Մեկնաբանություն

22.05.2015 11:15


Դոլարադրամային մեքենայություններ

Դոլարադրամային մեքենայություններ

Կենտրոնական բանկը բավական բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույք է հաստատել՝ 10,5%: Մեզ ուզում են հավաստիացնել, որ փողի բարձր գին սահմանելով՝ պայքարում են ինֆլյացիայի դեմ, բայց իրականությունն այլ է։

Մասնավոր բանկերը տարեկան դոլարային ավանդներ են ընդունում միջինը 7 տոկոսով, իսկ դրամական ավանդների տոկոսադրույքն առնվազն կրկնակի բարձր է։ Դա նշանակում է, որ ներգրավվող միջոցները չեն նախատեսված բիզնեսը վարկավորելու համար, քանզի բիզնեսը չի կարող այդպիսի վարկային բեռի տակ մտնել (մտնողները հիմա «ճկռում են» ու փակում բիզնեսները)։

Հարց է առաջանում, թե այդ դեպքում բանկերն ինչի՞ համար են ներգրավում ավանդներ, և ինչպե՞ս են վերադարձնելու նույն այդ ավանդները, եթե բիզնեսի համար վարկերի տրամադրումը գործնականում դադարեցվել է։

Պատասխանը շատ պարզ է։ Բանկերին փողը պետք է սպեկուլյացիոն գործարքների համար։ Խոսքս տարադրամի շուկայի մասին է։

Միայն սպեկուլյատիվ գործարքների դեպքում է հնարավոր ներգրավել բարձր տոկոսով ավանդներ և պտտեցնել դրանք։

Դե, իսկ սպեկուլյատիվ գործարքների լավագույն տարբերակը փոխարժեքային տատանումներն են։ Հենց դրան էլ մենք ականատեսն ենք դառնում պարբերաբար։ Այս պահին դրամի արժեվորման փուլ է եկել։

Դոլարի փոխարժեքը տոկոսային տատանումներ է տալիս կարճ ժամանակահատվածներում։ Առաջին հայացքից դա կարող է աննշան թվալ, բայց մեծ ծավալների դեպքում արդեն տատանումն էական է դառնում։

Ինքնին հասկանալի է, որ առանց ԿԲ–ի՝ այսպիսի մեքենայությունները հնարավոր չեն լինի։

Հասկանալի է նաև, որ ԿԲ–ն այս քաղաքականությունն իրականացնում է Բաղրամյան 26ի բարձր հովանու ներքո, քանզի դոլարադրամային մեքենայությունների հիմնական շահառուն այդ հասցեում է նստած։

Այսպիսով, բանկային համակարգը մեզանում սահուն կերպով վերածվել է գեղեցիկ «եվրառեմոնտով» «չենջի բուդկայի»։ Այն չի կատարում բիզնեսի վարկավորման գործառույթ, այլ ընդամենը դարձել է փոխանցումներ իրականացնող և տարադրամային շուկայում խաղերին մասնակցող օբյեկտ։

Դե, իսկ Կառավարության գործը եվրաբոնդերով ֆինանսական ծակուծուկերը փակելն ու Հայաստանին նոր պարտքերի տակ մտցնելն է։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը