Մեկնաբանություն

04.06.2015 00:05


«Գրագետների» և «անգրագետների» անխախտ միասնությունն ու հանրության անելիքը

«Գրագետների» և «անգրագետների» անխախտ միասնությունն ու հանրության անելիքը

Անգրագետ մարդիկ վտանգավոր չեն։ Վտանգավոր են կիսագրագետները, որոնք իրենց գրագետ են համարում ու սկսում են սեփական բարդույթներից ձերբազատման գործընթացը՝ որպես թիրախ ընտրելով հանրությանը։

Հայաստանում մի պահ հայտարարվեց, թե բա՝ գրագետներով դուրս ենք գալու անգրագետների դեմ, ու վիճակը փոխենք, բայց Աբովյանում քաղաքապետի թեկնածու առաջադրված Պալաչը պայթեցրեց այդ քարոզչական «փուչիկը»։

Հիմա քաղաքական ու արտաքաղաքական կոնյունկտուրան ստիպել է «գրագետներին», այն է՝ կիսագրագետներին, սատարել «անգրագետին», այն է՝ կիսաանգրագետին։ Այդ գործում «գրագետներին» միացել է նաև խիստ «անկախ» և «թունդ արևմտամետ» մամուլը։

Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ «գրագետներով» հավաքված մտածում են, թե ինչպես ջրից չոր դուրս բերեն «անգրագետ» Լիսկային ու նրա որդուն, ապա պատկերը կամբողջանա։ Ու պարզ կերևա, որ «գրագետների» ու «անգրագետների» բաժանումը պայմանական է։

Պարզ կերևա նաև այն, որ պայմանական այդ բաժանումն առաջացել է սեփականության նկատմամբ դիրքորոշումից։ «Անգրագետները» մի քիչ շուտ են սեփականություն ձեռք գցել, և ահա «գրագետներն» ուզում են խլել այդ սեփականությունը։ «Գրագետներն» ուզում են խլել սեփականությունն «անգրագետներից»՝ նեոբոլշևիկյան այդ գործընթացը ներկայացնելով որպես բարեշրջում։

Հարկ է, հետևաբար, հստակ արձանագրել, որ «գրագետների» և «անգրագետների» բախումը հանրային շահի սպասարկման համար չէ։

Ի դեպ, «գրագետները» շատ ավելի մեծ վնաս են հասցնում ՀՀ–ին ու ՀՀ քաղաքացուն, քան «անգրագետները», քանզի վերջիններս չեն հավակնում համապետական մասշտաբի գործունեություն իրականացնել, իսկ ահա «գրագետները» հանցավոր ինքնավստահությամբ ուզում են տրանսֆորմացնել եղած–չեղածը։ Ու քանի որ «գրագետները» կիսագրագետ են, պատուհաս են դառնում երկրի ու ժողովրդի գլխին։

Ասվածից, իհարկե, չի բխում, որ պետք է հանրությունը որևէ մեկի կողմն անցնելու որոշում կայացնի։ Դրանք երկուսն էլ նույն տեսակի տարբեր ենթատեսակներն են և իրար արժեն։ Պարզապես պետք է ճիշտ գնահատել դրանցից յուրաքանչյուրի վտանգավորության չափն ու դրական փոփոխությունների հասնելու նպատակով այս երկուսից դուրս ուժ ձևավորել՝ օգտագործելով «գրագետների» և «անգրագետների» ներտեսակային պայքարն իրենց իսկ դեմ։

Ժամանակը սուղ է։ Բայց դե, գաղափարի առկայության ու հստակ նպատակադրման պարագայում ամեն ինչ հնարավոր է։ Բա հո չե՞նք թողնելու, որ «գրագետները» Հայաստանն ավերեն։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը