Լրահոս

04.11.2009 12:48


Զինված ուժերում ծառայելու ցանկություն հայտնելու դեպքում մեղադրյալ-զորակոչիկները կազատվեն քրեական պատասխանատվությունից

Հայաստանի  Հանրապետության  Նախագահը  2009 թվականի  սեպտեմբերի 25-ին  հրամանագիր է ստորագրել  2009թ.  հոկտեմբեր-դեկտեմբեր  ամիսներին  2009 թվականի  պարտադիր  զինվորական  և  այլընտրանքային ծառայությունների  գարնանային զորակոչ  անցկացնելու  և  զորացրում  կատարելու  մասին:  ՀՀ  զինված  ուժեր  են  զորակոչվելու  արական սեռի  այն ՀՀ քաղաքացիները, որոնց 18  տարին   լրացել է   մինչև  զորակոչի  օրը,  ինչպես նաև  27  տարին չլրացած  այն  քաղաքացիները, ովքեր կորցրել են  նախկինում   ստացած  պարտադիր  զինվորական ծառայության   զորակոչից  տարկետման  իրավունքը:

ՀՀ ոստիկանության համակարգի քննիչների վարույթներում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և քննվող բազմաթիվ քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

ՀՀ գլխավոր  դատախազի  կողմից  ցուցում է  տրվել  մարզերի  և  համայնքների  դատախազներին'  անհապաղ  փոխել  ընտրված  խափանման  միջոց  կալանավորումը,  դադարեցնել  հետախուզումը և  քրեական  հետապնդումը  այն  զորակոչիկ մեղադրյալների  նկատմամբ, ովքեր  զորակոչի  ընթացքում  կամովին կներկայանան  ոստիկանություն  կամ  զինկոմիսարիատ  և  ցանկություն   կհայտնեն  ծառայելու  ՀՀ  զինված  ուժերում:

2007թ. փետրվարի 26-ին ընդունված  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ  հոդվածի  համաձայն, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիությունից բացի,  ունի  նաև այլ  պետության (երկրների) քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է  միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության  քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու  պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ  գլխավոր  դատախազությունը  դիմում է հետախուզման  մեջ  գտնվող  զորակոչիկներին՝ օգտվել  ընձեռված   հնարավորությունից,  կատարել  հայրենիքի  և  ժողովրդի  հանդեպ  սահմանադրական  պարտքը,  ձերբազատվել  հետախուզվող  մեղադրյալի  կարգավիճակից,  հպարտորեն կրել մեր  անկախ և  ազատ  հայրենիքի  քաղաքացին  և  զինվորը  լինելու  բարձր  կոչումը:

Դիմում ենք նաև  զորակոչիկների  ծնողներին՝ աջակցել  օտար  ափերից  իրենց  որդիների  վերադարձին,  նրանցից  թոթափել  թաքնվելու  նվաստացուցիչ  զգացումը,  նպաստել  նրանց  հետագա  առողջ  ֆիզիկական  ու  հոգեկան  դաստիարակությանը,  որպեսզի  նրանց  որդիները  հնարավորություն  ունենան,  ծառայությունը պատվով  ավարտելուց  հետո,  արժանապատիվ  ապրել և  արարել  հայրենի  հողի  վրա:

Քրեական  հետապնդում  չի  իրականացվի  նաև  այն  անձանց  նկատմամբ,  ովքեր «Այլընտրանքային  ծառայության  մասին»  ՀՀ  օրենքով  նախատեսված  կարգով  ցանկություն   կհայտնեն  մեկնելու  այլընտրանքային   աշխատանքային    ծառայության  վայրեր՝  հայրենիքի  առջև  իրենց  քաղաքացիական  պարտքը  կատարելու  համար:

 

«Սահմանված  կարգի  խախտմամբ  պարտադիր  զինվորական  ծառայություն   չանցած  քաղաքացիների  մասին»  ՀՀ  օրենքը   նույնպես նախատեսում է  հետախուզման մեջ գտնվող անձանց հետախուզումը և քրեական հետապնդումը դադարեցնելու կարգ: Օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թ. աշնանային զորակոչից մինչև 2009թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված  (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա: Հիշյալ անձանց, օրենքով  սահմանված  վճարները  մուծելուց  հետո,  մեկամսյա  ժամկետում  տրվում է  իրենց  նկատմամբ  հարուցված  քրեական հետապնդումը   դադարեցնելու   մասին  վարույթն  իրականացնող  քննչական  մարմնի  որոշումը,  ինչպես  նաև  նրանք ստանում են   զինվորական  գրքույկ  և  հաշվառվում   պահեստազորում:

Անհրաժեշտ  տեղեկությունների  և  աջակցություն  ստանալու  համար  կարող  եք   զանգահարել  511-533  հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը