Լրահոս

04.11.2009 08:37


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ևս կունենա ԵՄ խորհրդատու

Նոյեմբերի 3-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեի և Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության Գործառնական/ Հարևանության քաղաքականության բաժնի ղեկավար Ուֆֆե Հոլստ Յենսենին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափի՝ «Եվրանեսթ»-ի մեկնարկային համաժողովին և ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի նշանակմանն առնչվող հարցեր:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հյուրերին ներկայացրեց Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցած Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափի ստեղծման  մեկնարկային համաժողովի աշխատանքները: Նրա կարծիքով՝ ակտիվ է զարգանում Հայաստան-ԵՄ համագործակցությունը տարբեր ոլորտներում: Այս համատեքստում տիկին Զոհրաբյանը կարևորեց  ԵՄ-ին տարածաշրջանի քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման գործում Արևելյան գործընկերության նշանակությունը: Նա գտնում է, որ Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափը նոր բաժանարար գծեր չպետք է ստեղծի, այլ պետք է փորձի տարածաշրջանում նպաստել համագործակցությանը և զարգացմանը՝ քննարկելով ընդհանուր խնդիրներ, որոնք պարունակում են ընդհանուր շահ: Նրա գնահատմամբ՝  խորհրդարանական ձևաչափը կդատապարտվի անհաջողության, եթե փորձ արվի այդ ձևաչափ բերել տարածաշրջանային կոնֆլիկտներ: Հայաստանի համար կարևոր է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանական փորձը, որը, տիկին Զոհրաբյանի համոզմամբ, պիտի դառնա «Եվրանեսթ»-ի առանցքային բովանդակային բաղադրիչներից մեկը: Նա ցավում է, որ հարևան Ադրբեջանը ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում այդ հարցում՝ հայտարարելով, թե չի պատրաստվում Արևելյան գործընկերության ձևաչափում համագործակցել Հայաստանի հետ: Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով տապալվել է Ընդհանուր սահմանների կառավարման և բարեփոխման կոմիտեի աշխատանքները՝ տարածաշրջանային ընդհանուր ձևաչափից այն վերածելով Հայաստան-Վրաստան, Վրաստան-Ադրբեջան երկկողմ  ձևաչափի՝ կորցնելով իր հիմնական նշանակությունը, այն է՝ խթանել տարածաշրջանում համագործակցությունը: Ադրբեջանի ներկայացուցիչը Ստոկհոլմում ևս ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել՝ պահանջելով «Եվրանեսթ»-ում քննարկել տարածաշրջանային կոնֆլիկտներ, մասնավորապես ԼՂ հիմնախնդիրը: Տիկին Զոհրաբյանն արձանագրեց, որ ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվում է Մինսկի խումբը և հայկական կողմի համար ընդունելի չէ հարցը այլ ձևաչափ տեղափոխելը:

«Մենք բաց ենք տարածաշրջանային համագործակցության համար, կողմ ենք ընդհանուր խնդիրներ գտնելուն և կտրականապես դեմ ենք այնպիսի հարցերի, որոնք տարածաշրջանում կարող են ստեղծել նոր բաժանարար գծեր»,- փաստեց տիկին Զոհրաբյանը՝ այս առումով կարևորելով խորհրդարանների դերը, որովհետև խորհրդարանները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Արևելյան գործընկերության ձևաչափով հաստատված պլատֆորմների առաջ մղման գործում: Նա հուսով է, որ «Եվրանեսթը» լուրջ խթան կհանդիսանա ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրման հարցում:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի նշանակման խնդրին՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարևորեց, որ թեև ուշացումով, բայց ՀՀ ԱԺ-ն ևս կունենա ԵՄ խորհրդատու, քանի որ եվրոպական ինտեգրման կարևոր խնդիրներից է ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափորոշիչներին: Նա գտնում է, որ այս հարցում խորհրդատուի դերակատարությունը և օժանդակությունը մեծ է լինելու: Տիկին Զոհրաբյանը վստահ է նաև, որ արդյունավետ է լինելու խորհրդատուի աշխատանքը թե՛ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի, թե խորհրդարանի հետ համագործակցության տեսանկյունից:

ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն և Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության Գործառնական/ Հարևանության քաղաքականության բաժնի ղեկավար Ուֆֆե Հոլստ Յենսենը, շնորհակալություն հայտնելով տիկին Զոհրաբյանին Եվրանեսթի աշխատանքները մանրամասն ներկայացնելու համար, անդրադարձան ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի նշանակմանն առնչվող հարցերի: Նրանք տեղեկացրին, որ նշանակված երկու խորհրդատուները ունեն խորհրդարանական բազմամյա փորձ: ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն տեղեկացրեց, որ USAID-ին ևս խորհրդատու կտրամադրի խորհրդարանին, իբրև դոնոր կազմակերպություններ նա մատնանշեց ԵԱՀԿ-ն և GTZ-ը, որոնք ևս մտադրություն ունեն աջակցություն ցուցաբերել այս հարցում: Նա կարևորեց երեք կառույցների աշխատանքի համակարգումը՝ կրկնողություններից խուսափելու համար:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ ԵՄ խորհրդատուի ներկայությունը կնպաստի հետագա համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Այս խորագրի վերջին նյութերը