Մեկնաբանություն

18.05.2015 00:30


Ով կամ ինչը կդառնա օլիգարխիկ համակարգի զոհ

Ով կամ ինչը կդառնա օլիգարխիկ համակարգի զոհ

Մարդիկ կրկին վրդովվել են։ Պատճառը կրկին Սյունիքի մարզպետն ու նրա մերձավոր շրջապատն են։

Իշխանությունները լուր տարածեցին, որ մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը ներկայացել է ոստիկանություն։ Դա նշանակում է, որ մեկ շաբաթից ավել տևած կուլիսային բանակցությունները Լիսկայի ու նրա շեֆի միջև ավարտվել են։

Իրավապահ մարմիններին հանձնարարված է օբյեկտիվություն խաղալ ու սպասել հետագա հրահանգներին։

Թե կոնկրետ ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել նախագահական նստավայրն ու Սյունիքի մարզպետարանը տնօրինողների միջև, պարզ կդառնա շատ շուտով։

Մեկ բան միանշանակ է։ Լիսկային ահագին փողաթափ կանեն՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ։ Մնացածն արդեն «բազառի» ու ընթացիկ քաղաքական «մոմենտի» հարց է։

Մեր հանրության ակտիվ մասը պահանջում է վերջապես լուծել Լիսկայի ու նրա նմանների հարցերը։

Իշխանական քարոզչամեքենան լիսկաների հարցերի լուծումը մատուցում է որպես «հակաօլիգարխիկ» պայքար ու բարեփոխում։

Այն մասին, որ լիսկաների հարցերը պետք է լուծել, և կազմակերպել նրանց առերեսումը քրեական օրենսգրքի հետ, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բայց այստեղ առաջանում է գլխավոր հարցը՝ իսկ դատավորներն ովքե՞ր են։

Արդյոք լիսկաները մեր երկրում առկա արատավոր երևույթների պատճա՞ռն են, թե՞ հետևանքը։ Արդյոք լիսկաների հարցերը լուծելով մենք կարո՞ղ ենք դրական առաջընթաց ակնկալել, թե՞ լիսկաների հարցերի լուծումն անհրաժեշտ, բայց ամենևին էլ ոչ բավարար պայման է իրական բարեփոխումների և իրական առաջընթացի հասնելու համար։

Մեր կարծիքով՝ լիսկաները հետևանք են, և իրական բարեփոխումը լիսկաներին ծնող համակարգի վերացումը պետք է լինի։

Իշխանական քարոզչամեքենան նաև կեղծ կոդ է մատուցում, թե, իբր, լավ կլինի, որ չար ու հետադիմական օլիգարխներին փոխարինելու գան բարի և լուսավոր օլիգարխները։ Նկատենք, որ դա մեծագույն բլեֆ է, քանզի աշխարհի որևէ երկրում դեռ հանրությունը չի շահել սեփականության գերկենտրոնացվածության պայմաններում։

«Անկախ» լրատվամիջոցները Սերժ Սարգսյանին դիրքավորում են չարից ու բարուց անդին՝ հույս հայտնելով, որ նա բարի ու լուսավոր օլիգարխների վրա կհենվի: Նրանք ենթադրյալ այդ սցենարն ուզում են ներկայացնել որպես առաջընթաց։

Այդպիսով Հայաստանում քաղաքական ու տնտեսական դաշտում արձանագրվող զարգացումները փորձ է արվում հրամցնել որպես հակադիր տեսակների պայքար, որի իրական նպատակը, սակայն, բացարձակապես կապ չունի հանրային ու պետական շահի հետ։ Այսինքն, «տեսակների պայքարի» միջոցով կեղծ երկընտրանք է առաջարկվում, և արհեստական օրակարգ է փորձ արվում ձևավորել։

«Տեսակների պայքարի» իրական նպատակը սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման միջոցով «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելն է։ Հետևաբար, հանրային շահի առումով «տեսակների» պայքարից օգուտ չկա՝ վնասից բացի, քանզի մի քանի տասնյակ օդիոզների համակարգի փոխարեն եթե ստեղծվի «մեկ մարդու» համակարգ (ինչպիսին որ միջինասիական երկրներում կամ արաբական աշխարհում ենք հանդիպում), ապա դա շատ ավելի վատ արդյունքի կհանգեցնի, քան մենք ունենք հիմա։

Հարցն այն չէ, որ գործող համակարգը, որի ղեկավարն այժմ պահպանում է իր դիրքերը բացառապես լիսկաների և ուժային կառույցների շնորհիվ, պետք է շարունակի գործել։ Այս համակարգը չի կարող պահպանվել ցանկացած դասավորության դեպքում, քանզի դա չեն ուզում ո՛չ «վերևները», ո՛չ «ներքևները»։ Ոչ էլ, այսպես կոչված, օլիգարխները։

Սա միջանկյալ փուլ է։ Կա՛մ Հայաստանը լիսկաների օլիգարխիկ համակարգից կանցնի է՛լ ավելի հետադիմական համակարգի՝ սուլթանատի (սահմանադրական փոփոխությունները դրա համար են նախաձեռնվել), կա՛մ մենք կունենանք անցում դեպի բաց ու մրցակցային քաղաքատնտեսական համակարգ։ Ասել է թե՝ օլիգարխիկ համակարգից դեպի այլ տիպի հասարակական հարաբերությունների անցումը զոհեր է պահանջելու։

Եթե լինի առաջին տարբերակը, ապա շատ խելք պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ մեր երկիրը շատ ավելի մեծ տեմպերով մարդաթափ կլինի, ինչն էլ իր հերթին կդառնա ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդիր՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Հայաստանը, հետևաբար, դատապարտված է գնալ երկրորդ տարբերակով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը