Լրահոս

29.05.2015 21:49


Սպանություն Դուբայում՝ ադամանդներ հափշտակելու նպատակով

Սպանություն Դուբայում՝ ադամանդներ հափշտակելու նպատակով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խումբ ստեղծելու և դրա կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն, շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն, խոշոր չափերով ապրանքների մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի 35-ամյա բնակիչը հաճախակի արտագնա աշխատանքի է մեկնել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք, որտեղ զբաղվել է ադամանդների առք ու վաճառքով և գործնական հարաբերություններ հաստատել Դուբայի «Դեյրա» թաղամասի ոսկու առևտրի կենտրոնում գործող ադամանդների վաճառքով զբաղվող մի ընկերության գրասենյակի աշխատակից, Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիի հետ:

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ առանձնապես խոշոր չափերով ադամանդ հափշտակելու նպատակով վերջինիս սպանելու և ադամանդները մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու նպատակով տղամարդը ձևավորել է կազմակերպված խումբ՝ ընդգրկելով հորեղբոր 24-ամյա որդուն ու վերջինիս 26-ամյա ընկերոջը։

Խմբի 2 անդամները 2014 թվականի հունվարին մեկնել են Դուբայ և բնակվել 35-ամյա երևանցու հետ՝ վերջինիս վարձակալած հյուրանոցային համարում։ Միմյանց միջև նախապես կատարված դերաբաշխման համաձայն՝ 35-ամյա տղամարդն իր հորեղբոր որդու հետ ընկերության գրասենյակում հանդիպել են Սալոնկիի հետ և պատվիրել ադամանդներ՝ պայմանավորվելով առք ու վաճառքի գործարքը կատարել 2014թ. հունվարի 22-ի երեկոյան:

Ծրագրված հանցագործության հետքերը թաքցնելու, իրենց փախուստն արագ և անվտանգ կազմակերպելու նպատակով խմբի անդամները 2014թ. հունվարի 22-ի առավոտյան հանձնել են հյուրանոցի համարը և նույն օրը համար ամրագրել նշված «Դեյրա» թաղամասում գործող ոսկու առևտրի կենտրոնի մոտ գտնվող մեկ այլ հյուրանոցում։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նույն օրը՝ ժամը 20:15-ին, կազմակերպված խմբի անդամներից 2-ը գնացել են ոսկու առևտրի կենտրոն՝ ադամանդները տեսնելու և զննելու պատրվակով:

Նախապես մշակված պլանի համաձայն՝ ադամանդները հափշտակելու նպատակով հարձակում են գործել Սալոնկիի վրա, մեխանիկական շնչահեղձության եղանակով ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել նրան և հափշտակել առանձնապես խոշոր չափերի` 691.883.000 ՀՀ դրամին համարժեք 1.700.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, 6.800 կարատ տարբեր գույների ադամանդներ:

Քննության տվյալներով՝ առևտրի կենտրոնի շենքից նրանք դուրս են եկել ժամը 21:31-ին, հանդիպել հանցագործության դեպքի վայրից քիչ հեռու իրենց սպասող՝ խմբի երրորդ անդամին և նրան փոխանցել հափշտակած ադամանդները: Վերջինս ժամը 21:40-ին գնացել է հյուրանոց, հափշտակած ադամանդյա քարերը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխելու նպատակով լցրել տարբեր տեսակի օճառահեղուկի շշերի մեջ և տեղավորել 35-ամյա տղամարդու ճամպրուկի մեջ, ապա, վերցնելով ճամպրուկները, ժամը 21:55-ին հանձնել է հյուրանոցային համարը ու նախապես պայմանավորված վայրում հանդիպել հորեղբոր որդուն՝ 35-ամյա տղամարդուն, և իր ընկերոջը։

Խմբի անդամները Երևան են ժամանել 2014թ. հունվարի 23-ին` ժամը 10:26-ին, Դուբայ-Երևան թիվ 715 չվերթով։ Ադամանդների մի մասը հայտնաբերվել է Զվարթնոց մաքսատան մաքսային հսկողության գոտով անցկացնելու ժամանակ՝ 35-ամյա տղամարդու ուղեբեռի զննությամբ։

Արաբական Միացյալ Էմիրությունների իրավասու մարմինների կողմից 2014 թվականին միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ 2014 թ. հունվարի 22-ին Արաբական Միացյան Էմիրությունների Դուբայ քաղաքում Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիի վրա հարձակվելու և սպանելու, ադամանդներ հափշտակելու մեղադրանքով ՀՀ երեք քաղաքացիներին հանձնելու վերաբերյալ, ինչը ՀՀ գլխավոր դատախազի՝ 13.03.2014թ. որոշմամբ մերժվել է: Քրեական գործը հարուցվել և նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական մարմինների վարույթում։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՀՀ երեք քաղաքացու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերի, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 215-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը