Մեկնաբանություն

12.05.2015 12:00


Թե չլինեին կինն ու ...

Թե չլինեին կինն ու ...

Իշխանական համակարգի ներսում շեքսպիրյան կրքեր են բորբոքվում։ Նաև՝ Հոբսի տեսությունն է բուռն կերպով կյանքի կոչվում, քանզի բոլորը բոլորի դեմ են դուրս եկել։

Պետությունը ներքին ու արտաքին «նախաձեռնողական» քաղաքականության արդյունքում լեշի է վերածվում, իսկ սրանք էժանագին ինքնագովազդով են զբաղվում։ Ուզում են իրենց երազած տղայի կերպարի մեջ մտնեն. փողին մուննաթ։

Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո առաջացած վակուումը հիմա փորձում են լցնել իշխանական տիրույթը ներկայացնող սուբյեկտները։ Ամեն մեկն իր խաղն է ուզում առաջ տանել, բայց, մեծ հաշվով, խաղ չկա, քանզի «նահապետը» մտադիր չէ հեռանալ, այլ հակառակը՝ ուզում է Սահմանադրությունը փոխել, որպեսզի մնա։ Մյուսներին վերապահված է շեղող ու տեսարան ապահովող գործառույթը։ Արդյունքում՝ քաղաքական աջափսանդալի ենք ականատես լինում։

Իշխանական տիրույթում ոմանք «ֆալշստարտի» մեջ են, ոմանք մարազմի մեջ են, ոմանք լուրջ են ընդունել իրենց վերապահված խամաճիկային դերը, իսկ ոմանք էլ գերի են դարձել կնանոնց հավակնություններին։ Մի խոսքով՝ «էպիկական» վիճակ է։

Իշխանությունները հաց չեն կարողանում ապահովել և ապավինել են միայն տեսարաններին, բայց դե, ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ։ Ցեղասպանությունը մեծ շուքով «տոնվեց», մայիսի 9–ին Սեյրանն ու Մանվելը մի քանի անգամ գրավեցին Բաքուն։ Վե՛րջ։ Էլ շոուի թեմա չմնաց։

Սկսվել է սահմանադրական թամաշայի փուլը։ Հաճախորդացվածները սպասում են իրենց նետվելիք բաժիններին ու շտապում արտահայտվել սահմանադրական փոփոխությունների թեմայով։

Դե, իսկ կնանոնց միջև հեռակա պատերազմը նոր երանգներ է ստանում։ Նրանք ուզում են «կինոյի միջի տղու» դերում իրենց ամուսիններին տեսնել, ու իրենք, բնականաբար, «կինոյի միջի աղջիկը» դառնալ։ Շատ զվարճալի թատրոն է։

Ինչպես նկատում եք, հանրությունը չկա իշխանական այս խաղի մեջ։ Հանրության անդամները կա՛մ լուռ հետևում են էժանագին այս թատրոնին, կա՛մ լուռ հեռանում են երկրից։ Եվ միայն քաղաքական փոփոխությունները կկարողանան բեկել վիճակը։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը