոնական», այն է՝  ծագող օլիգարխի մամուլի միջոցներով։ Այս առումով ՀԱԿ-ի և իշխանության ջահելական թևի (նրանց պայմանականորեն կարելի է անվանել նաև ժելեոտած մազերով տղերք)  PR-շահերը համընկնում են՝ այդտեղից բխող բոլոր հետաքրքիր նրբություններով։

Ամփոփելով ԲՀԿ-ի հետ կապված առաջիկա զարգացումների թեման՝ մի կանխատեսում էլ մենք անենք։ Եվ այսպես. փետրվարի կեսերին կայանալիք ԲՀԿ համագումարը կանցնի առանց սենսացիաների կամ էլ սենսացիաներով՝ նայած թե տվյալ դեպքում ի՞նչ ենք հասկանում «սենսացիա» բառի տակ։

Ըստ իս՝ սենսացիան կլինի այն, որ Գագիկ Ծառուկյանը համագումարի ժամանակ չի հայտարարի  2013-ին Սերժ Սարգսյանի թեկնածությունը  պաշտպանելու մասին, բայց կոալիցիայից էլ դուրս չի գա։ Ի՞նչ պակաս սենսացիա է որ։

Գագիկ Ծառուկյանին պետք է, որ ինքը մնա իշխանության ներսում ու ներսից իր գործն անի, ինչն էլ կամրագրվի ԲՀԿ համագումարում։ Իսկ թե հետագայում ինչպես կզարգանան իրադարձությունները՝  ցույց կտա ժամանակը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ուշագրավ է, որ ԲՀԿ-ի դեմ քարոզչական արշավում ներգրավված են ոչ միայն ծագող օլիգարխի հպատակության տակ հայտնված «լևոնական» մամուլի կարկառուն ներկայացուցիչները, այլ նաև լևոնական շրջանակը ներկայացնող քաղաքական կոչված գործիչները, ովքեր նույնպես Բաղրամյան 26-ի արտահաստիքային աշխատակիցներից են դարձել, բայց դեմքի պայքարող ու անկոտրում արտահայտությամբ ասուլիս ու հարցազրույց են տալիս «ոչ այդքան ազատ, բայց ահագին պատասխանատու» մամուլի միջոցներին ու բարձրաձայնում այն ամենն ինչ հրահանգվում է փեսայական թիմից։ Այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի «Եղիազար Այնթապցին ու էջմիածնական միաբանները» համագործակցության մոդելը, որի իրականացման համար այդքան պայքարում էր ՀԱԿ առաջնորդը, ինչ որ առումով կյանքի է կոչվել, բայց «խոխման» այն է, որ այդ գաղափարի հեղինակը, թերևս, դուրս է մնացել խաղից ու իր փոխարեն հաջողությամբ «միաբանություն» են անում իր երբեմնի ու գործող վկաները։

Ստացվում է, որ նորահայտ գեղամյաններն արդեն գործի են անցել. բացել են կայքեր ու աշխատացնում են թերթեր, որպեսզի կայանա այդքան երկար սպասված «երկխոսությունը» իշխանության և փողոցային ընդդիմության միջև։ Տեսնես Սերժ Սարգսյանն  ու Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյա՞կ են այս ամենից, կամ եթե տեղյակ են, ապա քյար ու փայ կա՞ իրենց, թե՞ «դվիժենին» այս ու այն կողմի ժելեոտածների ձեռքն է անցել և, հետևաբար, քյարն ու փայն էլ իրենց է միայն բաժին հասնում ու հասնելու ...

Այս խորագրի վերջին նյութերը