Մեկնաբանություն

13.04.2015 16:35


Ամերիկացի փեսայի հեղափոխական «մեսիջը»

Ամերիկացի փեսայի հեղափոխական «մեսիջը»

Քիմ Քարդաշյանի շուրջ ստեղծված աժիոտաժը և՛ բնական էր, և՛ արհեստական։ Լճացման մեջ գտնվող Հայաստանում այդպես էլ պետք է լիներ։

Վատ իմաստով ստանդարտների մեջ թաղված երկրում ոչ ստանդարտ վարգաքծով ու կյանքով ապրող մարդկանց մուտքն արդեն իսկ իրադարձություն է։ Համ էլ՝ սերիալ նայող մեր հանրության այդ հատվածի համար Քիմն իսկական գտածո էր՝ «Ֆիրմա» աչոնիկ, ով նաև համաշխարհային մակարդակով «ռասկրուտկա» արված հետույք ունի։

Քիմի ու նրա վավաշոտ հայացքով քրոջ ֆոնին երկրորդ պլան մղվեց աշխարհահռչակ ռեփեր Քանիե Ուեսթը՝ Քիմի ամուսինը։ Մինչդեռ, եթե աժիոտաժ պետք է լիներ, ապա այն պետք է պայմանավորված լիներ հենց Քանիեի՛ պահով, քանզի 21 «Գրեմմիի» արժանացած մարդ երկրագնդի վրա քիչ կա, կամ, ավելի ճիշտ, չկա (եթե սխալվում եմ, ապա ներող կլինեք)։

Ասելս այն է, որ ոչ թե Քանիեն է Քիմի ամուսինը, այլ վերջինս է նրա կինը, այսինքն՝ կինն ավելի փոքր աստղ է, քան ամուսինը։ Բայց դե, մերոնք փեսային երկրորդ պլան մղեցին ու սկսեցին հետապնդել միայն Քարդաշյաններին։

Քիմն, անշո՛ւշտ, իր գործն արեց։ Լեգիտիմություն ու հանրային ընդունելություն ունեցող գործիչների (քաղաքական, մշակութային, հասարակական և այլն) սուր դեֆիցիտի պայմաններում նա ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի յուրաքանչյուր մարդ իր ոլորտում։ Դա յուրօրինակ դաս էր և՛ շոու բիզնեսի մեր ներկայացուցիչների, և՛ քաղաքական գործիչների, և՛ մյուս ոլորտի մարդկանց համար։

Ոչ պակաս ուսուցողական էր նաև Քանիեի դասը։ Ամերիկացի փեսան համերգի ժամանակ շատ հետաքրքիր ձևով դուրս եկավ տեխնիկական խոտանի տակից։ Նա որոշեց այնպիսի շոու մատուցել, որ մարդկանց մոտ չհիշվի խոտանը, այլ նրանք մնան իր՝ ջրի մեջ թռնելու տպավորությունների տակ։ Կամ էլ՝ Քանիեն «էն գլխից» էր որոշել ջուրը թռնել ու Երևանի կենտրոնից գրավել աշխարհը։ Միգուցե նաև ցանկացել էր յուրօրինակ ձևով նվեր մատուցել Քիմին։

Ամեն դեպքում, շոուն ստացվեց։ Այն շատ խորհրդանշական էր։

Ջրի մեջ թռնելով և երկրպագուների հետ Կարապի լճում «սելֆի» անելով՝ աշխարհահռչակ ռեփերը ցույց տվեց, որ պետք է ջնջվեն սահմանները, և մարդիկ պետք է ազատ մտածեն։

Նաև ցույց տվեց, որ պետք է ջարդել կարծրատիպերն ու գնալ ընդունված կանոններին հակառակ։

Քանիեն այնպիսի քայլ արեց, որ ոստիկանները մի պահ շվարած էին ու չէին իմանում, թե ինչ անել։ Ոստիկանները, որ սովորել են կանոն ու վարքագիծ թելադրել մեր հանրությանը և ճնշել ազատության ցանկացած դրսևորում, ստիպված եղան ուրիշի կանոններով շարժվել։ Ոստիկանները ոչ ստանդարտ բանի էին հանդիպել ու շփոթված էին։

Քանիեն ջրի մեջ մտցրեց իր արվեստի երկրպագուներին ու ոստիկաններին։ Բայց եթե երկրպագուները դա արեցին ինքնաբուխ կերպով և մեծ հաճույքով, ապա ոստիկանները ստիպված թրջվեցին՝ անիծելով այն օրը, երբ Քիմի ու Քանիեի ոտքը մտավ հայի հողը։ Եթե ոստիկաններին մնար, ապա նրանք կկալանավորեին Քանիեին, քանզի նա ստանդարտից դուրս քայլ էր արել։ Բայց դե, այդ քայլն անողը դրսի մարդ էր ու հանրաճանաչ։ Դրա համար էլ ոստիկաններն իրենց թրջվելու հետ համակերպվեցին և լուռ տարան իրենց բաժին հասած փորձությունը։

Քանիեն հեղափոխություն արեց։ Նա հայաստանցիներին հասկացրեց, որ պետք է լավ իմաստով «պոֆիգիստ» լինել և թքել հաստատված նորմերի վրա՝ չենթարկվելով վերևից պարտադրված խաղի կանոններին։

Փոփոխությունների սուր կարիք ունեցող Հայաստանի համար դա լավ «մեսիջ» էր։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը