Մեկնաբանություն

11.05.2015 12:00


«Ամենախելացի հաճախորդը»

«Ամենախելացի հաճախորդը»

«Ֆեյսբուքը» հեղեղված է «Ամենախելացին» հեռուստախաղի մասին ստատուսներով ու քոմենթներով։ Հերթական թամաշայի թեմա է նետվել տեղեկատվական դաշտ։

Խաղն այդ, ինչ «մեղքս» թաքցնեմ, չեմ նայել։ Պատճառն այն է, որ հեռուստացույց գրեթե չեմ նայում, իսկ եթե նայում եմ, ապա միայն ֆուտբոլային հանդիպումների համար, այն էլ՝ ոչ հայկական վայ մեկնաբանությամբ։

Տեղեկատվության աղբյուրս վաղուց համացանցն է։

Ճիշտ է, հանգամանքների բերումով Կրթության ու համ էլ գիտության նախարար դարձած Արմեն Աշոտյանի վարած այդ խաղը համացանցում կա, բայց երբ տեսա, թե ինչքան երկար է այն տևել, չուզեցա նայել։ Միայն սկիզբն եմ նայել, որպեսզի տեսնեմ, թե ում միջև է «Ամենախելացի լրագրող» մրցանակը խաղարկվել։ Հենց որ տեսա, անմիջապես մտքովս անցավ, որ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությունը ճիշտ կաներ, եթե կազմակերպեր «Ամենախելացի հաճախորդը» հեռուստախաղը, և տաղավար հրավիրեր բոլոր նրանց, ում այս վերջին տարիներին կարողացել է հաճախորդացնել Բաղրամյան 26–ը։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան ճղճղան ձայնով «թունդ հեղափոխական» ու «քաղաքացիական» կար՝ կլցվեին եթեր։

Լրատվական դաշտի առումով ամեն ինչ պարզ է։ ««Թունդ ընդդիմադիր», «անկախ» և «չեզոք» դեմքերին մանրամեծածախ գներով սեփականաշնորհել են ու հիմա «կայֆավատ են լինում» վրաները։ Մի քիչ ցինիզմ ու լկտիություն կա դրա մեջ, բայց դե, ինչ արած։

Լավ կլիներ, որ նույնը նաև «քաղաքական» կոչված դաշտի խելացիների մասնակցությամբ տեղի ունենար, և հաղորդումն էլ վարեր Գալուստ Սահակյանը, կամ էլ՝ Հովիկ Աբրահամյանը։ Հետաքրքիր կլիներ, եթե նրանց տված հարցերին պատասխանեին «բոցաշունչ հեղափոխականները», «արևմտամետները» կամ էլ ... Կարճ ասած՝ «ժողգործիքները»։

Հարցերը կարող ենք հուշել։ Օրինակ՝ ե՞րբ տեղի ունեցավ Արտաշես Գեղամյանի հետ գործարքը։ Պատասխանի չորս տարբերակներ՝ ա) «էն գլխից», բ) 2003–ին, գ) 2007–ին, դ) 2008–ին։

Կամ հետևյալ հարցը՝ ե՞րբ Արթուր Բաղդասարյանը դարձավ «ԱԽՔ»։ Պատասխանի տարբերակներ՝ ա) «էն գլխից», բ) ՕԵԿ–ի ստեղծման պահից, գ) 2008–ից, դ) ստույգ պատասխանը գիտեն միայն Արթուր Բաղդասարյանը և Սերժ Սարգսյանը։

Իսկ ամենաարդիական հարցը կլինի հետևյալը՝ ինչո՞ւ են նախաձեռնվել սահմանադրական փոփոխությունները։ Պատասխանի չորս տարբերակ՝ ա) որպեսզի վերացվի մեկ մարդու քաղաքական ապագայի խոչընդոտ հանդիսացող սահմանադրական նորմը, և լուծվի այդ մեկ մարդու՝ ցմահ իշխելու հարցը, բ) որպեսզի ապահովվի ՀՅԴ–ի՝ կոալիցիա մտնելու «ատմազկան», գ) որպեսզի Ալիևից մարդա մեկը հետ չմնա, դ) որպեսզի ապահով և իրավական Հայաստան ունենանք։

Ի դեպ, պատասխանի վերջին տարբերակն ընտրողին կարելի է անմիջապես հեռացնել տաղավարից և որակազրկել նրան, քանզի միայն «պրոֆնիգոդնի» հաճախորդը նման պատասխան կտա։

Կարելի է տաղավար հրավիրել նաև ՀՀԿ–ական որևէ ինտելեկտուալի և հարցնել՝ ո՞վ է 2000թ. պահանջել ՀՀԿ ներկայիս ղեկավար Սերժ Սարգսյանի հրաժարականը, և կասկածել նրան ՀՀԿ նախկին ղեկավար Վազգեն Սարգսյանի սպանության գործի քննությունը խոչընդոտելու մեջ։ Պատասխանի տարբերակներ չկան, քանզի հրաժարականի պահանջը ներկայացվել էր առանց այլընտրանքային տարբերակի։

Մի խոսքով, շոուն պետք է շարունակել։ Լյուստրացիան էլ՝ հետը։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Դատելով ամենից՝ հեռուստախաղին մասնակցածներից ոմանք դժգոհում են հեռուստախաղի հարցերի որակից, ինչպես նաև այն բանից, որ ֆեյսբուքներում անկապ բաներ են գրում մասնակիցների մասին։ Թող իզուր չդժգոհեն։ Դա գաղջ մթնոլորտի ձևավորման տեխնոլոգիայի կիրառումն է, երբ իշխանությունները կանչում են իրենց լրագրողներին հեռուստախաղի, նրանց հարցեր տալիս ու հետո իշխանամետ «ֆեյքերի» միջոցով «փչացնում» նույն այդ խաղի մասնակից լրագրողներին։

Իշխանությունները նման ձևով վարվում են նաև իրենց քաղաքական «թիմակիցների» հետ, ընդ որում՝ հեռուստախաղին մասնակցած որոշ լրագրողների միջոցով։ Այնպես որ, լրագրողները թող չդժգոհեն։ Նախագահականի թելադրած խաղի կանոնն է այդպիսին։

Ինչպես ասում են՝ «փչացի՛ր, փչացրո՛ւ»։

Այս խորագրի վերջին նյութերը