Լրահոս

30.04.2015 18:15


Զենքի գործադրմամբ ծանր հանցանք կատարելու մեջ մեղադրվողը կալանավորվել է

Զենքի գործադրմամբ ծանր հանցանք կատարելու մեջ մեղադրվողը կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արման Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով այն բանի համար, որ նա և եղբայրը «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի բակային հատվածում վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ: Կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Արման Ս.-ն և եղբայրը, տևական ժամանակ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը և հասարակության նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, մի շարք կողմնակի քաղաքացիների ներկայությամբ բարձրաձայն հայհոյել են բժշկին, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքով հարվածել են նրան, իսկ Արման Ս.-ն իր մոտ եղած զենքով՝ գազային ատրճանակով, կրակել է բժշկի դեմքին:

Հիշեցնենք, որ հիշյալ գիտական կենտրոնի աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ որոշման օրինականությունը ստուգվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից:

Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է և գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Արման Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը